Թուրքական Radikal-ի սյունակագիր Ալի Թոփուզն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի թեզերին՝ առաջարկելով այդ ամենից ազատվելու համար հրաժարվել ժխտողականությունից եւ պատրաստ լինել փոխհատուցման։ Թուրք լրագրողը նշում է, թե դժվար է խոսել 1915-ից, սակայն լռելն է անհնար է։ “1915-ի մասին հեշտությամբ խոսելու 2 ճանապարհ կա՝ ժխտողականություն եւ սուգ։ Ժխտողականության ճանապարհը պետության ընտրած ճանապարհն է։ Սուգն ընտրել են նրանք, ովքեր չեն ցանկանում այդ հանցանքին մեղսակից լինել եւ չեն ցանկանում, որ նման հանցանք երեւէ կրկնվի”,-նշում է Ալի Թոփուզը՝ մեջբերելով թուրքական ժխտողականության 5 կետերը՝ “Պատմությունը թողնենք պատմաբաններին”, “Մեր պապերը չեին կարող ցեղասպանություն իրականացնել”, “Այն ժամանակ “ցեղասպանություն” տերմինը չկար” “Իմպերիալիստների խաղերն են” եւ “Հայկական սփյուռքը սատանա է”։
Radikal-ի թղթակիցը քննադատում է բոլոր այս կետերի շրջանակներում թուրքական կողմի բերած արգումենտները՝ նշելով, թե հարցը լուծել կլինի, եթե Թուրքիան հրաժարվի ժխտողականությունից, հայտարարի, որ պատրաստ է փոխհատուցման, ներողություն հայցի եւ սգա։ “Այն ժամանակ արդեն ” Սփյուռքը սատանա է” հեքիաթը ոչ մեկին պետք չի գա”։