ԱԺ 6 խմբակցություններից 4-ն այսօրվա արտահերթ նիստում պատրաստվում են մերժել ու դեմ քվեարկել 2014թ. ՀՀ պետական բյուջեի նախագծին: Ու հիմա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը մնացել է ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հույսին: Միայն թե, ՀՀԿ-ականներից շատերը մասնավոր զրույցներում չէին թաքցնում պետական բյուջեի վերաբերյալ իրենց դժգոհությունը, առավել եւս, որ կառավարությունը մերժել էր բյուջեի մասին պատգամավորների առաջարկների 95 տոկոսը. 326 առաջարկից ընդունվել է ընդամենը 31-ը:
Երեկվա նիստում ԱԺ խմբակցությունները եւս մեկ անգամ ներկայացրին բյուջեի նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները. ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե այս բյուջեով ոչ միայն չեն լուծվի ՀՀ առաջ ծառացած սոցիալական խնդիրները, այլեւ ընդհակառակը` դրանք կավելանան. «Առնվազն պետք է միամիտ լինել` հավատալու համար, որ ձեր ծրագրերն արդյունավետ են»: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ներկայացված բյուջեն ՀՀ քաղաքացու համար չի կարող ապահովել եթե ոչ բարեկեցիկ, ապա գոնե նվազագույն ապրելակերպ: «Այն հիմնված է բլեֆի, կեղծիքի վրա, եւ այն ներկայացրել է հասարակության մեջ զրո վստահություն ունեցող կառավարությունը»,-ասաց նա` հավելելով, որ իրենց պայքարն անհատների դեմ չէ, պարզապես իրենք լուրջ անհամաձայնություններ ունեն ներկայացված ծրագրերի հանդեպ: «Թող որոշ անհատներ իրենց չգերագնահատեն` մտածելով, որ մենք իրենց դեմ անձնական պայքար ենք մղում: Կրկնում եմ՝ մի՛ գերագնահատեք ձեր անձը եւ ձեր դերն ու նշանակությունը ՀՀ պատմության մեջ»,-կառավարությանը դիմեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բյուջեի նախագիծն անվանեց «համակարգված կոռուպցիայի, պետական եկամուտների եւ ծախսերի թալանի, պետական անվճարունակության եւ, վերջապես, խաբեության բյուջե»: Հիշեցնելով բյուջեի առաջին ընթերցման ժամանակ նախագծին դեմ քվեարկելու ՀԱԿ-ի ներկայացրած երեք հիմնավորումները՝ Զուրաբյանը հավելեց. «Իբր այս երեք պատճառները քիչ էին, առաջին ընթերցմամբ քննարկման ավարտից հետո պայթեց մի նոր սենսացիոն ռումբ, որը ցույց տվեց, որ ի դեմս այս կառավարության՝ մենք գործ ունենք խարդախ եւ արկածախնդիր խմբակի հետ: Խոսքը վերջերս բացահայտված «գազային ավանտյուրայի» մասին է: Պարզվում է, որ Հայաստանի կառավարությունը վերջին երկու տարում կուտակել է մոտ 300 մլն դոլարի պարտք` կապված ռուսական գազի մատակարարման հետ` առանց դրա մասին տեղյակ պահելու հանրությանը եւ անգամ ԱԺ-ին»: Նա ընդգծեց, որ այդ պարտքը կուտակվել է առանց ՀՀ պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ անելու: Զուրաբյանը կոչ արեց ԱԺ մյուս պատգամավորներին դեմ քվեարկել բյուջեի նախագծին, «որ մեղսակից չդառնան վերոհիշյալ հանցագործության կատարմանն ու պարտակմանը». «Առաջարկում ենք, քանի որ կառավարությունը հանրության անունից կատարել է մի ծախս, որի համար չի ունեցել որեւէ օրինական հիմք ու չի ստացել խորհրդարանի համաձայնությունը, այդ գումարը վճարել օֆշորային սխեմաների միջոցով վարչապետի անձնական հաշիվներում կուտակված, ինչպես նաեւ կառավարության մյուս 18 անդամների անձնական միջոցների հաշվից»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ