Ո՞ՒՄ ՁԵՌՔԸ ԿԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդները Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ երեկ եղան Գեղարքունիքի մարզում: Ի տարբերություն նախորդ մարզերի՝ այստեղ ՀԱԿ հանրահավաքին բավական շատ մարդ էր մասնակցում: Տեր-Պետրոսյանին դիմավորեցին աղուհացով: Կոնգրեսի առաջնորդը նշեց, որ այս բնակավայրերում հանրահավաքի մասնակիցների թիվը շատ էր նաեւ 2008թ., դեռ ավելին, ինքը բավական շատ ձայն է ստացել այդ մարզից:
Ըստ Տեր-Պետրոսյանի՝ դա է պատճառը, որ, օրինակ, իրենց այցելած Երանոս գյուղում ճանապարհը քարուքանդ էր: «Ինչո՞ւ չի ասֆալտապատվել, որովհետեւ ասել եք նրանց «ոչ», ձայն չեք տվել, դրա համար էլ չի ասֆալտապատվել»,- ասաց նա այդ գյուղի բնակիչներին: Իսկ Մարտունիում էլ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանն անձամբ է քաղաքապետին կարգադրել անել ամեն ինչ, որ հանրահավաքին մարդ չհավաքվի: Նա նշեց, որ բազմամարդ հանրահավաքն արդեն իսկ նրանց պատասխանն է իշխանություններին: «14 տարվա այս դժոխքից հետո ես կզարմանամ, եթե մեկն ընտրի Սերժ Սարգսյանին, ո՞ր մի խոստումն է կատարվել: Լսե՛ք, այս մարդու ոչ մի խոստում չի կատարվել: Թոշակը մի քանի կոպեկ ավելացրին, բայց գները բարձրացրին՝ էդ ջուրը ընկավ: Ռոբերտ Քոչարյանի համար Աֆրիկայում որս անելն ավելի մեծ հաճույք է, քան այս երկրի համար մի լավ բան անելը: Իբր թե ղարաբաղցի են եւ Ղարաբաղի ազատագրման համար պայքարեցին»,-ասաց Տեր-Պետրոսյանը:
Իսկ վարդենիկցիների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ չի տեսել մի մարդու, որը չանիծի այս իշխանություններին, գոհ լինի իր կյանքից: «Հարց եմ տալիս՝ դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան 4 տարի առաջ, ավելի շա՞տ երեխա է ծնվում, քան 4 տարի առաջ: Ամեն ինչ գիտեք՝ ունենք պետություն, իշխանություն, որի օրոք Վարդենիկի բնակչությունը կրճատվել է, ավելի շատ թաղումներ եք անում, քան ամուսնություններ, եթե այս ամեն ինչը գիտեք, տեսնում եք, ո՞ւմ ձեռքը կգնա՝ այս իշխանություններին նորից ձայն տալու… Ազատվե՛ք այս գողերից, սրիկաներից, որոնք ձեր կաշին քերթում են ու քերթելու են մինչեւ վերջ: Եթե Ռոբերտի, Սերժի ստեղծած այս պետությունը մնաց այս երկրի վրա, այլեւս մարդ չի մնալու այս երկրում, երկիրը դառնալու է թուրքերի ու ադրբեջանցիների արոտավայրը»,- ասաց նա: Առաջին նախագահը նշեց, որ իրենք գալիս են աշխատելու համար: «Եթե վատ կաշխատենք՝ կասեք բարի ճանապարհ, եթե չարացած կլինեք՝ ասե՛ք՝ ռադներդ քաշե՛ք գնացեք»,-ասաց նա՝ 100 տոկոսով խոստանալով այդ հնարավորությունը: Ըստ Տեր-Պետրոսյանի, պատերազմի ժամանակ գոնե այստեղ լիճ կար, եւ մարդիկ կարողանում էին ձկնորսությամբ ընտանիք պահել: «Մկա ձուկ էլ չկա»,-արձագանքեց բնակիչներից մեկը: «Ճիշտ եք ասում՝ մկա ձուկ չկա, մկա մենակ մուկ կա»,-տեղի բարբառով կատակեց Տեր-Պետրոսյանը:
Վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ էլ առաջին նախագահն անդրադարձավ կառավարության գործելաոճին: «18։00-ից հետո նայե՛ք կառավարության շենքին։ Պատուհանները մութ են, մարդ չկա: Մեր ժամանակ՝ Բագրատյանի կառավարության ժամանակ, ես գիշերը 01:00-ից հետո զոռով նրանց ուղարկում էի տներով: Սրանք 18։00-ից հետո գնում են տուն, ռեստորան, խաղատներ, ժամանակ են անցկացնում մինչեւ առավոտ: Որ ամբողջ գիշեր չքնեն, ո՞նց են աշխատելու։ Առանց այդ էլ դեբիլ են, որ չքնեն՝ ավելի կդեբիլանան»,-նշեց նա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս