Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե պատերազմի դեպքում ինքն է մեծահարուստների որդիներին դիրքեր ուղարկելու: «Մասնակցելու են, ո՞նց չեն մասնակցի, սաղին կտամ դեմս կքշեմ, կտանեմ ընդեղ: Էն վախտ էլ եմ տարել, ընենց մարդ չի մնացել, որ ընձնից փախել ա», -հավաստիացրել է պատգամավորը:
Գեներալ Մանվել Գրիգորյանն անդրադարձել է նաեւ իր այն հայտարարությանը, թե ինքը Բաքվում թողած գործ ունի. «Ես ոչ միայն Բաքվում կիսատ թողած գործեր ունեմ, այլեւ աշխարհի լյուբոյ երկրում: Ով փորձի իմ երկրին, իմ պետությանը, իմ ժողովրդին վնասել, ես իրանց բան ունեմ ասելու»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է մի քանի մեծահարուստների հետ՝ պարզելու՝ արդյոք նրանք պատրա՞ստ են պատերազմի դեպքում իրենց զավակներին ուղարկել ճակատ` հայրենիքը պաշտպանելու:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆ
-Պարոն Արսենյան, պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում պատրա՞ստ եք Ձեր որդուն սահման ուղարկել:
-Իմ որդին այս պահի դրությամբ բանակում է ծառայում:
-Մանվել Գրիգորյանը հայտարարել է, թե եթե պատերազմի ժամանակ մեծահարուստների որդիները ճակատ չգնան, ինքը նրանց «կքշի» այնտեղ: Դուք նման բան թույլ կտա՞ք:
-Ես տեղյակ չեմ, թե գեներալն ինչ է հայտարարել, բայց ես արդեն ասացի, որ հենց հիմա իմ տղան ծառայում է բանակում: Ի դեպ, իմ տղան հայոց բանակում ծառայության է անցել երկու բարձրագույն կրթություն ստանալուց հետո:
-Իսկ ըստ Ձեզ, պատերազմական գործողությունների դեպքում մեծահարուստներն իրենց զավակներին ինքնակամ կուղարկե՞ն հայրենիքը պաշտպանելու: Անձամբ Դուք, նման բան կանե՞ք:
-Ախր հայրենիքի նկատմամբ մարդու վերաբերմունքը որեւէ կապ չի կարող ունենալ ֆինանսի հետ, դա փոխկապակցված չէ ֆինանսական ռեսուրսի հետ, դրանք միմյանց հետ կապ չունեցող բաներ են: Նման հայտարարություններ անողներին, նրանց, ովքեր որոշում են, թե նման փոխկապակցվածություն գոյություն ունի, պետք է ստուգել՝ հասկանալու, թե իրենք ինչ պրոբլեմ ունեն:
-Բայց պարոն Արսենյան, մի՞թե տեղյակ չեք, որ այսօր մեծահարուստները շատ մեծ գումարներ են վատնում, միայն թե կարողանան իրենց զավակներին ազատել հայոց բանակում ծառայելուց: Չե՞ք կարծում, որ դա է պատճառը, որ այսօր հասարակության շրջանում նման տպավորություն է ստեղծվել:
-Մարդիկ տարբեր են լինում, այսօր լիքը մարդ կա, որ չի ծառայում բանակում առողջական պատճառներից ելնելով, մարդ կա՝ չի ծառայում բանակում, որովհետեւ երկրում չի գտնվում, դա սովորական քաղաքացու վերաբերմունքն է իր հայրենիքի նկատմամբ: Բայց այդ դեպքում որեւէ կապ չունի, թե քաղաքացու նյութական բարեկեցությունն ինչ աստիճանի վրա է գտնվում: Նախ՝ ցանկացած ծնող պետք է ձգտի, որպեսզի պատերազմ չլինի, պետք է սկսել դրանից: Պատերազմում ավելի շատ տուժում են երիտասարդները: Սրանք շատ լուրջ ու նուրբ թեմաներ են:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐԿԱԴԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (Դերժավայի Արկադ)
-Պարոն Համբարձումյան, Աստված ոչ արասցե, պատերազմի վերսկսման դեպքում Դուք թույլ կտա՞ք, որպեսզի Ձեր որդին շփման գիծ մեկնի ու հանուն իր հայրենի հողի պայքարի հակառակորդի դեմ:
-Իհարկե այո:
-Գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել է, որ եթե անգամ մեծահարուստները թույլ չտան, որպեսզի իրենց որդիները սահման մեկնեն, ինքը դա կանի: Դուք համամի՞տ եք նրա հետ:
-Իմ որդին դեռեւս 16 տարեկան է, իհարկե ինքը պետք է ծառայի հայոց բանակում ու հարկ եղած դեպքում հայրենիքը պաշտպանի:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԱԼԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ՄԱՊ-ի Ալիկ)
-Պարոն Պետրոսյան, պատրա՞ստ եք Ձեր որդուն ուղարկել սահման, եթե պատերազմը վերսկսվի:
-Ես չեմ հասկանում, թե այդ ինչ տրամաբանության մեջ են նման հայտարարություններ անում, եթե պատերազմ լինի, ես էլ կգնամ, դու էլ կգնաս: Իմ տրամաբանության մեջ չի մտնում, որ եթե հայրենիքը վտանգի մեջ է` ինչ-որ մեկը կարող է չգնալ, հարուստ է, կամ քյասիբ է, տղա է, թե աղջիկ, մենակ տղերքը չէ, աղջիկներն էլ պետք է գնան: Ես այդպես եմ կարծում:
-Բայց այսօր մեծահարուստներն անգամ թույլ չեն տալիս, որպեսզի իրենց զավակները հայոց բանակում ծառայեն, էլ ուր մնաց` պատերազմի դեպքում իրենց սիրասուն բալիկներին ուղարկեն մարտի դաշտ:
-Ես չեմ կարծում, որ նման բան կա, դրանք ենթադրություններ են, իսկ դուք այդ հարուստ պապաներին հարցրե՞լ եք, թե ինչու չեն թողնում, որ գնան: Ինչ է, ես պակա±ս հայրանասեր եմ, հայրենասիրություն ունենալն ի՞նչ կապ ունի մարդկանց ֆինանսի հետ: Եթե մարդը հայրանասեր է, ապա կապ չունի, թե նա ինչ կարգավիճակում է ապրում: Եթե այսօր մարդը հայրանասեր չեղավ ու նաեւ հաց չունեցավ ուտելու, ապա կարող է իր զավակին չթողնել, որպեսզի սահման մեկնի` հայրենիքը պաշտպանելու: Դա իմ տեսակետն է:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ