2013թ. հոկտեմբերի 12-ին Վանաձոր քաղաքում սպանված Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմի ավագ Դավիթ Հովակիմյանի մահվան գործով օրերս ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը: 11 ամիս անց դեպքից նոր դրվագներ են բացահայտվում:
Նախ հիշեցնենք, թե ինչպես էր դեպքը տեղի ունեցել: Նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին Աջափնյակ վարչական շրջանի ձեռքի գնդակի թիմը գնացել էր Վանաձոր` մրցումների ու չեմպիոն էր դարձել: Դավիթի հոր` Հակոբ Հովակիմյանի խոսքով` իր որդին հոկտեմբերի 11-ի գիշերը մարզիչի` Հրաչ Մխիթարյանի հետ իրենց հատկացված սենյակում է եղել, ու նրան զանգահարել են Ալավերդի քաղաքի թիմից մի տղա եւ օգնության կանչել: Ավելի ուշ Դավիթի ընկերները զանգահարել էին Երևան և Դավիթի հորն ասել, որ իր որդին կռիվ է արել եւ նրան խփել են:
Սպանված Դավիթի ծնողները դեռեւս այն ժամանակ ասել էին, որ տղայի կյանքը կարող էին փրկել, եթե Վանաձորի բժիշկ Ղուկասյանը ճիշտ ժամանակին բացեր և տեսներ` դանակի հարվածը ծակե՞լ էր իր որդու սիրտը, թե` ոչ: Ինչևէ, տղայի սպանության գործով կալանավորվել էր Վանաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Կունգորցևը:
Նոր բացահայտումներ 11 ամիս անց
Այս պատմության մեջ շատ անհասկանալի և մութ կետեր կան: Նախ` կալանավորված Կարենը բարձրաձայնեց, որ ինքը կապ չունի Դավիթի սպանության հետ: Ավելի ուշ, Վանաձորում լուրեր էին պտտվում, որ սպանությունը կատարել է Վանաձոր քաղաքի Ազգային անվտանգության աշխատակից Արտակ Բաբայանի անչափահաս տղան, ով նույնպես զբաղվում է սպորտով։
Իսկ ահա դեպքից 11 ամիս անց գործի շրջանակներում ձերբակալվել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանը` մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կասկածանքով: Մեզ հայտնի դարձավ, որ Դավիթի ծնողներին չի բավարարել «Բժշկի մասնագիտական պարտականությունները ճիշտ չկատարելու մասին» առաջին փորձաքննության եզրակացության արդյունքները:
Նրանք պահանջել են երկրորդ անգամ փորձաքննություն անցկացնել, որտեղ նշանակված հանձնաժողովը բժիշկ Ղուկասյանին ցույց է տվել 10-ից ավելի սխալներ, որոնք նա թույլ է տվել իր մասնագիտական պարտականությունների կատարման արդյունքում: Մինչդեռ 2013-ին բժիշկ Ղուկասյանը «Ժողովուրի»-ի հետ զրույցում ասել էր, թե Դավիթի վիճակը բարդ էր և իրենք բժշկության կանոնները պահպանելով ամեն ինչ արել են տղայի կյանքը փրկելու: Բայց պարզվում է` այդ օրերին նա ստում էր, քանի որ դեպքից 11 ամիս անց տղային փրկելու հարցում ոչ այդքան ճիշտ վարվելու համար բժիշկը հայտնվեց ճաղերի հետեւում:
Սպանողն ազատության մեջ է
Սա դեռ վերջը չէ. «Ժողովուրի»-ի տեղեկություններով` սպանված տղայի հարազատներն այս ամիսների ընթացքում հետեւելով գործի քննությանը, հասկացել են, որ իրենց որդուն սպանողը Կարեն Կունգորցևը չէ: Բանն այն է, որ մինչ օրս հայտնաբերված չէ այն դանակը, որով սպանել են Դավիթին: Ավելին` սպանված տղայի հարազատներին հայտնի է դարձել, որ Կունգորցևի գրպանում արյան հետք է եղել, սական փորձագիտական եզրակացությամբ ապացուցվել է, որ այն Դավիթի արյունը չէ: «Այս ընթացքում որևէ ապացույց չկա, որ Կարենն է սպանել Դավիթին: Քննիչները հիմնվել են միայն կռվի մասնակից երեխաների խոսքի վրա: Մենք հասկացել ենք մի բան, որ Կարենը Դավիթի սպանության հետ կապ չունի, իսկ թե ով է սպանել մեր տղային, անհասկանալի է: Ավելին` ստուգվել են կռվի բոլոր մասնակիցների հեռախոսազանգերը, և որևէ կապ չի գտնվել Դավիթի ու կռվի մասնակից Կարենի հետ»:
Թերթին հասած տեղեկություններով` սպանված 15-ամյա տղայի ծնողները ոստիկանությունում եւս հայտարարել են, որ Կարենն առնչություն չունի սպանության հետ:
Տեղեկացնենք, որ գործը վերը նկարագրված դրվագների քննության եզրակացությամբ մոտ 15 օրից կմտնի դատարան: Դատելով ստեղծված իրավիճակից, կարելի է ասել` 15- ամյա տղայի իրական սպանողը դեռեւս ազատության մեջ է:
Քնար Մանուկյան