ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈԽԱԴԱՐՁ ՎԻՐԱՎՈՐԱՆՔՆԵՐ

Մաթեմատիկոս Հենրիխ Մխիթարյանը, ով գրեթե ամեն հինգշաբթի Կառավարության շենքի դիմաց իր բողոքն է արտահայտում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի դեմ, որ վերջինս անտարբեր է իր գյուտի նկատմամբ, երեկ հերթական անգամ տեսնելով Ռադիկ Մարտիրոսյանին, սկսեց վիրավորել նրան: Նշենք, որ մաթեմատիկոսը հայտարարում է, թե ինքը հավերժական շարժիչ է հայտնագործել: Եվ այսպես, գյուտարարը ԳԱԱ նախագահին հրապարակավ ասաց. «Անգրագետ դավաճան, սրիկա, սրան տեսեք», ինչին ի պատասխան Ռադիկ Մարտիրոսյանը պատասխանեց. «Դավաճանն անցյալներդ են, ապուշ»:

ՇՏԱՊՈՒՄ ԵՆ ՄՈՍԿՎԱ

Գործարար Լեւոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, երեկ Artsakh Today մամուլի կենտրոնում ասել է, որ իր եղբոր ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է. «Վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լեւոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լեւոն Հայրապետյանից որեւէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ: Այս ամենն ակնհայտ քաղաքական պատվեր է»: Նշենք, որ մոսկովյան դատարանը երեկ որոշել է կալանավորել հայազգի խոշոր գործարարին փողերի լվացման եւ յուրացման կասկածանքով: Ի դեպ, գործարարն առողջական խնդիրներ ունի, սակայն դատարանը չի ընդունել Հայրապետյանին չկալանավորելու հիմնավորումները՝ կապված նրա առողջական վիճակի հետ:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում գործարարի եղբոր տղան՝ Գուրգեն Հայրապետյանը, ով նաեւ նրա օգնականն է, երեկ ասաց. «Այսօր կլինենք Մոսկվայում եւ կպարզենք, թե իրականում ինչ է կատարվում»: Ի դեպ, Հայրապետյանի ձերբակալությունը Ղարաբաղում եւս մեծ աղմուկ է առաջացրել: Մեզ հասած տեղեկություններով՝ Վանքի բնակիչները չեն պատրաստվում լռել եւ պատրաստ են ամեն ինչի՝ հանուն իրենց բարերարի:

ԴԻՄՈՒՄ ԳՐԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն՝ անդրադառնալով ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրերին, ժպտալով ասաց. «Եթե նման բան լինի, դուք կիմանաք»: Հարցին՝ պաշտոնանկության հարցը բարձրացվել է այն ժամանակ, երբ ՀՀ դատախազությունը ստուգումներ է իրականացրել ՔԿՀ-ներում եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել, նախարարը պատասխանեց. «Չարաշահման հետ կապված որեւէ ինֆորմացիա չունեմ»: Երեկ, որպես ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնի հավանական թեկնածու, շրջանառվում էր Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անունը, ով, սակայն, հերքել է՝ ասելով, թե նման առաջարկ չի ստացել: Իսկ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը չցանկացավ մեկնաբանել իր ազատման դիմում ներկայացնելու լուրերը՝ նշելով. «Դուք բան ու գործ չունե՞ք»:




Լրահոս