Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվեց «Ժողովուրդ»-ի հակընդդեմ հայցը Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի դեմ: Մարզպետի փաստաբանի հարցին, թե ինչու է օրաթերթը մարզպետից 1 լումա պահանջում, «Ժողովուրդ»-ի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատասխանեց, որ այդ կերպ օրաթերթը մարզպետին «ձեռք է առնում»:
Նախ մի քանի բառով հիշեցնենք, թե «Ժողովուրդ»-ն ինչու էր հակընդդեմ հայց ներկայացրել մարզպետի դեմ: Դեռեւս անցած տարվա հոկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով 3000 դոլար կաշառք է վերցրել` դպրոցի պատմության ուսուցչի քննության ժամանակ Թորոսյանի մրցակցին անցկացնելու համար: Ահա այս հրապարակման համար մարզպետը «Ժողովուրդ»-ից պահանջում է 2,5 մլն դրամ` իրեն զրպարտելու եւ վիրավորելու դիմաց, իսկ օրաթերթը հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում եւ սիմվոլիկ` մեկ լումայի փոխհատուցում:
Նշենք, որ երեկ եւս չէր ներկայացել որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը, սակայն կողմերը չառարկեցին եւ առանց նրա շարունակեցին դատական նիստը: «Ժողովուրդ»-ի շահերի պաշտպան Հակոբ Ճարոյանը նախ ներկայացրեց թերթի հակընդդեմ հայցը: Փաստաբանը նշեց, որ հոդվածը հրապարակվելուց հետո Պողոսյանը չի դիմել իրավապահ մարմիններին, չի տեղակացրել, որ Աննա Թորոսյանը կամ «Ժողովուրդ» թերթը զրպարտել կամ մեղադրել են իրեն ծանր հանցագործության մեջ: «Վերջինս նման քայլի չի դիմել, քանի որ վախեցել է, որ նյութերի նախապատրաստման ընթացքում կբացահայտվի, որ կաշառք է վերցրել: Փոխանակ նման քայլի գնալու, Պողոսյանը փորձել է «Ժողովուրդ» օրաթերթին դատի տալու միջոցով զրպարտել, վիրավորել եւ քննադատել օրաթերթի գործունեությունը: Ինքը փորձել է այդ կերպ գումար աշխատել, քանի որ եթե մարզպետին հետաքրքրում է իր պատիվն ու արժանապատվությունը, ապա ինքը չէր ընկնելու գումարի հետեւից, այսինքն` երեւում է, որ մարզպետն այս կերպ փորձում է որոշակի գումար աշխատել: Կա նաեւ մի տարբերակ, որ բացի գումար աշխատելուց, մարզպետը նաեւ որոշակի մարդկանց առջեւ արդարանալու խնդիր ունի եւ դատի է տվել օրաթերթին` նրանց ապացուցելու համար, որ ինքը ճիշտ է: Մարզպետի վերաբերյալ ինֆորմացիա տրամադրել է Աննա Թորոսյանը, սակայն Պողոսյանը նրանից ոչինչ չի պահանջում, այստեղից կարելի է եզրակացնել, որ այս կերպ մարզպետը փորձում է օրաթերթի գործունեությունը սահմանափակել»,-նշեց Ճարոյանը:
Նա հավելեց, որ ի տարբերություն մարզպետի, վերջինիս դեմ հակընդդեմ հայցով հանդես գալը թերթի համար ոչ թե գումար աշխատելու հնարավորություն է, այլեւ 1 լումայի սիմվոլիկ պահանջի միջոցով ավելի շատ մարզպետին «ձեռք առնելու ձեւ»: «Ժողովուրդ»-ը դատարանի միջոցով պարտադրում է մարզպետին տպագրել հետեւյալ տեքստը. «Ես` Նվեր Պողոսյանս, ներողություն եմ խնդրում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանից եւ աշխատակազմից` նրանց պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու համար»:
Հակընդդեմ հայցի պահանջը ներկայացնելուց հետո Ճարոյանին հարցեր ուղղեցին Պողոսյանի փաստաբանները: Վերջիններս շատ էին «վիրավորվել» այն բանի համար, որ «Ժողովուրդ»-ը մարզպետից մեկ լումա է պահանջել` նրան «ձեռք առնելու համար»: Մարզպետի փաստաբանները ցանկացան իմանալ` արդյո՞ք նախորդ հոդվածը, որը հրապարակվել է թերթում, եւս մարզպետին «ձեռք առնելու համար չէ»: Փաստաբան Ճարոյանն ասաց, որ նման իրավիճակ ստեղծվել է այն պահին, երբ հասկացել են, որ մարզպետը գումար աշխատելու նպատակով է թերթին դատի տվել, որի ապացույցը նաեւ այն է, որ անգամ իր փաստաբանների ծախսերը հոգալու գումարը մարզպետը պահանջել է օրաթերթից:
Պողոսյանի փաստաբանը հարց ուղղեց, թե արդյոք «ձեռք առնելը եւս վիրավորանք չէ», իսկ «Ժողովուրդ»-ի շահերի պաշտպանն ասաց, որ այդ դեպքում էլ կարող են դատի տալ, եւ դատարանը կորոշի` դա վիրավորանք է, թե ոչ: Մարզպետի փաստաբանների համար անհասկանալի էր նաեւ այն, թե հակընդդեմ հայցով ինչու է պահանջվում ներողություն խնդրել Թ.Թովմասյանից եւ աշխատակազմից: Ճարոյանը պարզաբանեց, որ մարզպետը վիրավորել եւ զրպարտել է «Ժողովուրդ»-ի խմբագրին եւ աշխատակազմին` հայտարարելով, թե թերթը ստահոդ տեղեկություններ է տարածել:
Հարցերի ավարտից հետո որոշվեց դատական հաջորդ նիստը շարունակել մարտի 6-ին` ժամը 15:00-ին, ինչը հերթական անգամ սթրեսի մեջ գցեց Նվեր Պողոսյանի փաստաբաններին, որոնք ամեն կերպ ջանում են դատական նիստերն արագացված ձեւով ավարտել:
ՄԱՐԶՊԵՏՆ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ