Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած շրջայցի ընթացքում այցելել և տեղում հետևել է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերով վարչական շրջանի՝ Գայի պողոտայի և «Ջրաշխարհի» հարևանությամբ տեղակայված Ազատամարտիկների այգու վերականգնման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Նախագծի վրա քաղաքապետին մանրամասն ներկայացնելով նախատեսված աշխատանքները՝ պատասխանատուները վստահեցրել են, որ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքը բարեկարգման ծրագրի շնորհիվ անճանաչելիորեն փոխվելու է: Այժմ այստեղ ընթանում են հողահարթեցման աշխատանքներ:
Շուրջ 6 հեկտար ընդհանուր տարածքով այգին բարեկարգման համալիր ծրագրի իրագործումից հետո կունենա շատրվան, կանաչ ամֆիթատրոն և կանաչ բավիղ: Տարածքում կտեղադրվեն զրուցարաններ, նստարաններ, կկահավորվի մանկական երեք և թենիսի երկու խաղահարթակներով: Շատրվանից բացի այգում կլինեն նաև ցայտաղբյուրներ: Ամբողջ տարածքը կլուսավորվի ինքնատիպ 150 լուսամփոփով: Կգործի նաև սանհանգույց: Այգին նախագծված է հաշվի առնելով հասարակության սակավաշարժ խմբերի տեղաշարժման համար անհրաժեշտ պայմանները։
Պատասխանատուները Տարոն Մարգարյանին նաև զեկուցել են, որ, աշխատանքերը պատշաճ և ժամկետում կատարելու նպատակով, ամենօրյա հսկողություն է սահմանված:
Ծանոթանալով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կրկին հանդիպել հարակից շենքերի բնակիչների հետ, լսել նրանց հնարավոր նոր առաջարկները և, նախքան հիմնական աշխատանքների մեկնարկը, ըստ անհրաժեշտության, նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ:
«Վերջին շրջանում այս այգու բարեկարգման աշխատանքների հետ կապված որոշ լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին, թե այստեղ ծառահատումներ են կատարում, ընդհուպ ավերում են ծառապատ տարածքները, մինչդեռ որևէ մեկը հարկ չհամարեց նշել, որ նույն այս գոտին ավելի քան 20 տարի է, ինչ գտնվում էր անբարեկարգ ու անխնամ վիճակում: Այսպես կոչված «ի պաշտպանություն այգու» ամպագորգոռ հայտարարություններ անելու փոխարեն` ավելի լավ է գործով ապացուցել սերը քաղաքի նկատմամբ: Մենք բազմիցս ենք հայտարարել, որ Երևանը բոլորիս տունն է և իսկական տանտիրոջ հոգածությամբ պետք է վերաբերենք այն ամենին, ինչը վերաբերում է մեր քաղաքին ու նրա բնակչությանը: Իմ պարբերական շրջայցերի ժամանակ դեռ անցյալ տարի տեղի բնակիչներն ուշադրություն հրավիրեցին այս խնդրի վրա և, նրանց հետ միասին այցելելով ու տեղում ծանոթանալով իրավիճակին, խոստացա, որ անպայման կանդրադառնանք այգու բարեկարգմանը: Եվ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Թոքմաջյանն այս այգին վերականգնելու և բարեկարգելու առաջարկ ներկայացրեց ավագանու անդամներին, միաձայն կողմ քվեարկությամբ այն հաստատվեց ու այս տարի այն ներառեցինք մեր տարեկան ծրագրերում և այժմ էլ, ինչպես տեսնում եք, ընթանում են այգու վերականգնման և բարեկարգման աշխատանքները»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավելացնելով, որ 2014թ. մայրաքաղաքի կանաչ գոտիները պահպանելու, նորերն ստեղծելու և ոռոգման ցանց անցկացնելու համար համայնքային բյուջեից շուրջ 2,5 մլրդ դրամ է հատկացվել: Ըստ այդմ, նաև մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ, մայրաքաղաքում կստեղծվի և կվերականգնվի 10 այգի և պուրակ: 22 կմ-ով կմեծանա ոռոգման ցանցի ընդհանուր երկարությունը՝ հասնելով 382 կմ-ի: Շուրջ 4 հեկտարով կընդլայնվի սիզամարգերի մակերեսը՝ հասնելով 19 հեկտարի:
Քաղաքապտը նշել է, որ ծաղկապատման ծավալներով նույնպես մայրաքաղաքում առաջանցիկ աճ է արձանագրվել. 2,4 մլն ծաղկասածիլների շնորհիվ ստեղծվել է շուրջ 6,5 հեկտար նոր ծաղկային տարածք: Այս տարի, ի դեպ, ընդհանուր առմամբ 40000 ծառ և թուփ կտնկվի մայրաքաղաքում, որի զգալի մասն արդեն իսկ տնկվել է գարնանային ծառատունկի ժամանակ: Այդպիսով, Երևանում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսն այս տարի կհասնի շուրջ 860 հեկտարի, ինչը գրեթե համարժեք է խորհրդային վերջին տարիների ցուցանիշին: Կանաչ տարածքների ընդլայնմանն ուղղված բոլոր ծրագրերը, այդ թվում նաև Երևանի որոշակի հատվածներում անտառաշերտի վերականգնման ուղղությամբ, լինելու են շարունակական:
Ինչ վերաբերում է Ազատամարտիկների այգու բարեկարգմանը, ապա, ըստ նախագծի, տարածքում նախատեսվում է նաև ծառատունկ և եղած ծառերի քանակը ավելացնել ևս 2500-ով: Ի դեպ, կանաչ տարածքների պահպանումն ու խնամքն ապահովելու նպատակով, այստեղ նախատեսվում է անցկացնել 10 կմ-ոց ոռոգման ցանց: Այգու բարեկարգման ընթացքում կնորոգվեն ու պատշաճ տեսքի կբերվեն նաև առկա հուշաքարերը։ Ընդհանուր առմամբ, այգու վերականգնման ու բարեկարգման համար համայնքի բյուջեից հատկացվել է 227 մլն դրամ:
«Համոզված եմ, որ երբ այգին հանձնենք մեր բնակիչների տնօրինմանը, այն դառնալու է Երևանի ամենասիրված ու հարմարավետ հանգստի գոտիներից մեկը: Ի դեպ, նախագիծը՝ որպես նվեր, իրականացվել և համայնքին է փոխանցվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսանողների կողմից»,-նկատել է քաղաքապետն ու, պատասխանելով լրագրողների հարցերին, այս համատեքստում, անդրադարձել Երևանի քաղաքապետարան-երիտասարդություն համագործակցությանը՝ ընդգծելով, որ քաղաքային իշխանության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում այսօր մեծ է նաև երիտասադրների մասնակցությունը:
«Մեր կողմից միշտ էլ առանձնակի կարևորվել է քաղաքային ծրագրերի իրականացման հարցում հասարակության տարբեր խմբերի ներգրավումը: Հատկապես մեծ ակտիվություն են ցուցաբերում երիտասարդական կազմակերպություններն ու կառույցները, որոնց մի զգալի հատվածը ներգրավված է Երևանի քաղաքապետին կից գործող երիտասարդության հարցերի խորհրդում: Խորհրդի գործունեությունն իսկապես կարևորվում է մեր կողմից, քանզի շուրջ 30 կազմակերպություններից բաղկացած այս խորհրդի առաքելությունն, ըստ էության, երիտասարդությանը հուզող խնդիրների վերհանումն է, դրանց համակողմանի քննարկումն ու այդ ուղղությամբ նպատակային քայլեր նախաձեռնելը, ինչը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ արձագանքելու առաջադրվող հարցերին՝ միևնույն ժամանակ, նրանց ներգրավելով համայնքային կառավարման ու որոշումների կայացման գործում: Սա, ինչու չէ, նաև մեր երիտասարդներին համախմբելու յուրովի տարբերակ է, ինչը, համոզված եմ, բոլորի կողմից է ընդունելի: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ համատեղ ուժերով շատ ավելիին կարելի է հասնել և այդ տեսանկյունից առողջ քննադատությունը, որն իր մեջ կրում է նաև իրական սրտացավություն ու դրան համարժեք էլ մատնանշում է այս կամ այն խնդրի կարգավորման առավել արդյունավետ եղանակը, չի կարող չողջունվել: Եվ մենք, մասնավորապես, երիտասարդության այդ ակտիվ մասնակցության շնորհիվ, այսօր կարողանում ենք շատ ավելի նպատակային ու արդյունավետ օգտագործել այն ռեսուրսը, որը տնօրինում ենք: Վառ օրինակը այս այգու նախագիծը հենց երիտասարդների կողմից ներկայացնելն է նաև, ինչը, մեծ հաշվով, խոսում է քաղաքի նկատմամբ ունեցած սրտացավության և այդ հարցում կառուցողական մոտեցման և գործնական մասնակցություն ունենալու մասին: Ու ես համոզված եմ, որ նման աշխատաոճով, առկա խնդիրների լուծմանն ուղղված նման մոտեցումներով մենք միասին ավելի շուտ և ավելի շատ հաջողություններ կունենանք»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այգու վերականգնման նախագծի հեղինակային խմբի անդամ երիտասարդներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ այս և երիտասարդների կողմից այլ նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար: Կարևորելով երիտասարդության ներգրավվածությունը համաքաղաքային տարբեր ծրագրերին միջոցառումներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը որպես օրինակ մատնանշել է նաև քաղաքապետին կից գործող երիտասարդության հարցերի խորհրդի կամավորների մասնակցությունը համաքաղաքային միջոցառումներին:
Նշենք նաև, որ 2013 թվականին «Էրեբունի-Երևան» տոնակատարության միջոցառումներին կազմակերպչական աշխատանքներին մասնակցել է շուրջ 250 երիտասարդ, իսկ բուն շքերթին՝ 7000-ից ավելի: Խորհրդի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում գործում է երիտասարդների գրասենյակը, որի ինքնատիպ կահավորման շնորհիվ՝ կահույքը տեղաշարժելով, քննարկումների դահլիճը կարող է վերածվել, օրինակ, կինոսրահի: Այստեղ գործում են նաև ամենշաբաթյա ընթացիկ ծրագրեր և ակումբներ, որոնք ուղղված են երիտասարդների հմտությունների զարգացմանը և հետաքրքիր ժամանցի կազմակերպմանը: Այդ ծրագրերից են «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբը, որում ընդգրկված է 240 մասնակցով 60 թիմ: 150 երիտասարդ մասնակից է Հայ կամավորների մասնագիտացված բանկի: Նրանք իրենց պրակտիկան անցնում են պետական և ոչ պետական շուրջ 50 կառույցներում: