Կհեշտացվի Իրաքի քաղաքացիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում փոփոխություն կատարվեց ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում: Դեռևս 2012 թվականի հուլիսի 26-ին ընդունված որոշմամբ՝ հաստատվել էր այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

Այդ որոշումը տարածվում էր մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը ծագած` Լիբանանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներին առնչվող հարաբերությունների վրա:

Սակայն ելնելով Իրաքում ստեղծված իրավիճակներից` անհրաժեշտ է որոշման գործողությունը տարածել նաև Իրաքի քաղաքացիների վրա և, հաշվի առնելով, որ նշված երկրներում իրավիճակը դեռևս չի կարգավորվել, նպատակահարմար է որոշման գործողությունը երկարաձգել՝ տարածելով մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը ծագած հարաբերությունների վրա:

Նախագծով առաջարկվում է որոշման գործողությունը տարածել նաև Իրաքի քաղաքացիների վրա և հնարավորություն տալ Իրաքի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:




Լրահոս