Ավիատոմսեր վաճառող երևանյան գրասենյակները չեն հաստատում տեղեկությունները, թե վերջին շրջանում, հատկապես` Ռուսաստան ուղևորափոխադրումների գները բարձրացել են:
Տարվա այս հատվածում, ելնելով զբոսաշրջային սեզոնի ակտիվությունից, բոլոր ուղղություններով ավիատոմսերի ամենաբարձր գինն է սովորաբար արձանագրվում, և դրանք ավելի բարձրացնելու հատուկ պատճառ փոխադրողներն այս պահին չեն հայտնում:
Գրասենյակներից մեկը Armlur.am-ին տեղեկացրեց, որ գների ժամանակավոր բարձրացում իսկապես եղել է, բայց տոմսերի գնաճ արձանագրվել է նախորդ ամիս, երբ Լարսի ավտոճանապարհն էր փակվել:
Ավիատոմսեր վաճառող մեկ այլ ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահի դրությամբ Երևան-Մոսկվա չվերթի գինը 90 հազար դրամ է, իսկ շտապ մեկնել ցանկացողներին այն կվաճառվի 96-110 հազար դրամով: «Նույնը Կրասնոդարի դեպքում է. եթե վաղը ուզենաք թռչել, մինիմալը 40 հազար է, վաղը կլինի 80 հազար: Նույնը՝ Սոչիի դեպքում»,- հայտնեց ընկերության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` ավիատոմսերի գները, մասնավորապես՝ Երևան-Մոսկվա չվերթինը, բարձրացել են:
Տաթև Հարությունյան