«ՊԼԱՍՏՄԱՍՍԵ» ՇՇԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդի տարածաշրջանի  «Մեհրաբ» զորամասի պայմանագրային զինծառայող,  լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով փետրվարի 28-ի դատական  նիստին ներկա  էին  5 ամբաստանյալները` գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, ավագ լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, ժամկետային զինծառայողներ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը, Հարութիկ Կիրակոսյանը, մեղադրողներ Հայկ Հարոյանը եւ Հարություն Հարությունյանը, ամբաստանյալների պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը, Լեւոն Պողոսյանը, Ալվարդ Մնացականյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը եւ վերջինիս ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Բացակայում էին փաստաբան Մուշեղ Շուշանյանը, պաշտպան  Ազատ Շահբազյանը:  Չնայած այս գործը հասարակական մեծ արձագանք է ստացել, սակայն  լրատվամիջոցները դատարան թղթակից չեն ուղարկում, նիստին ներկա միակ լրագրողը տողերիս հեղինակն էր: Նիստի սկզբում ներկայացվեցին գործով առանցքային վկա Արման Մնացականյանի նախաքննական ցուցմունքներով տեսաերիզները: Վերջինս հիվանդության պատճառով չի ներկայանում դատին: Պաշտպաններ Հրանտ Գեւորգյանը, Ալվարդ Մնացականյանը եւ Լեւոն Պողոսյանն Արման Մնացականյանի նախաքննական տեսագրված ցուցմունքերը համարեցին քննիչի հուշումով կամ նրա կողմից գրված, ոչ հավաստի եւ դատարանին միջնորդեցին դրանք համարել անթույլատրելի ապացույց, չդնել կայացվելիք դատավճռի հիմքում: Այնուհետեւ դատարանում ցուցմունք տվեց ավագ սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Արտակ Հովհաննիսյանը:  Վերջինս ներկայացրեց  իրենց ստորաբաժանումում տիրող անառողջ մթնոլորտը: Արտակ Հովհաննիսյանի խոսքերով` Արտակ Նազարյանի նկատմամբ կապիտան Հակոբ Մանուկյանը ոչ կանոնադրական վերաբերմունք է ունեցել: Վկան պատմեց, որ դիզվառելիք ստանալու եւ հարեւան հենակետեր այն ուղարկելու համար լեյտենանտ Արտակ Նազարյանն օգտագործել է կապիտան Հակոբ Մանուկյանի «պլաստմասսե» շիշը: Վկայի խոսքերով` լեյտենանտ Նազարյանը շշի պակասը չլրացնելու դեպքում  կարող էր դառնալ «ֆուֆլո»: Նրա խոսքերով` շշի պակասը լրացնելու համար Արտակ Նազարյանը  լքել է  մարտական հենակետը եւ հարեւանությամբ գտնվող Չինարի գյուղից շշեր բերել: Հակոբ Մանուկյանը դիրքը լքելու համար Ա.Նազարյանից բացատրություն է պահանջել: Ա.Նազարյանն էլ կապիտան Մանուկյանի նման պահվածքը համարել է «գանդոնություն»: Մանուկյանը դրա համար ճաշարանում ծեծի է ենթարկել Արտակ Նազարյանին, վերջինիս քթից արյուն է հոսել: Այդ դեպքից հետո  Արտակ Նազարյանի ենթակա, ներկայում ամբաստանյալ զինվորները սկսել են ծաղրանքով վերաբերվել նրան: Մեղադրողներ Հարություն Հարությունյանը եւ Հայկ Հարոյանը շարունակում էին վկային հարցեր տալ, երբ աշխատանքային օրն ավարտվեց: Դատական հաջորդ նիստը նշանակված է մարտի 6-ին: Ի դեպ, վկա Ա.Հովհաննիսյանը դատարանում ասաց, որ Արտակ Նազարյանի զոհվելու օրը` 2010թ. հուլիսի 27-ին, «Բանակում» հեռուստասերիալի նկարահանող խումբն այդ հենակետում պետք է նկարահանում կատարեր, եւ իրենք այդ առիթով նոր համազգեստ էին հագել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս