ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲԱՆԴԱՅԻ» ԳՈՐԾՈՎ

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա հայտնի «բանդայի» գործով դատական նիստը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալ Արտյուշա Հակոբյանի հայրը` Սուրիկ Հակոբյանը: Ըստ նրա՝ գործով դատավոր Մխիթար Պապոյանին փոխարինել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը, իսկ թե ինչու, պարզ չէ: Հիշեցնենք, որ շուրջ երկու տարի է, ինչ նախկին պաշտոնյաների տների վրա ավազակային հարձակումներ կատարած «բանդայի» գործով քննությունը շարունակվում է, սակայն գողոնը մինչ օրս հայտնաբերված չէ:

 

 

 

ԱՆՏԵՂՅԱ՞Կ Է

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) դատապարտյալներից մեկի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին մասով եւ 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Ըստ ՀՔԾ-ի՝ «Վանաձոր» ՔԿՀ-ի պետ Արտյոմ Մխոյանի տեղակալը կաշառք է ստացել: Ու քանի որ Ա. Մխոյանը մի քանի տեղակալներ ունի, ուստի «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց «Վանաձոր» ՔԿՀ-ի ղեկավարից պարզել, թե ով եւ ինչ հանգամանքներում է կաշառք վերցրել: «Ես տեղեկություն չունեմ. դիմե՛ք լրատվական բաժին: Ուրեմն ցտեսություն ձեզ»,-փորձեց գլուխն ազատել կաշառակերության մեջ մեղադրվող աշխատակցի անմիջական ղեկավարը:

 

 

 

ԿՏՈՒԳԱՆՎԻ

«Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն, հնարավոր է, առաջիկայում 95 մլն դրամի չափով տուգանվի: ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությունը «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ին ներկայացրել է ակտի նախագիծ, որտեղ զետեղված են տեսչության կողմից հայտնաբերված խախտումները: Ակտի նախագիծը «Վաղարշ եւ որդիներ կոնցեռն» ՍՊԸ-ն պետք է հնգօրյա ժամկետում քննարկի եւ դրա հետ կապված փաստարկներ ներկայացնի: Եթե դրանք հիմնավորված լինեն եւ ընդունվեն տեսչության կողմից, ապա տուգանքի չափը կնվազի:
Հիշեցնենք, որ վերջերս տեսչությունը ստուգումներ էր իրականացնում ոսկու շուկայում, որի ընթացքում խախտումներ էին հայտնաբերվել: Այդ ստուգումներն իրականացվում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով: Պատճառը քաղաքացիներից ստացված բողոքներն էին, ըստ որոնց՝ շուկայում աշխատանքային պայմանները, հակահրդեհային եւ սանիտարական վիճակը նորմալ չեն: Վարչապետի հանձնարարականով ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության, առողջապահության նախարարության տեսչությունների, գործակալությունների, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչության եւ պետական եկամուտների կոմիտեի կողմից ստուգումներ էին սկսվել: Եվ տուգանքների այն արձանագրությունները, որոնք կազմվել էին մի քանի տասնյակ ոսկերիչների անուններով, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, վճարել է շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը:




Լրահոս