ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՇՆԱԿԻՑԸ ԴԵՄ Է

Ռուսաստանի կառավարությունը վերապահումներ ունի ՌԴ տարածքում հայերի աշխատանքի դյուրացման համաձայնագրի հետ կապված, ըստ ԳԱԼԱ-ի՝ այս մասին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Սոչիում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ներկայացուցիչների միջեւ միգրացիոն ոլորտին վերաբերող համաձայնագիր էր ստորագրվել: Համաձայն դրա՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելուն պես կարող են 30 օրվա ընթացքում հաշվառվել՝ ներկայիս 7-օրյա ժամկետի փոխարեն: Գագիկ Եգանյանի խոսքերով՝ երկրորդ համաձայնագիրը չի ստորագրվել, քանի որ համաձայնագրի վերաբերյալ ՌԴ աշխատանքի նախարարությունը վերապահումներ ունի: «Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձեւավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին»,- նշել է Գ. Եգանյանը:

ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Նա գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահը գտնվում է ԱՄՆ-ում՝ Ղարաբաղյան հակամարտության շուրջ խորհրդակցությունների համար. «Ուրախ եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ խորհրդակցության նպատակով ԱՄՆ պետդեպարտամենտում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Պիեռ Անդրիեի հետ»:

ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ

«Եթե այս տարի գյուղացիները բերք չեն ունենալու, ուրեմն ինչպե՞ս են փակելու իրենց վարկերը: Պարո՛ն Ջավադյան, խնդրում եմ ըմբռնումով մոտենաք գյուղացիների վարկերի հարցին՝ փորձելով աջակցել գյուղացիներին»,-կառավարության երեկվա նիստում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին։ Նիստում քննարկվում էր Շիրակի եւ Լոռու մարզերի կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու հարցը:

ԽՈՍՔԻ ՏԵՐՆ Է

Երեկ, Հանրապետական կուսակցության գերագույն մարմնի նիստից առաջ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով իր՝ Սոչի կատարած այցի արդյունքներին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի վերջին։ Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի հանդիպմանը քննարկվել էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը վստահություն էին հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի շուրջ քննարկումից հետո Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։

 




Լրահոս