ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հրապարակված «387 զանգ «թեժ» 116-ին» հոդվածին շատ բուռն են արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում: Նրանք սկսել են զանգել եւ զրուցել այն ՀԿ ներկայացուցիչների հետ, որոնց կարծիքը տպագրել էինք թերթում, եւ որոնք պնդում էին, որ Կարեն Անդրեասյանի գլխավորած կառույցը մատնված է անգործության: Սա մի կողմից ողջունելի է, որ գրասենյակում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք մտահոգված են, որ կառույցի նկատմամբ կա անվստահություն, սակայն մյուս կողմից ուշագրավ է, թե նրանց հատկապես ինչն է անհանգստացրել հրապարակման մեջ: Պարզվում է, ոչ թե բովանդակությունն է հուզել, մեղադրանքները, այլ այն, որ ՀԿ ներկայացուցիչը շեշտել է, որ ինքը 387 անգամ զանգել է թեժ գծին: Եւ ահա, ՄԻՊ գրասենյակից զանգում են թեժ գծից դժգոհող քաղաքացուն եւ հարցնում` արդյո՞ք նա իսկապես 387 անգամ է հավաքել 116 համարը, թե՞ ավելի քիչ: «Երեխաների հասարակություն» ՄՁԱԿՀԿ նախագահ Արա Սուքիասյանն էլ խնդրեց պարզաբանել հետեւյալը, որ ինքը 387 ասել է` նկատի ունենալով, որ շատ է զանգել, իսկ թիվը սիմվոլիկ է օգտագործել. «Նախ տարակուսեցի, որ ամբողջ էդ արտահայտության մեջ իրենց անհանգստացրել էր միայն այդ 387 թիվը: Ուզում էի իրենց ուշադրությունը շեղել այդ թվից, դա ընդամենը նշանակում է շատ, փոխաբերական արտահայտություն է, ճարտասանական հնարք: Ոչ թե հերքում եմ, այլ պարզաբանում` 387 անգամ չեմ զանգել, բայց շատ եմ զանգել: Նորմայից ավել: Ընդ որում, մենակ ես չէ, որ փորձել եմ իրենց հետ կապ հաստատել: Իմ ներկայությամբ «Սախարովի» կենտրոնի իրավապաշտպաններն են փորձել, «Երիտասարդ իրավաբաններն» են զանգել եւ այդպես շարունակ: Այսինքն` շատ են  զանգել: Անունը թեժ գիծ է, եւ այդ թեժ գիծը պետք է առաջին իսկ զանգից արձագանքի զանգողին, բայց դա չի եղել: Նորման մեկ անգամն է, մի քանի անգամը թեժ գծի համար աննորմալ է»: Նա նաեւ փոխանցեց, որ իրենք` ՀԿ ներկայացուցիչները, ցանկանում են աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ եւ ցանկանում են նաեւ, որ իրենց քննադատությունները հիվանդագին չընդունվեն, այլ այս ամենը նպաստի ՄԻՊ-ՀԿ-ներ նորմալ եւ արդյունավետ համագործակցությանը:
Հ.Գ. Ոչ թե 387, այլ 569 անգամ ես` Արմենուհի Վարդանյանս, զանգահարել եմ 116 համարին: Այն չի գործում: Եթե ՄԻՊ աշխատակիցները կասկածում են, նրանց հրավիրում ենք Գյումրի եւ առաջարկում հավաքել 116 «թեժ» համարը, հավաքել 1.000 անգամ, միեւնույն է, այն չի գործում, գոնե Գյումրիում: Գուցե երեւանցիների համար այն հասանելի է, ո՞վ գիտե: Այնպես որ, թվերի հետեւից ընկնելու զբաղվելու փոխարեն, Մարդու իրավունքների պաշտպանն, ավելի լավ կլինի, ռեալ գործով զբաղվի:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս