“Քրիստոնեա-դեմոկրատական միություն” կուսակցությունը ինքնուրույն չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ինչպես համագործակցել, այնպես էլ համագործակցելու է ՀՀԿ-ի հետ և խորհրդարանական ընտրություններում սատարելու է հենց ՀՀԿ-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը այսօր ասաց “Քրիստոնե-դեմոկրատական միություն” կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը: Անդրադառնալով ՀՀԿ համամասնական ցուցակին նա նշեց. “Այս պահին քննարկումներ են գնում, դեռ մի քանի օր կա այն հրապարակելու համար: ՀՀԿ-ի համամասնական ցուցակում իմ ընգրկվելու հարցը դեռևս քննարկման փուլում է”, – ասաց նա: Նա այն վստահությունը հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին անակնկալներ դժվար գրանցվեն: “Այսօր բոլորն էլ հասկանում են, թե ովքեր են առաջատարները, և որ կուսակցությունը որքան հնարավորություն ունի հայտնվելու խորհրդարանում”,- ասաց նա: Այն հարցին, թե ինչու “Քրիստոնեա-դեմոկրատական միություն” կուսակցությունը ընտրություններին չգնաց միայնակ, Խոսրով Հարությունյանը պատասխանեց անկեղծ: “Ես հո երեկվա երեխան չեմ, շատ լավ հասկանում եմ, որ դժվար հաջողություն գրանցեի, որովհետև դրա համար պետք է ոչ թե մի քանի ամսվա այլ տևական աշխատանք”, – ասաց նա և ավելացրեց, որ պատճառներից մեկը նաև մասնակցության համար անհրաժեշտ գումարն է: Խոսրով Հարությունյանը իր խոսքում կոչ արեց բոլոր ընտրողներին՝ մասնակցել ընտրություններին և ձայնը տալ այն կուսակցությանն ու անհատին, որին նախապատվություն են տալիս:
Շատ լավ հասկանում եմ, որ դժվար հաջողություն գրանցեի. Խոսրով Հարությունյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ