Ո՞Վ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ ԱԽՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Օրինաց երկիր» կուսակցությունը եւ դրա փոխնախագահ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը, դատական հայց են ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ: Հովհաննես Մարգարյանը կարծում է, որ մենք արատավորել ենք ՕԵԿ-ի բարի համբավը, իսկ Լեւոն Դոխոլյանն անձամբ է վիրավորվել «Քույրիկ» ածականն օգտագործելու համար:

Անշուշտ, երկու դեպքում էլ անձերը դեռ պետք է դատարանում ապացուցեն, որ իրենք ունեն բարի համբավ, որպեսզի քննարկենք, թե որքանով է «Ժողովուրդ» օրաթերթն արատավորել այն: Բայց մինչ այդ, չէր խանգարի հիշեցնել, թե ով է եղել Արթուր Բաղդասարյանը մինչ ԱԽՔ դառնալը (հիշեցումները կանենք պարբերաբար):
1996 թվականին հրապարակվել է նրա «Դիմանկարի փորձ» գիրքը՝ նվիրված ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Դյուրի՞ն է արդյոք գրել այն մարդու մասին, ով ճանաչված է ամենքից եւ ում հանդեպ անտարբեր չէ ոչ ոք։ Այն մարդու, ում մասին բնավ միանշանակ չեն կարծիքներն ու տրամադրությունները։ Արդ, հանրապետության առաջին դեմքին, մեր անկախ պետության Նախագահին ներկայացնելու համար հարկ է նախ ձերբազատվել ամեն տեսակ պայմանականություններից, նախապաշարումներից ու ակնկալիքներից բոլոր։ Մանավանդ, երբ ինքնաբուխ է ցանկությունդ եւ մեծ` ձգտումը, որպեսզի ասելիքդ չհնչի սոսկ մերկապարանոց մի խոստովանանք։ …Դժվար է գրել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, թեեւ հոգուդ խորքում կուտակված է ասելիքդ եւ անցած մի քանի տարիներին ամենահպանցիկ հետահայացն իսկ բավ է ի մի բերելու այն նրբերանգները, որոնք գույն ու ձեւ են տալու զգացմունքիդ։ Իր ազգի բարոյական նկարագրով մտահոգ եւ գալիք սերունդների առջեւ պարտքի գիտակցում ունեցող Նախագահը միայն անկեղծության պահին կարող էր չկոծկել նախանձախնդրությունն ու ազգապահման մագաղաթները մատնացույց աներ, որոնք որեւէ հայհոյանք չեն փոխանցել դարերի միջով։ Նա դեմ չէ քննադատությանը, բայց մենք ենք հաճախ մոռանում, որ այսօրվա մեր «քերթվածքներով» են մեզ ճանաչելու սերունդները։ Ինքը` գիտնական-քաղաքացին ոսկեղենիկ գրերով է նաեւ ճանաչել մեր նախնիներին եւ լավ գիտե խոսքի, գիտության արժեքը։ …Խորն է եւ հարուստ մեր ազգի մտավոր ընդերքը. այն ծնել է արժանավոր բազում քաղաքական եւ պետական գործիչներ։ Սակայն այսօր եւ այս ժամին չկա նրանց մեջ մեկը, ով ավելի ունակ, ուրեմն եւ ավելի արժանի կլիներ առաջնորդել այս ժողովրդին դեպի երազելի ապագա, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը»։
Երբ 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, Արթուր Բաղդասարյանը մրցակցում էր իր կողմից «մտավոր ընդերք» որակումը ստացած անձնավորության հետ: Ընտրությունների ավարտից հետո հասարակության լայն շերտերը հավաքվել էին Ազատության հրապարակում՝ պահանջելով չեղյալ հայտարարել կեղծված ընտրությունները, իսկ Արթուր Բաղդասարյանը գերադասեց վերցնել Ազգային անվտանգության քարտուղարի աթոռն ու լռել: Նա ասաց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելն անհնար է. «Բայց ես ինչպե՞ս կարող էի համագործակցել մի մարդու հետ, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում վիրավորել էր ինձ` չվարանելով անվանել «հայրենիքի դավաճան»: Եթե ես ձեզ, օրինակ, հայրենիքի դավաճան անվանեմ, դրանից հետո կաշխատե՞ք ինձ հետ: Մարդը, եթե ուզում է համագործակցի, Ձեր նկատմամբ պետք է պարկեշտ լինի»:
Ասել է թե՝ Արթուր Բաղդասարյանի կողմից «ազգի բարոյական նկարագրով մտահոգ եւ գալիք սերունդների առջեւ պարտքի գիտակցում ունեցող Նախագահը» տարիներ հետո դարձավ անպարկեշտ:
Ահա թե ինչ ասաց նրա մասին ՀՀ առաջին նախագահը: 2008-ի փետրվարի 17-ի իր ելույթում նա հիշեցրեց, որ 1996-ին Վազգեն Մանուկյանը, գրոհելով խորհրդարանի շենքը, վայրագություններ գործեց պետական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ եւ հարթեց Նաիրի Հունանյանի ճանապարհը։ Եվ եթե չլիներ 96-ի խորհրդարանի գրոհը, չէր լինի հոկտեմբերի 27-ը։ Նույն չարաբաստիկ դերը, ըստ այդմ, խաղացել էր Արտաշես Գեղամյանը. ստացել էր 15-17 տոկոս ձայն, ինչից հետո ընդամենը մեկ բան պետք է աներ՝ երկրորդ փուլում միանար Ստեփան Դեմիրճյանին։ Առաջին նախագահի խոսքով՝ Գեղամյանը դա չէր արել` նորից Ռոբերտ Քոչարյանին տալով ալիբի։ «Այսօր ո՛չ Գեղամյանը, ո՛չ Մանուկյանը որեւէ դեր չեն խաղում։ Կա մեկ ուրիշը, որի մասին ես ափսոսանքով եմ խոսում։ Երիտասարդ է, խոստումնալից մեր պետականության մեջ, որը կարող է սխալվել, իսկ ես դեռ հույսս չեմ կորցրել` ոչ թե ինձ համար, այլ իր համար, իր քաղաքական հեռանկարը չկորցնելու համար։ Արթուր Բաղդասարյանը կարող է այսօր խաղալ նույն դերը, ինչ նախորդ ընտրություններում խաղացել են Գեղամյանն ու Վազգեն Մանուկյանը։ Ես չէի ուզի, որ այդ մարդը բռներ դավաճանության ճանապարհը։ Իսկ այսօր ժողովրդական շարժման դեմ գնացող ցանկացած մեկը դավաճանություն է գործում այս ժողովրդի դեմ»:
Այնուհետեւ ՀՀ առաջին նախագահը հրապարակավ կոչ արեց Արթուր Բաղդասարյանին անվանել ԱԽՔ, քանի որ նա մարդկանց արյան վրայով գնաց եւ նշանակվեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս