ՈՎ ՊԵՏՔ Է ՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՎՆԱՍԸ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը արդեն 3 օր է՝ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով արդարության վերականգնում եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ ընթացքում նա ժամանակ չի կորցնում նաեւ գումար աշխատել: Արդեն 7 ամիս է, ինչ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի միջոցով դատապարտվածներից գումար է պահանջում իր դեմ մահափորձի համար:
Չնայած արդեն շուրջ 1 տարի է, ինչ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալները հայտնվել են ճաղերի հետեւում եւ իրենց պատիժն են կրում տարբեր քրեակատարողական հիմնարկներում, այս պատմության շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:
Բանն այն է, որ ԱԻՄ առաջնորդը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ:
Քաղաքացիական գործով հայցի պահանջի գումարի չափը սահմանվել է՝ հաշվի առնելով Հայրիկյանի բուժման ծախսերը: Նախագահի նախկին թեկնածուն 20 միլիոն 500 հազար դրամ ծախսել է մարտի 28-ից մինչեւ մայիսի 16-ը արտերկրում վիրահատվելու եւ բուժվելու համար: Եվս 20 միլիոն 500 հազար դրամ նրան անհրաժեշտ է երկրորդ վիրահատության եւ բուժման համար, քանի որ, ըստ հայցադիմումի, բելգիացի բժիշկները եզրակացրել են, որ առաջիկա երկու տարիներին Հայրիկյանին երկրորդ անգամ վիրահատելու անհրաժեշտություն կառաջանա:
Հայրիկյանի փաստաբանը հաշվարկել է նաեւ մինչեւ 2015 թվականի ապրիլ նրան անհրաժեշտ դեղորայքի ծախսը, եւ 2 միլիոն 424 հազար դրամ էլ պահանջում է սպասվող այդ ծախսերը փոխհատուցելու համար:
Հիշեցնենք, որ արտերկրում Պարույր Հայրիկյանի առաջին վիրահատության ծախսերը փոխհատուցելու համար Հայաստանի կառավարությունն այս տարվա գարնանը համապատասխան որոշմամբ իր պահուստային ֆոնդից նրան հատկացրել էր անհրաժեշտ 20.5 միլիոն դրամը: Սակայն Հայրիկյանը որոշել է բուժման նպատակով նաեւ դատապարտյալներից գումար պահանջել:
Այս գործով դատական նիստը արդեն 7 ամիս է՝ քննվում է եւ դեռ հայտնի էլ չէ, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, սակայն դատապարտյալների հարազատներն առանձնապես անհանգստացած չեն, որ կարող է դատարանը վճռի, իսկ ԴԱՀԿ-ն էլ ստիպողաբար բռնագանձի պահանջված գումարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում դատապարտյալ Խաչատուր Պողոսյանի կինը՝ Նոնա Հակոբյանը, ասաց. «Մենք պետք է գումար ունենանք, որ տանք: Այդպիսի գումարներ չունենք: Նա ումից ուզում է, թող պահանջի: 14 տարի ամուսնուս դատապարտել են ու մի հատ էլ գումարնե՞ր տանք: Մենք ոչ էլ հետաքրքրված ենք այդ դատով ու չենք էլ գնում դատական նիստերին: Մի քիչ մարդկություն ունենալն էլ լավ բան է»,-վրդովված ասաց Նոնան՝ հավելելով, թե այս պատմությունից ամեն հարցում շահեց միայն Պարույր Հայրիկյանը:
Սամվել Հարությունյանի մայրը եւս ասաց, որ նա չունի այդ գումարը եւ չի պատրաստվում վճարել ԱԻՄ առաջնորդին:
Իսկ ահա էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, ասաց, որ ինքն անձամբ մասնակցում է դատական նիստերին եւ դեռ չգիտի, թե այս ամենի վերջը ինչ է լինելու. «Մեզ հետ այնպիսի բան պատահեց, որ ես այլեւս ոչ մի բանից չեմ զարմանում»:
Ըստ Ռուզաննա Սեդրակյանի՝ օրեր առաջ դատական նիստի ժամանակ դատարանը պահանջել է Հայրիկյանին ներկայացնել համապատասխան փաստաթղթեր՝ իր առողջական խնդիրների ծախսերի հետ կապված: Բայց նա եւս առանձնապես անհանգստացած չէր:
Այսպիսով, մի կողմից՝ Հայրիկյանը դատարան է դիմել իր առողջական խնդիրների փոխհատուցման պահանջով, մյուս կոմից էլ՝ արդեն 2 օր է, քաղցած է եւ առողջությունը քայքայող քայլ է իրականացնում: Հացադուլ է հայտարարել՝ հանուն արդարության:
Ինչեւէ, երբ Հայրիկյանին հայտնեցինք, որ դատապարտյալների հարազատները չեն պատրաստվում փոխհատուցել իր պահանջած գումարը, նա նկարագրեց իր տխուր վիճակը. «Ձեռքս դեռ չի աշխատում: Ես դեռ պետք է բուժվեմ: Ինչո՞ւ պետք է մեկ տարվա մեջ մի քանի անգամ նարկոզի տակ ընկնեմ: Ես հարազատների հետ գործ չունեմ, հարազատները թող իրենց հարազատին կարգին պահեին: Ինչո՞ւ պետք է մեր պետությունը մեր ծախսերը հոգար: Թող գումարները փոխհատուցեն, ինչն էլ կավելանա՝ բարեգործություն կանեմ»:
Հ. Գ. Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք, էպոսագետի կինը իր ամուսնու գործով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ օրեր առաջ Եվրոպական դատարանից պատասխանել են, թե ստացել են գործը եւ երբ գա ժամանակը, կուսումնասիրեն գործը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՐԲ ՈՐԴԻՆ ՉԿԱ, ԻՍԿ ԾՆՈՂՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ
Այն, որ Պաշտպանության նախարարության շատ օղակներ անգօրծության են մատնված, երեւաց նաեւ երեկ:
Երեկ առավոտյան ժամը 10-ից պաշտոնապես հրապարակվեցին տեղեկություններ այն մասին, որ սեպտեմբերի 7-ի երեկոյան՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Հարությունյանի դին:
Հաշվի առնելով, որ դեպքը եղել է երեկոյան, Armlur.am-ի թղթակիցը օրվա երկրորդ կեսին դեպքի մանրամասները պարզելու նպատակով այցելեց զինվորի բնակարան:
Զինվորի բնակարանի դռան թակոցներին առաջինն արձագանքել է հարեւանուհի Լիզան՝ հետաքրքրվելով, թե ում են ուզում: Թղթակցի խնդրանքին, թե կատարվածի մասին անձամբ ցանկանում է խոսել Սամվելի ծնողների հետ, հարեւանուհին զարմացել է, թե ինչ է կատարվել: Անելանելի դրության մեջ է հայտնվել լրագրողը՝ ստիպված լինելով տեղեկացնել, որ արդեն հրապարակվել է պաշտոնական տեղեկություն, որ զինծառայող Սամվելը մահացել է: Պատկերացնել կարելի է, թե շքամուտքում ինչ սարսափելի իրավիճակ է ստեղծվել: Սամվելի հարեւանուհու ճիչը սարսափելի վախեցրել է մյուս հարեւաններին:
Պարզվում է՝ ո՛չ հարեւանները, ո՛չ անգամ զինվորի ծնողները մինչեւ օրվա երկրորդ կեսը տեղյակ չեն եղել այդ սարսափելի դեպքի մասին: Սամվելի մայրը տեսնելով հարեւանների զարմացած ու արցունքակալած աչքերը ուշագնաց է եղել: Եվ միայն ժամը 14:00-ի սահմաններում զինվորի բնակարան են այցելել երկու զինվորական՝ մեկը՝ գնդապետ, որպեսզի ծնողներին հայտնեն մահացած որդու լուրը: Սակայն Սամվելի մայրը՝ տիկին Լիլյան, անդադար բղավում էր. «Մեռնեմ ես քեզ, տղես… գալու եմ մոտդ… խի՞ հենց դու…»: Զինվորի մոր անսպառ հարցերին, թե ինչո՞ւ այդպես եղավ, ո՞վ է մեղավորը, Պն զինվորականները պատասխաններ չունեին տալու:
Նշենք, որ երեկ օրվա ընթացքում լուրեր էին պտտվում, թե Սամվելն ինքնասպան է եղել: Armlur.am-ի հարցին, արդյոք հավատո՞ւմ են ինքնասպանության վարկածին, հարեւանուհի Լիզան պատասխանեց, որ նման քայլի Սամվելը չէր դիմի. «Ընդամենը երեկ ենք հեռախոսով զրուցել Սամոյի հետ: Սովորականի պես հանգիստ էր: Գոնե երեկոյան՝ այդ քայլին գնալուց առաջ, կզանգեր, թեկուզ չասեր, որ ուզում է կյանքին վերջ տալ, բայց մոր ձայնը երեկոյան վերջին անգամ լսելու ցանկություն կունենար: Դա ինքնասպանություն չի կարող լինել»:
Տիկին Լիզան նշեց, որ Սամվելը մերթընդմերթ բողոքում էր ծառայությունից ու ասում, որ համածառայակիցների հետ երբեմն կոնֆլիկտ էր ունենում. «Գիտե՞ք, կարծում եմ` դա անզգուշության հետեւանք է եղել: Կամ էլ, Աստված չանի, ինչ-որ մեկը գլխին սարքած լինի: Սա նույնպես չենք բացառում»։
Իսկ Լիզայի դուստրը՝ Տաթեւը, ամեն կերպ փորձում էր ուժ հավաքել իր մեջ՝ կատարվածի մասին Սամվելի քրոջը՝ Իզային ասելու, բայց երկար ժամանակ չէր ստացվում:
Իսկ թե ինչն է եղել զինվորի մահվան իրական պատճառը՝ դեռեւս հայտնի չէ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԲԼԹ
«Սուրեն Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում»:
Խոսրով Հարությունյան «Առավոտ»
ՀՀԿ խմբակցության պատգամավորի այս անգամվա մտքի երկունքը իրավամբ արժանի է դասվելու ՀՀԿ-ական մտքի գոհարների շարքում: Ավելին՝ Խոսրով Հարությունյանը ծերակույտի շրջանում ավելի զարգացրեց Սուրիկ Խաչատրյանի պաշտամունքի ժանրը: Փաստորեն մեծն «բդեշխը» իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում: Հետաքրքիր է՝ էլ ինչեր կարելի է ակնկալել նրանից: Իհարկե ոչ պետական կառավարման համակարգում, քանի որ այնտեղ կատարած նրա աշխատանքի պտուղներն արդեն քաղել ենք: Իսկ դրանից դուրս հասկանալի է դառնում, որ Սուրեն Խաչատրյանն ընդմիշտ է՝ ինչպես «կոկա-կոլան»:
«Ընդհանրապես Հայաստանը էսօր ընենց չի, որ պտի լիներ: Ոչ Քոչարյանի, ոչ էլ էսօր: Մեղավորը ես եմ, որ չեմ կարողանում ասեմ, որ հերիք ա, էլի…»:
Աշոտ Աղաբաբյան «Առավոտ»
Վերջին շրջանում միամտաբար «անկեղծանալը» կարծես թե ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավորի մոտ սովորույթ է դարձել: Նա սկսում է այնպիսի մտքեր հայտնել, որ մարդ ակամայից զարմանում է, թե ինչպես է Բուռնաշը դեռ մնում իր դիրքում: Կարծես թե նա պարզ խոստովանում է, որ Հայաստանի վիճակից, հետեւաբար եւ իշխանությունների քաղաքականությունից ինքը դժգոհ է եղել եւ Քոչարյանի ժամանակ, եւ դժգոհ է հիմա` Սերժ Սարգսյանի օրոք: Զարմանալ կարելի է, թե այդքանից հետո այդպիսի դժգոհ մարդն ինչպես է համառորեն միշտ մնում իշխանական ճամբարում եւ չի ասում՝ «հերիք ա, էլի…»:
«Ձեզ ո՞վ է ասում, որ ես լքում եմ: Գնում եմ իմ գրասենյակը աշխատեմ»:
Նահապետ Գեւորգյան 168.am
ԱԺ նիստերի դահլիճում ՀՀԿ-ական մեկ այլ օլիգարխ-պատգամավոր, ով հայտնի է որպես Նովո եւ միշտ «փայլել» է իր ինտելեկտով: Նա, պարզվում է, նաեւ անասելի աշխատասեր է: Բացի կոճակ սեղմելու գործառույթից, նա նաեւ գրասենյակ է գնում եւ ընտրողների հետ անմիջական շփում ունենում: Իսկ ի՞նչ կարող է անել նույն Նահապետ Գեւորգյանն իր գրասենյակում, ուր այդքան շտապում էր՝ լքելով նիստերի դահլիճը: Աշխատե՞լ, ինչի՞ վրա, ինչ-որ օրինագծի՞: Նույնիսկ պատկերացնելն անհնար է: Նա 10 տարուց ավելի պատգամավոր է, բայց դժվար է հիշել Գեւորգյանի հեղինակած օրենքներից գոնե մեկը։
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ