ԼԵՎՈՆԸ՝ ՄՏԱՎՈՐ ԽԱՂԵՐՈՒՄ
Հայկական շախմատի առաջատար, մոլորակի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-18-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին։ Խաղերն անցկացվելու են արագ, կայծակնային եւ բասկյան համակարգի ձեւաչափերով: Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին:
ՈՐՊԵՍԶԻ ՉՄՈՌԱՆԱ ՄԱՅՐԵՆԻՆ
Gazeta.ru-ին տված հարցազրույցում Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է նաեւ իր արմատների մասին։ Նա մասնավորապես ասել է. «Ցեղասպանությունից հետո հորս պապն ինքն իր հետ է հայերեն խոսել, որպեսզի Թուրքիայում չմոռանա մայրենի լեզուն: Այդ մասին Հայաստանում մեծ ընտանեկան տոնակատարության ժամանակ պատմել է հայրս: Ինձ դժվար է հայերեն սովորել առանց միջավայրի: Այժմ ռուսերեն եմ սովորում, քանի որ Ռուսաստանում հայերը խոսում են ռուսերեն: Գիտեմ հոլանդերեն, անգլերեն, թուրքերեն եւ գերմաներեն»: Իհարկե, նա խոսել է նաեւ իր ֆուտբոլային նախասիրությունների մասին. «Ես միշտ երազել եմ հագնել կարմիր-սպիտակ մարզաշապիկ, քանի որ մեծացել են հոլանդական «Այաքս»-ում: Օտարերկրյա ակումբներից հավանում էի Զիդանի, Ֆիգուի եւ Ռոնալդոյի ժամանակների «Ռեալ»-ը: Նրանք իմ սերնդի կուռքերն էին»:
ՅՈՒՐԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է
Ռուսական Sport express-ն ամփոփել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածը եւ կազմել խորհրդանշական հավաքականը՝ հիմք ընդունելով ամեն տուրում իր կողմից ֆուտբոլիստներին տրված գնահատականները: Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Ավելին՝ 26-ամյա հարձակվողն իր միջին գնահատականով լավագույնն է առաջնության առաջին հատվածում:
ՄԵՍՍԻ, ՌՈՆԱԼԴՈՒ, ՌԻԲԵՐԻ
ՖԻՖԱ-ն հայտարարել է այն 3 թեկնածուների անունները, որոնք հավակնում են «Ոսկե գնդակ»-ին: Ինչպես եւ ենթադրվում էր, վերջնական ցուցակում են հայտնվել Քրիշտիանու Ռոնալդուն, Լիոնել Մեսսին եւ Ֆրանկ Ռիբերին: Այս մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Ավելի վաղ հավակնորդների ցանկում էին եւս 20 ֆուտբոլիստներ: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխության արարողությունը կկայանա 2014թ. հունվարի 13-ին Ցյուրիխում։
Ռ. ԹԱԹՈՅԱՆ