ՍԽԱԼՎԵԼ ԵՆ
«Անելիք» բանկի աշխատակիցների մի մասը սխալմամբ ստորագրել է կենսաթոշակային բարեփոխումների համակարգի դեմ: Երեկ բանկն այս կապակցությամբ պարզաբանում է տարածել, ըստ որի՝ այս տարվա նոյեմբերի 21-ին կենսաթոշակային բարեփոխումների առնչությամբ կատարված ստորագրահավաքին մասնակցած «Անելիք» բանկի որոշ աշխատակիցներ սխալվել են: «Թույրըմբռնման պատճառով նրանք սխալ են ընկալել ստորագրահավաքի բուն էությունը, քանի որ լինելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ եւ հասկանալով կենսաթոշակային բարեփոխումների կարեւորությունը՝ անտրամաբանական կլիներ հանդես գալ դրանց դեմ: Միանալով ստորագրահավաքին՝ մեր աշխատակիցները փորձել են նպաստել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հանրային լայն քննարկումների անցկացմանը, ինչը հնարավորություն կտա մեր հանրությանն ավելի լավ տեղեկանալ այդ համակարգի առավելություններին: «Անելիք» բանկի բոլոր աշխատակիցները միշտ էլ համոզված են եղել, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը դրական իրողություն է, եւ ֆինանսական ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցչի պարտքն է այդ մասին իրազեկել հանրության լայն շերտերին»,-նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովը չորս խմբակցությունների առաջարկած՝ կենսաթոշակների մասին օրենքում կուտակային պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու նախագիծը մերժեց ձայների 46/53 հարաբերակցությամբ:
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում դեկտեմբերի 7-ին, 10-ին եւ 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում եւ 9-ի ցերեկը Վայոց Ձորում եւ Սյունիքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Քամին հյուսիսարեւմտյան է՝ 5-10 մ/վրկ, 8-9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, իսկ 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում դեկտեմբերի 7-ին, 9-ի ցերեկը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին եւ 9-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
ԹԵԺ ԿԼԻՆԻ
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Արարատի մարզի Այգավան համայնքում կկայանան գյուղապետի ընտրություններ: Առաջադրված թեկնածուները չորսն են՝ Մուրադ Գաբրիելյանը, Վիգեն Հարությունյանը, որը նաեւ «Վիգհաս» ՍՊԸ-ի տնօրենն է, գործող ՀՀԿ-ական համայնքապետ Վահագն Ղուկասյանը եւ Էլիբեկ Քոչարյանը: