ՍՊԱՐՏԱԿԸ՝ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Ի ՏԱՆ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, թե ինքը երբեք չի ցանկացել, որ հայրը քաղաքապետ դառնա, քանի որ գիտեր՝ իրենց գլխին «ըսպես բաներ պիտի բերեին»: Ավելին, ըստ նախկին քաղաքապետի որդու՝ այս ամենն իրենց գլխին սարքում են պարապ մարդիկ:
Մինչ Գյումրու նախկին քաղաքապետի որդու հետ մեր զրույցին անդրադառնալը, նշենք, որ շուրջ մեկ շաբաթ է, ինչ «հայրաքաղաքում» կրքերը չեն հանդարտվում: Տեղեկություններ տարածվեցին, որ նախկին քաղաքապետի որդին հունվարի 22-ին հարձակվել է Գյումրու քաղաքապետի առանձնատան վրա, սպառնացել, թե «խփել կտա»: Ավելին, ըստ լուրերի՝ նույնիսկ կրակոցներ են հնչել: Բանն այնտեղ հասավ, որ Գյումրիում ստեղծված ամենաթողության հետեւանքով աշխատանքից ազատվեց Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Իսկ երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելեց Շիրակի մարզ, որտեղ ներկայացրեց մարզային նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանին: Սակայն հերքեց, որ Բաբակեխյանին ազատելը կապված է Ղուկասյանների ակտիվության հետ. «Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ իր որդին պետք է հանդիսանան էն անձինք, որ ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շա՞տ չէ»: Ոստիկանապետը նաեւ վստահեցրեց, որ նոր կադրային փոփոխություններ դարձյալ սպասվում են, եւ համակարգում կմնան նրանք, ովքեր հասկանալու են, որ քավոր-սանիկական եւ բարեկամական հարաբերությունները պետք է օրենքին ստորադասվեն եւ չսատարեն ու քողարկեն գործերը զուտ նրա համար, որ «քյաբաբի ընկերներ են»:
Իսկ թե ինչ է կատարվում Ղուկասյանների անվան շուրջ, ինչ կիսելու բան ունեն Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ նախկին քաղաքապետը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել շաբաթվա «հերոսից»՝ Սպարտակ Ղուկասյանից:
-Սպարտա՛կ, կասե՞ք, թե ինչ է կատարվում, ինչու էիք գնացել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ, կրակոցներ արձակել, հայհոյել, սպառնացել: Ի՞նչ ունեք կիսելու Բալասանյանի հետ:
-Ես ասել եմ արդեն, էդ ամեն ինչը, սաղ սուտ է: Ի՞նչ գործ ունեմ ես դրանց դռները: 30 տարեկան տղա եմ, միշտ անցել-դարձել եմ այդ դռներով, Դուք էլ կարող եք անցնել-դառնալ: Ա՜յ քեզ բան, փակ փողո՞ց է, թող գրեն՝ փակ փողոց է, չանցնենք դառնանք: Գալիս խառնշտում են, թող շլամբավո դնեն: Մարդկանց շինին բան…
-Լավ, այդ օրն ինչո՞ւ էիք մի քանի անգամ գնում-գալիս. տեսանյութ կա:
-Նախ՝ ես չեմ էլ անցել: Եթե պետք լինի, օրվա մեջ անցնում-դառնում եմ, բայց էդ ժամանակ ես չեմ եղել: Աչքիս կուզեն շինել, սովոր են շինելու, չգիտեմ: Նայում եմ էդ զապիսները, սաղ, էդ ամեն ինչը շինծու է: Տարբեր փողոցներով օրվա մեջ հազար անգամ անցնում ենք, հեչ մարդ հեչ բան չի ասում, էստեղ չգիտեմ թե ոնց պիտի լինի:
-Բայց սա միակ դեպքը չէ, որ Ձեր անունը Գյումրիով մեկ թնդում է: Դուք մշտապես սկանդալային պատմություններում կաք, եթե, իհարկե, գլխավոր դերակատարը չեք: Ծեծկռտուքներ, կրակոցներ: Անընդհատ Ձեր անունն են տալիս:
-Պարապ են մնացել: Իրանք գիտեն՝ ում անունը երբ կուտան կամ ինչի կուտան: Չգիտեք, շինծու է, ամեն ինչ իրենց ձեռն է:
-Ո՞ւմ ձեռքը:
-Շինծու սարքողների, պարապ մնացողների, չգիտեմ:
-Ասում են, որ Դուք մշտապես աղմուկ եք ստեղծում Սամվել Բալասանյանի տան մոտ, քանի որ չեք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Ձեր հայրը` Վարդան Ղուկասյանը, չդարձավ քաղաքապետ, իսկ Բալասանյանը գրավեց նրան տեղը:
-Տո քաղաքապետարանն էլ, մարզպետարանն էլ, մենք ի՞նչ գործ ունենք քաղաքականության հետ, վաբշե հեռու մնայինք ավելի լավ կլիներ: Ինչ հերս քաղաքապետ է դարձել, ես այդ ժամանակից չեմ էլ ուզեցել, որ ինքը քաղաքապետ դառնա: Չեմ էլ ուզեցել, որ հերս քաղաքականության մեջ մտնի, որովհետեւ գիտեինք, որ սենց բաներ պիտի բերեին գլխներիս: Իսկ հիմիկվա քաղաքապետը, գոնե քաղաքը շինի, շենացնի, ընկել է ամեն րոպե իր ժողովրդի հետեւներից, որ բռնել տա: Էդքան բան:
-Իսկ Վարդան Ղուկասյանին արդեն հայտնե՞լ եք կատարվածի մասին:
-Ասել ենք, էդ մարդն էլ այնտեղ է ջղայնացել, պիտի գա, խեղճ հայրիկն ի՞նչ անի:
-Դեռեւս 2012թ. օգոստոսի 23-ին «Հրաշքների աշխարհ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով Ձեր նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել: Նույնիսկ հետախուզում էին հայտարարել Ձեր նկատմամբ: Դա՞ էլ է շինծու:
-Տո ամոթ է, քույրի՛կ ջան, նման բան չկա: Ի՞նչ հետախուզում, ի՞նչ մեղադրանք: Ես համապատասխան ժամանակ ներկայացել եմ: Ծովում ինձ համար հանգստանում էի, էստեղ մեղադրա՞նք էին առաջադրել: Գյուլնազ տատի հեքիաթներն են:
-Ձեր «Գյուլնազ տատի հեքիաթներ» պատճառաբանությամբ Դուք մշտապես «ջրից չոր եք դուրս գալիս», իսկ Ձեր ընկերները պարբերաբար Ձեր փոխարեն հայտնվում են կալանավայրում:
-Դա հեքիաթ է ու վերջ, լավ էլի՛: Ես մի բան կասեմ, արա՛, քաղաքը շինե՛ք, ի՞նչ եք ընկել ապուշավարի եսիմ ինչերի հետեւից: Մարդկանց ուզում եք ղրկել բա՞նտ: Քի՞չ եք ղրկել, ուզում եք թազա՞ ղրկեք:
-Ըստ լուրերի՝ Դուք ուզում եք օրենքով գող դառնալ, «բեսպրեդել» հաստատել Գյումրիում:
-Տենց բան լիներ, էդ 18 տարեկան վախտս կլիներ: Սուտ է, ի՞նչ օրենքով գող, ով որ էս ամեն ինչը շինում է, իրենք էլ ասում են: Ինչե՞ր են բերում կապում:
Հ.Գ. ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ «գողական ես, թե քաղաքապետ» ոճի մեջ նախատել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ ասելով. «Եթե մի համայնքի ղեկավար, լինելով քաղաքապետ, ինքն է խուսափում հայտարարություն տալ ոստիկանությանը, ես էլ ի՞նչ ասեմ»: Իսկ արդեն օրվա վերջում ԲՀԿ լրատվական ծառայությունը Բալասանյանին սատարող հայտարարությամբ հանդես եկավ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
7 ԱՄԻՍ ԱՆՑ ԱՊԱՑՈՒՑՎԵՑ
2012թ. հունիսի 20-ին Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում հանկարծակի մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի մահվան առիթով երկրորդ անգամ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքների պատասխանների հիման վրա հարուցվել է քրեական գործ: Այս մասին երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց մահացած տղայի հայրը` Սիմակ Ավետիսյանը: Նշենք, որ Մերուժան Ավետիսյանը տնտեսած գումարով ցանկացել էր պլաստիկ վիրահատության միջոցով շտկել ի ծնե թեքված ծնոտի արատը, սակայն հանկարծակի վիճակը վատացել էր, եւ տղան մահացել էր: «Ես բողոքել էի հիվանդանոցի դիմածնոտային բաժնի վարիչ Հայկ Ենոքյանի դեմ: Քննիչը դեռ չի ասել, թե ինչ հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցվել: Մոտ օրերս հանդիպում կունենամ, եւ մանրամասները հայտնի կլինեն ինձ: Բայց ասացին, որ քրեական գործ են հարուցել: Ես գիտեի, որ իմ էրեխեն առողջ է, ու նրան սպանեցին: Ճիշտ է, նրան հետ չեմ բերի, բայց գոնե հանգիստ կլինեմ, որ մեղավորները պատասխան կտան»,-ասաց Ս. Ավետիսյանը:
ԿՊԱՏԺՎԵՆ
Երեկ՝ մամլո ասուլիսի ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ պրոֆիլակտիկ միջոցառումներ են անցկացվում զորամասերում՝ զինվորների առողջական վիճակը ստուգելու համար: Եվ, հաշվի առնելով հիվանդության հետեւանքով մահացած զինվորների դեպքերը, նախարարը հայտարարեց, որ բուժծառայությունների զարգացումն այսօրվա առաջնահերթ հարցերից մեկն է: «Կադրային փոփոխություններ են իրականացվել, ընդունվել է զարգացման ծրագիր, անցկացվում են հոսպիտալներում պայմանների բարելավմանն ուղղված աշխատանքներ: Ցանկանում եմ նշել, որ բժիշկների կարծիքով՝ հիվանդությունները, որոնք հանգեցրել են զինվորների մահվան, կայծակնային բնույթ էին կրում, եւ նման դեպքերում բժշկությունն անզոր է»,-նշեց նա՝ հավելելով, որ բացթողումներ էլ կան, ու պատիժն իրեն սպասել չի տա:
ԲԼԹ
«Ես անձնապես խոստանում եմ դրանով զբաղվել, հետաքննել, տեսնել, թե դա ինչ կազմակերպություն է: Օֆշորում գրանցված ընկերությունն ինքնին չի նշանակում անպայման անազնիվ ընկերություն…»:
Մանվել Բադեյան Tert.am
Սա ՀՀԿ-ական պատգամավորի արձագանքն էր մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե կենսաթոշակային ֆոնդերից մեկի կառավարիչն օֆշորային գոտում է գրանցված: Եվ հիմա, փաստորեն, Մանվել Բադեյանը պետք է զբաղվի հետաքննությամբ: Կարծում ենք՝ առանձնապես դրա կարիքը չկա: Նա պարզապես կարող է համացանցում երկու-երեք որոնման արդյունքում բացահայտել, թե ինչ կազմակերպության է պատրաստվում վստահել ՀՀ կառավարությունը Հայաստանի Հանրապետության երիտասարդության ապագան: Իսկ այն, որ օֆշորը չի նշանակում «անազնիվ ընկերություն», արդեն «մահացու» էր:
«Իհարկե, Հայաստանի ներգրավումը դիվանագիտական խողովակներով պետք է լիներ… բայց «Ժնեւ-2»-ի հիմնական կազմակերպիչը ՄԱԿ-ն է, եւ ինքն է որոշում մասնակից երկրների շրջանակը»:
Հրանուշ Հակոբյան Galatv.am
Սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնող Հրանուշ Հակոբյանն այլ բացատրություն չունի այն հարցին, թե ինչու Սիրիայի խնդիրներով հունվարի 22-ին գումարված «Ժնեւ-2» համաժողովին մասնակից պետությունների շարքում չկա Հայաստանը այն դեպքում, երբ այդ երկրում 50 հազարանոց համայնք ունենք: ՀՀԿ-ական նախարարը կարծես թե փորձում է արդարացնել գործադիրի անգործությունը: Իսկ եթե սփյուռքի նախարարությունն ինքնակոչ տիեզերագնացների ընդունելությամբ զբաղվելու փոխարեն զբաղվեր իր բուն պարտականություններով, գուցե այսօր ՄԱԿ-ը Հայաստանի հետ էլ հաշվի նստեր:
«Մաքսանենգության կասկածանքով անմիջապես որոշում եմ կայացրել բեռնատարը… Մեղրիից տեղափոխել Երեւան եւ ենթարկել առավել մանրակրկիտ զննության»:
Վահրամ Գուրողլյան 168.am
Մոտ 928 կգ. հերոին տեսակի թմրամիջոցի հայտնաբերումը, իհարկե, ուշագրավ երեւույթ էր ողջ տարածաշրջանի համար: Սակայն մենք գիտենք, որ դա տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության եւ ՀՀ ԱԱԾ-ի համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում: Իսկ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետի հարցազրույցից այնպես է ստացվում, թե դա միայն ՊԵԿ-ի շնորհն է: Այսինքն՝ ՊԵԿ-ը փորձում է ԱԱԾ-ի ձեռքից վերցնել հաղթանակի դափնիները եւ այս հաջողությունն ամբողջովին իրեն վերագրել: Սա առնվազն, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, «սիրուն չէ»:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ