ՄԱՅՐԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում նախընտրական շրջանում արդեն երկրորդ կրակոցը հնչեց` այս անգամ արյունալի ելքով: Սպանվողը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ապագա փեսան էր` Կարեն Եսայանը: Ապրիլի 12-ի կեսօրին կայանալու էր Կարենի եւ Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի նշանադրության արարողությունը:
Գյումրու «Օազիս» ռեստորանում սեղանները ձեւավորել ու սպասել են փեսացուի  ընտանիքին: Սակայն Կարենն ուշացել է: Նրա հոր` Ռազմիկ Եսայանի ընկերներից մեկը, ով, ի դեպ, չցանկացավ ներկայանալ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց. «Առավոտյան` ժամը 9-ին, Կարենը տարել է մեքենան լվանալու Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ  4  հասցեում գտնվող ավտոլվացման կետում, հետո մեքենան վերցրել ու անհետացել է: Հայրն էլ դիմել է  ոստիկանություն»: Ըստ տեղեկությունների` մեքենան եւ սպանված Կարենին գտել են Վարդան Ղուկասյանի շրջապատի մարդիկ` «Մայր Հայաստան» հուշահամալիրից Սեւ Ղուլ ամրոց տանող ճանապարհին, այնուհետեւ տեղյակ են պահել ոստիկանությանը:
Հետաքրքիր զուգադիպությամբ` նույն օրը` արդեն կեսգիշերին, Գյումրու քաղաքային ոստիկանության դիմացի փողոցում, երբ ոստիկանների ու քննիչների խումբը դուրս է եկել ոստիկանության շենքից եւ դեպքի վայրում զննություն իրականացնելու նպատակով փորձել մեքենա նստել, վրաերթի է ենթարկվել, այնուհետեւ  հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության քննչական խմբի անդամ, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի բաժնի ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը: Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանը եւ գործը քննող խմբի անդամներն անմիջապես հերքեցին, որ այս երկու դեպքերը կարող են որոշակի տրամաբանական կապ ունենալ` ավագ քննիչի հետ կատարվածը որակելով որպես փորձանք: Նշենք, որ վրաերթի ենթարկած մեքենայի տիրոջ ինքնությունը բացահայտվել է. նա Գյումրու քաղաքացի Ռաֆիկ Մուրադյանն է, որն արդեն   ձերբակալված է:
 Ինչ մնում է Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի մահված գործի մանրամասներին, ապա դրանք բավականին երկար քննարկվեցին ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների համատեքստում: Սպանություն կատարելու մեջ կասկածվող անձը` Հարություն Սարգսյանը, Գյումրիում հայտնի է որպես ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավոր, ավելի կոնկրետ, նրա հետ քավոր-սանիկ հարաբերություններով կապված երիտասարդ: Սակայն այս տեղեկությունները հերքվեցին, եւ խնդիրը փորձեցին քաղաքական դաշտից տեղափոխել անձնական դաշտ: «Հարություն Սարգսյանը եւ նրանց ընտանիքը պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի կապ, առնչություն չունի` ո՛չ ազգակցական եւ ո՛չ էլ քավոր-սանիկային»,-հայտարարեց ԲՀԿ անդամ, պատգամավորի խորհրդական Աղասի Աբրահամյանը: Այնուհետեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հորդորեց հարցին քաղաքական ենթատեքստ չտալ:
Մենք հնարավորություն ունեցանք լսելու նաեւ ձերբակալված Հարություն Սարգսյանի մորը: Հարություն Սարգսյանն Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է: Նրա մայրը` Անահիտ Նիկոլյանը, մեզ փոխանցեց հետեւյալը. «Հարցը փորձում են քաղաքականից շեղել, ասում են` իբր խանդի հողի վրա սպանություն է եղել, որ իբր իմ տղան է եղել, բայց իմ տղան Աշոցքի երեխա է: Նա որտեղի՞ց ճանաչեր (նկատի ունի Վ. Ղուկասյանի դստերը-Ք.Մ.): Նա էդ օրը Բավրայից էր եկել, նոր էր տուն մտել, որ ոստիկաններն էկան, թե մարդ է կորել, ու ասացին` արի՛ բաժին: Բերման չեն ենթարկել, նա իր ոտով է գնացել երեկ` կեսօրին: Երկու օր պահել, մի լավ ջարդել են, հիմա էլ Երեւան են տարել: Նա տեղյակ չէ, էդ կեղտն ուզում են էրեխի վրա գցել, ինչ է թե ԲՀԿ գրասենյակներ է մտնում-ելնում, քարոզներին է մասնակցել, մի խոսքով, մտերիմներ ունի: Հարցը քաղաքական է, թող ուրիշ բան չսարքեն»:
Նշենք, որ սպանված Կարեն Եսայանին Գյումրիում համեստ վարքագծով են բնութագրում: Նրա հայրը` Ռազմիկ Եսայանը, աշխատել է Շիրակի մարզպետարանում որպես տնտեսվար այդ կառույցի հիմնադրման օրվանից: Վերջին 10 տարում նա բնակության էր տեղափոխվել ԱՄՆ: Իսկ 3 տարի առաջ էլ ԱՄՆ էր տեղափոխվել ամբողջ ընտանիքը: Կարենի մայրը` Անահիտ Եսայանը, եւս կիրթ կին է, հայտնի գործարար, ով քաղաքի կենտրոնում` Կիրովի փողոցում, շորերի խանութ ունի, որը Գյումրիում հայտնի է «Լեհական կոմիսիոն» անունով: Վերջիններս, տարվա կեսը բնակվելով ԱՄՆ-ում, մյուս կեսը պարտադիր անցկացնում էին հայրենիքում:
Կարեն Եսայանը նոր էր վերադարձել ԱՄՆ-ից: Նրան ճանաչողները բնութագրում են որպես գրագետ երիտասարդ, որն ուներ պոլիտեխնիկական կրթություն եւ շատ հեռու էր կրիմինալ աշխարհից:
Նշենք, որ սպանության մեջ կասկածվող նախկին ոստիկանապետի որդին եւս առեւտուր է անում. նա Գերմանիայից, ԱՄՆ-ից մեքենաներ է բերում ու հայրենիքում իրացնում: Այնպես որ, չի բացառվում, որ սպանությունը տեղի ունենար նաեւ բիզնեսի հետ կապված խնդիրների  հետեւանքով:

լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Գյումրի




Լրահոս