ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻ ԽԱՆԳԱՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՆ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե Հայաստանի պետական պարտքի աճը նորմալ երեւույթ է: Ըստ պատգամավորի՝ ՀՀ արտաքին պարտքը գտնվում է թույլատրելի սահմաններում, իսկ մեր երկիրը համարվում է համեմատաբար թեթեւ արտաքին պարտք ունեցող:

-Պարո՛ն Նիկոյան, վստահ եմ` Դուք եւս լավ եք հիշում Ձեր կուսակցության առաջնորդի` Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե 7 տոկոս տնտեսական աճ չապահովելու դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա: Անցած տարի, սակայն, կառավարությունը կարողացավ ապահովել ընդամենը 3.5 տոկոս տնտեսական աճ: Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի ՀՀ կառավարության հաջորդ քայլը:
-Նախագահը պահանջել է 7 տոկոս տնտեսական աճ ու նշել, որ եթե չապահովվի, ապա քննարկման առարկա կդարձնենք հարցը: Իսկ այդ հարցն արդեն նախագահի քննարկման ու որոշման հարցն է: Կա քաղաքական առաջադրանք… կառավարության առջեւ դրվել է առաջադրանք, որտեղ քաղաքական խնդիրը ձեւակերպված է, կառավարությունը այդ ձեւակերպված խնդիրը չի կատարել, չնայած կառավարությունը շատ ավելի քիչ էր նախատեսել, որ կկատարի: Գնահատման խնդիր է: Եթե քննարկման արդյունքում տեսնեն, որ դա օբյեկտիվորեն այլ կերպ կարող էր լիներ, դա իրենց խնդիրն է… որովհետեւ աշխարհում շատ կառավարություններ նախատեսում են տնտեսական զարգացման որոշակի ցուցանիշ եւ չեն կատարում: Եթե դա կապված է օբյեկտիվ գործոնների հետ, ապա դա ուրիշ խնդիր է, եթե դա զուտ սուբյեկտիվ՝ կառավարության կազմակերպչական աշխատանքների արդյունք է, ապա դա արդեն շատ ուրիշ խնդիր է: Դրա համար ասում եմ՝ քննարկման առարկա կդարձնենք… խոսքն այդպես է եղել: Պետք է քննարկել, թե ինչի արդյունքում է, որ ունենք 3.5 տոկոս տնտեսական աճ: Դա լա՞վ է, թե՞ վատ է: Կարող էր ավելի՞ն լինել, թե՞ ավելի քիչ պետք է լիներ: Տեսնում եք՝ Ռուսաստանը որքան էր նախատեսել ու որքան է կատարել: Նորից եմ ասում` քաղաքական պահանջ է դրված:
-Բայց Սերժ Սարգսյանի հայտարարությունը կոնկրետ էր, եւ որեւէ խոսք չկար հարցը քննարկման առարկա դարձնելու մասին, ինչպես Դուք եք նշում: Այսինքն` առաջադրանքը չկատարելու դեպքում կառավարությունը պետք է անմիջապես հրաժարական ներկայացներ: Չե՞ք կարծում, որ Ս. Սարգսյանի խոսքը հարգող կառավարությունը պետք է արդեն իսկ հրաժարական ներկայացրած լիներ:
-Դա արդեն կառավարության խնդիրն է, եթե ինքը ինքնուրույն նման որոշում կայացնի, ապա ես չեմ խանգարի կառավարությանը նման որոշում կայացնել (ծիծաղում է-Ս. Գ.):
-Դուք՝ որպես օրենսդիր, գո՞հ եք ՀՀ կառավարության գործունեությունից եւ արդյո՞ք կցանկանայիք, որ այս կառավարությունը շարունակեր իր աշխատանքը:
-Երբեք աշխարհում չկա մի երկիր, որտեղ իրենց կառավարությունից գոհ լինեն, բոլոր տեղերում էլ անընդհատ պահանջում են կառավարությունից, դա լավ է: Շատ նորմալ է նաեւ, որ քննադատում են, խոսակցություններ են լինում, քննարկումներ են ծավալվում՝ կառավարության աշխատանքի հետ կապված: Մարդիկ են, տարբեր հարցերի հետ կապված՝ տարբեր կարծիքներ են հայտնում: Պառլամենտում չի՞ լինում, որ միմյանց վիրավորում են, հարցը քննարկում են, որի ժամանակ բանավիճում են: Ինչպես ամբողջ աշխարհում է, այնպես էլ մեզ մոտ դա կա: Դրան պետք չէ այլ կերպ վերաբերվել, կարծում եմ՝ քննարկումների արդյունքում է, որ հարցին լուծում է գտնվում: Մեկ-մեկ անգամ դժգոհում են, թե ինչու են սուր քննարկումներ լինում, մի քիչ էլ տոնայնություն է լինում, ասում են՝ վա՜յ, տոնայնություն կա, բա այդպես էլ պետք է լինի: Կա խնդիր, իսկ խնդրի շուրջ կարող են լինել տարբեր մոտեցումներ, որոնք պետք է հնչեն:
-Կառավարությունն այս տարիների ընթացքում հասցրել է եռապատկել ՀՀ արտաքին պարտքը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ միայն անցած մեկ տարվա մեջ ՀՀ պետական պարտքն ավելացել է 216 մլն դոլարով` 4 մլրդ 372 մլն դոլարից դառնալով 4 մլրդ 588 մլն դոլար: Ավելացել է նաեւ ՀՀ արտաքին պարտքը՝ 3 մլրդ 739 մլն դոլարից դառնալով 3 մլրդ 903 մլն:
-Մեր արտաքին պարտքը գտնվում է թույլատրելիության սահմաններում, մեր երկիրը համարվում է համեմատաբար, այսպես ասած, թեթեւ արտաքին պարտք ունեցող երկիր: Բոլոր երկրներն էլ արտաքին պարտք ունեն: Դրանք վերցնում են, որպեսզի իրենց երկրի մեջ ներդնեն եւ իրենց տնտեսությունը զարգացնեն: Այնպես որ, դրան էլ շատ նորմալ վերաբերվե՛ք, որովհետեւ եթե համեմատեք ուրիշ երկրների հետ, կտեսնեք, որ մեր պարտքը, ՀՆԱ-ով համեմատած, շատ թեթեւ է:
-Նշեցիք, որ գումարը վերցնում են, որպեսզի երկրի տնտեսությունը զարգացնեն, բայց այսօր Հայաստանի տնտեսությունը հետ է գնում:
-Մեր ուզած զարգացումը չէ, բայց 3.5 տոկոս տնտեսական աճ կա, չէ՞: Ռուսաստանը տեսե՛ք: Իսկ ինչո՞ւ եմ անընդհատ ՌԴ-ն շեշտում, որովհետեւ մեր տնտեսությունը էապես կախված է ՌԴ-ի տնտեսությունից:

 

 

 

 

 
ԱՐՍԵՆՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԻ

«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի: Բանը հասել է նրան, որ Գ. Արսենյանի կողմից ֆինանսավորվող mardik.am լրատվական կայքը դադարեցրել է իր աշխատանքը: «Ժողովուրդ»-ը փորձեց պատգամավորից պարզել, թե ինչ խնդիրներ ունի:

-Պարո՛ն Արսենյան, տեղեկություններ կան, որ Դուք այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունեք, ինչի պատճառով էլ մոտ 1 ամիս առաջ դադարեցվել է Ձեր կողմից ֆինանսավորվող լրատվական կայքի աշխատանքը: Իրականում նման բան կա՞:
-Իսկ ո՞վ է նման տեղեկություններ տարածում: Նախ՝ պետք է ճշտել, թե նշված լրատվական կայքի ֆինանսավորումը ով է իրականացնում: Բայց ես ասում եմ, որ ես ֆինանսական խնդիր չունեմ: Այսպես ասեմ. «ֆորբսային» համեմատությունների հետ կապված` հնարավոր է, որ ես այն ունեցվածքը չունեմ, ինչ այդտեղ է նշվում, բայց որ ֆինանսական Ձեր նշած լուրջ խնդիրներն ունեմ, դա իրականության հետ կապ չունի:
-Այդուամենայնիվ, նշվում է, որ Դուք անգամ մտադիր եք Ձեր ունեցվածքը վաճառել, քանի որ իսկապես հայտնվել եք ֆինանսական վատ վիճակում:
-Հայ ժողովրդի մտքի թռիչքի, շեշտում եմ` հետաքրքրասեր մտքի թռիչքի սահմանները շատ մեծ են: Դրա համար ես ինչպե՞ս կարող եմ մարդկանց զրկել նմանատիպ հարցի քննարկման հաճույքից: Մարդիկ ենթադրություններ են անում: Լրատվական կայքի հետ ես առնչություն չունեմ, ես անցյալ տարվա՝ 2013թ. փետրվար ամսից որեւէ կապ չունեմ Ձեր կողմից նշված կայքի հետ: Ընդհանրապես, ոչ թե միայն ֆինանսական առումով, այլ առհասարակ որեւէ կապ չունեմ: Իսկ ինչ վերաբերում է իմ ֆինանսական վիճակին, այն շատ բավարար վիճակում է գտնվում: Մի բան էլ. 1000 խոշոր հարկատուների ցուցակում ինձ պատկանող «Արսօյլ» ընկերությունը 12-րդն է: Իսկ եթե վերլուծում ենք այդ ամենը, ապա կարելի է եզրակացնել, թե ինչն ինչոց է:
-Որպես ԲՀԿ խմբակցության պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջիկա համագումարից ի՞նչ ակնկալիք ունեք, ի՞նչ հարցեր եք պատրաստվում քննարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
-Համագումարը բարձրագույն մարմին է, ու եթե հարցեր բարձրացվեն, կքննարկենք: Բայց այժմ ես չեմ կարող ասել, թե ինչ հարցեր են բարձրացվելու, եւ ինչպես են դրանք քննարկվելու:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

 
ԼՈՒՐԵՐ

 

ՀԻՄԱ ԵՐԵՔՈՎ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում փոփոխություն կատարելով եւ Զարուհի Փոստանջյանին ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանով փոխարինելով, բավական մեծ լավություն է արել Դավիթ Հարությունյանին: Բանն այն է, որ վերջինս այսուհետ ստիպված չի լինի ԵԽԽՎ հայկական պատվիրակության ասուլիսներին մասնակցել միայն ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ` այդպես ընդգծելով, որ պատվիրակության մյուս անդամները բոյկոտում են իրենց ասուլիսները: Երեկ, օրինակ, Հարությունյան-Հովհաննիսյան զույգին միացել էր նաեւ Մհեր Շահգելդյանը, եւ քաղաքական «բազմակարծության» տպավորություն էր: Ի դեպ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ասուլիսներին վերջերս չի մասնակցում նաեւ ՀՀԿ խմբակցության ՄԻԱԿ կուսակցության անդամ Նաիրա Կարապետյանը:

 

Ի ՀԵՃՈՒԿՍ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հայաստանում գնաճը նահանջելու փոխարեն շարունակվում է մեծ տեմպերով. ԱՎԾ տվյալների համաձայն՝ միայն այս տարվա հունվարին գնաճը 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5.5 տոկոս: Ընդ որում, միայն 4.2 տոկոսով աճել են պարենային ապրանքների, 3.4 տոկոսով` ոչ պարենային ապրանքների եւ 9.1 տոկոսով` ծառայությունների գները: ԱՎԾ-ն հրապարակել է նաեւ մեկ այլ ուշագրավ թիվ. 2010թ. համեմատ՝ այս տարի գնաճը հասել է 22.2 տոկոսի, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` 2.8 տոկոսի:

 

ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Կառավարության առաջիկա նիստում ընդգրկված է Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու որոշման նախագիծը: Ասել է թե՝ կառավարությունը պետք է համաձայնի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վրաստանի կառավարության հետ համապատասխան համաձայնագիր կնքի: Սա ուշագրավ է այն առումով, որ վերջին տարիներին հարեւան Վրաստանը դարձել է հայերի` տուրիզմի կենտրոն. ամռան ամիսներին Վրաստանի ծովափնյա քաղաքներում ավելի շատ հայ կարելի է տեսնել, քան Երեւանի փողոցներում: Նույնը, սակայն, չես ասի վրացիների` Հայաստան այցելելու մասին:

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԿՈԾԿՈՒՄ

2013թ. սեպտեմբերի 25-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի 1-ին ուղեփակոցի մոտ հրազենից մեկ կրակոցով սպանվել էր Գառնու տեղամասի տեսուչ Մխիթար Սեդրակյանը: Դեպքից անցել է 5,5 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր էին սպանել նրան: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված տեսուչի կինը՝ Թամարան, պատմեց, որ իր ամուսնու մահվան վկայականի մեջ գրված է, թե նա մահացել է արյան զեղումից. «Փաստաթուղթը ստացել եմ օրեր առաջ, ու երբ տեսա, թե ինչ է գրված, ապշել էի: Ինչո՞ւ չեն գրել, թե ինչից է մահացել իմ ամուսինը, նրա դիակը գտել են, կրակոցի հետքերն էլ մարմնի վրա էին: Ինչո՞ւ են թաքցնում: Ես մոտ օրերս պետք է գնամ Արտաշատի բաժին եւ հասկանամ, թե ինչ է կատարվում: Միգուցե այսպես ցանկանում են կոծկե՞լ գործը»:




Լրահոս