«ԵՍ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՉԵՄ ԽՈՍՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Կոնգրեսի նախընտրական քարոզարշավի սակավամարդ լինելը կապված է վախի մթնոլորտի հետ:
-Տիկի՛ն Թադեւոսյան, Դուք ակտիվ մասնակցում եք նախընտրական քարոզարշավին, Ձեր դիտարկմամբ, ի վերջո, այսօր ի՞նչն է մտահոգում ՀՀ քաղաքացուն, ի՞նչ ակնկալիքներ ունի:
-Նախ նշեմ, որ քաղաքացիների մի մասն անտարբեր է, մի մասը չի հավատում ոչ մի փոփոխության, իսկ քաղաքացիների մի մասն էլ բավականին ակտիվ է. ոչ միայն պատրաստ են գնալ ընտրությունների, այլեւ պատրաստ են աջակցել այն ուժերին, որոնք խոստանում են այս երկրում ինչ-որ մի բան փոխել: Եւ այդ առումով կարելի է ասել` Հայ ազգային կոնգրեսը գտնվում է շահեկան վիճակում իսկական քաղաքացիների աջակցության առումով: Քաղաքացին այսօր իրեն օտարված է զգում այս երկրում, նա իր թիկունքում չի զգում պետություն, կառավարություն, իշխանություն, նա մեն-մենակ է իր հոգսերի հետ: Քաղաքացին ուզում է ունենալ ապահով այսօր, քաղաքացին տաք ու սառը ջուր չի ուզում, քաղաքացուն մանր կենցաղային խնդիրներ այս ընտրությունների շրջանակներում չեն հետաքրքրում: Նա ավելի գլոբալ հարցերի լուծում է ուզում, իսկ այդ հարցերի լուծման ակնկալիքը կապված չէ գործող իշխանությունների հետ:
-Այնուամենայնիվ, ՀԱԿ-ի քարոզարշավը բավական սակավամարդ է, ի՞նչ եք կարծում,  ինչո՞ւ ՀԱԿ-ը կորցրեց իր ընտրազանգվածը:
-Ուրեմն մինչեւ Կոնգրեսի քարոզարշավների թվաքանակին անդրադառնալը, եկե՛ք անդրադառնանք իշխանությունների քարոզարշավների «մարդաշատությանը»: Մարդաշա՞տ են նրանց քարոզարշավները, այն դեպքում, երբ նրանք ունեն բոլոր ռեսուրսները, որպեսզի դրանք ավելի մարդաշատ լինեն, իհարկե ոչ: Եթե հետեւեք նրանց քարոզարշավներին, կտեսնեք, որ ավտոբուսներով տեղափոխում են մի վայրից մյուսը, որպեսզի ինչ-որ մի խումբ մարդկանց ներկայություն կարողանան ապահովել: Ավելին, եթե մի քիչ ուշացնում են այդ քարոզարշավը, մինչեւ իրենց ղեկավարի հարթակում հայտնվելը,  ժողովրդի մի մասը թողնում հեռանում է: Ուրեմն այստեղ հարցը քանակի մեջ չէ, որակյալ քաղաքացու մեջ է: Իսկ ով որ գալիս է Կոնգրեսի հավաքներին, նա հաղթահարել է վախը, առաջնորդվում է գիտակցությամբ: Իսկ հենց այդ վախի մթնոլորտն է, որ սակավամարդ է դարձրել Կոնգրեսի քարոզարշավները: Բայց ես չէի ասի, որ Կոնգրեսի քարոզարշավը սակավամարդ է, դա ուղղակի թաքնված ներկայություն է, իսկ ընտրությունների արդյունքում մենք կտեսնենք:
-Բայց ռուսական սոցհարցումների համաձայն էլ ՀԱԿ-ին ընդամենն ընտրողների 3 տոկոսն է ձայն տալիս:
-Ռուսական սոցհարցումներն էլ, Սուտիբեկ Ադիբեկյանն էլ, բոլոր սոցհարցումներն էլ  պատվիրված են: Դրանք պատվիրված են ոչ միայն նրա համար, որ ժողովրդի գիտակցության մեջ ամրագրեն այն թվերը, որոնք ցանկանում են հետագայում նկարել, այլ այդ սոցհարցումների միջոցով նրանք նաեւ փորձում են հասարակությանը պատրաստել կեղծիքներից հետո ստացված արդյունքներին: Ինչին մենք չենք համակերպվելու, որովհետեւ մենք այսօր քարոզարշավ ենք անում է եւ մենք իրականում գիտենք մեր ձայները, գիտենք, թե ժողովուրդն ինչպես է ընդունում Կոնգրեսին, եւ ինչքան ընտրող ունենք: Առնվազն 35-40 տոկոս ձայն գոնե Ավանի ընտրատարածքում մենք ունենք:
-Տիկի՛ն Թադեւոսյան, բավականին ակտիվ քարոզչություն է իրականացնում նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը, չե՞ք ափսոսում, որ այժմ այդ կուսակցության անդամ չեք:
-Ուրեմն ես «Ժառանգության» մասին չեմ խոսում, ես ժամանակ էլ չունեմ իրենց մասին հիշելու կամ մտածելու:
-Վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանայք «հարձակվել» էին ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի վրա, որից հետո միջադեպ  էր տեղի ունեցել նաեւ այդ կանանց եւ Ձեր միջեւ: Հիշո՞ւմ եք քարոզարշավը խոչընդոտողների դեմքերը,  նոր մանրամասներ բացահայտվե՞լ են այդ դեպքի առնչությամբ:
-Չէ՛, մանրամասներ չկան, ուղղակի մենք գնացել էինք` տեսնելու, թե Նիկոլի հետ ինչ է պատահել` պատրաստակամություն հայտնելով օգնել նրան` ընտրողին նամակները տեղ հասցնել: Եւ այդ բանդան անակնկալ հարձակվեց մեզ վրա այն պահին, երբ մենք շենքի շքամուտքում էինք: Եւ մեզ հրմշտելով դուրս հանեցին, հայհոյեցին, հետո հարձակվեցին: Այսինքն` կոպիտ ընտրախախտում, կոպտորեն խոչընդոտեցին քարոզչությունը: Եթե կան ընտրական մարմիններ, ապա նրանք պետք է պարտադիր օրվա քննության հարց դարձնեն Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը չեղյալ համարելը: Իհարկե նրանց դեմքերը հիշում եմ, մենք նրանց նկարներն էլ ունենք:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս