Գ. Հարությունյանը որևէ առանձնազրույց չի ունեցել Գ. Ծառուկյանի հետ. ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը որեւէ առանձնազրույց չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԴ մամուլի ծառայությունը:

«Գագիկ Հարությունյանն երբեւիցե Գագիկ Ծառուկյանի հետ նման հարց չի քննարկել, մտերմական հարաբերություններով հանդերձ վերջին ամիսներին նրա հետ որեւէ առանձնազրույց չի ունեցել: Ու ընդհանրապես` սահմանադրական բարեփոխումների հարցում Գագիկ Հարությունյանը մասնագիտական քննարկումներից ու հանրային իրազեկումից բացի որեւէ մակարդակում գաղտնի կամ ոչ գաղտնի հանդիպումներ չի ունենում»,-ասված է հաղորդագրությունում:

Նշենք որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում՝ հանդիպումը եղել է Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

«Հանդիպման ժամանակ քննարկման միակ հարցը եղել է առաջիկա Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն դեմ է, եւ կուսակցության որոշ անդամներ շատ կոշտ են արտահայտվել ՍԴ փոփոխությունների դեմ, մասնավորապես, երկրի կառավարման ձեւի փոփոխության շուրջ:

ԲՀԿ-ականները կարծում են, որ երկրում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե Սահմանադրությամբ, այլ դրանում ամրագրված նորմերի կիրառման, կյանքի կոչելու պատրաստակամության բացակայությամբ, այլ կերպ ասած՝ քաղաքական կամքի բացակայությամբ:

Գագիկ Հարությունյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Գագիկ Հարությունյանը փորձ է արել համոզել Ծառուկյանին՝ փոխել իր մոտեցումը ՍԴ փոփոխությունների վերաբերյալ եւ թույլ տալ, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, երբ դրվի քննարկման, անցնի անաղմուկ մթնոլորտում:

Գագիկ Ծառուկյանը, սակայն, անդրդվելի է եղել: Նա հերթական անգամ պնդել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին եւ պայքարելու է մինչեւ վերջ, որպեսզի դրանք տեղի չունենան, եւ հատկապես երկրի կառավարման ձեւը փոփոխության չենթարկվի: Խիստ գաղտնի այս հանդիպումը հենց այս մթնոլորտում էլ ավարտվել է»,-գրել էր թերթը




Լրահոս