Վերջապես կայացավ վերջին ամիսների ամենակարեւոր, ամենասպասված իրադարձությունը` Հայաստան ժամանեց մեծն… մերկապարուհին` Վարդան, նույն ինքը` Վարդանուշ Մարտիրոսյանը:
Ամբողջ մեկ ամիս հայրենի լրատվական դաշտը հեղեղված էր այդ սթրիփ պարուհու` Հայաստան կատարելիք «դարակազմիկ» այցելության մասին տեղեկատվությամբ ու վերջինիս կիսամերկ նկարներով: Երեկ էլ կայացավ մերկապարուհու ասուլիսը, որին այնքան շատ լրագրողներ էին մասնակցում, ասես բանախոսը Մոնսերատ Կաբալյեն էր կամ Մայա Պլիսեցկայան: Ի դեպ, երբ համաշխարհային բալետի լեգենդ Պլիսեցկայան երկու տարի առաջ ժամանեց Հայաստան, մերկապարուհու հանդեպ լրատվական ներկա հետաքրքրության հինգ տոկոսն անգամ չառաջացրեց: Եւ այսօր, հետեւելով հնագույն մասնագիտության հետ ասոցացվող մերկապարի հայազգի «չեմպիոնի» շուրջ ստեղծված աղմուկին, ակամայից հիշում ես Հենրիկ Մալյանի հայտնի «Կտոր մը երկինք» ֆիլմի այն դրվագը, երբ գավառական քաղաքում երեք մարմնավաճառների հայտնությունը ցնցում է բոլորին: Փաստորեն, անցած երկու հարյուր տարվա մեջ շատ բան չի փոխվել. ինչպես եղել ենք հետամնաց «պրովինցիա», այնպես էլ մնացել ենք: Եւ խնդիրն այստեղ ամենեւին էլ Վարդան չէ. այդ աղջիկն ընտրել է իր մասնագիտությունը` լավ է արել, դա իր իրավունքն է: Երեւանում քիչ չեն ակումբները, որտեղ պարում են տասնյակ վարդաներ, որոնք գուցե եւ ավելի հմուտ են իրենց «գործում»: Խնդիրն այստեղ մեր խայտառակ գավառամտությունն է, այն իրավիճակը, երբ սնդուսափայլ (глянцевый) մի ամսագրի հրավերով Հայաստան ժամանած մերկապարուհու այցելությունն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում, քան, ասենք, Քշիշտոֆ Պենդերեցկու համերգը: Բանն այնտեղ է հասնում, որ այս «մեգաաստղին» իր եթեր է հրավիրում Հանրային հեռուստատեսությունը: Ինչպես երեկ տեղեկացրին Վարդայի PR-ով զբաղվող «գլամուրային» ամսագրի ժելեոտած մազերով տղաները (որոնցից մեկն օդանավակայանում հանդես էր գալիս նաեւ Վարդայի բեռնակրի դերում), մեծն մերկապարուհին մասնակցելու է Հանրային հեռուստատեսության «Երկու աստղ» նախագծին: Ինչպես ասում են` էս էլ, ու պըրծ: Դեռ լավ է, որ Վարդային չեն հրավիրել «Հայլուր» (հիմա արդեն «Առաջին լրատվական»): Թեեւ, ով գիտի, գուցե ամեն ինչ դեռ առջեւո՞ւմ է:
«Երկու աստղ»-ին մասնակցելուց հետո ոչինչ չի խանգարում, որպեսզի քաղաքական ուժերը Վարդային խնդրեն սատարել իրենց` մասնակցելով նախընտրական քարոզարշավներին: Մերկապարուհու ելույթները հաստատ ավելի շատ ձայներ կապահովեն տվյալ քաղաքական ուժի համար, քան իրենց երգերը վաղուց արդեն երգած, պրծած որոշ քաղաքական գործիչների մասնակցությունը:
ԳԱՎԱՌԱՄՏՈՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ