Գագիկ Ծառուկյանն ապրիլի 23-ին իր քարոզարշավը շարունակել է Արարատի մարզում: Հանդիպման ընթացքում ԲՀԿ առաջնորդը, անդրադառնալով վերջին օրերին իր շուրջ պտտվող սկանդալային իրադարձություններին, ասել է, որ իր մրցակիցները փորձում են իրեն ժողովրդի աչքից գցել: «Մի կողմ թողած հիմնական խնդիրները` անընդհատ ման են գալիս, նկարում են, որ մի բան գտնեն: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեզ սիրում եւ հարգում եմ, եւ էս վստահությունը, որ տեսնում եմ, արդարացնելու եմ»,-նշել է նա: Եթե Գագիկ Ծառուկյանի խնդիրը ժողովրդի հետ չէ, այդ դեպքում ումի՞ց է վախենում նա: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց. «Վախենում է տարաբնույթ բորենիներից, գիշատիչներից եւ նմանատիպ այլ մարդկանցից»:
Բայց չէ՞ որ մինչ այդ Ծառուկյանը համառորեն հայտարարում էր, որ ինքը ոչ թե ատրճանակ է կրել, այլ ընդամենը «Վերտու» տեսակի հեռախոս է խրված եղել գոտու մեջ: Ո՞վ է խորհուրդ տվել ԲՀԿ առաջնորդին հրապարակավ հերքել ատրճանակի գոյությունը: «Ոչ ոք խորհուրդ չի տվել Գագիկ Ծառուկյանին` ասի, որ դա «Վերտու» է եղել: «Վերտու»-ի տարբերակն առաջինը ես եմ շրջանառության մեջ մտցրել, քանի որ դա եմ տեսել, դա եմ ասել: Ծառուկյանն ասել է, որ երկուսն էլ իր մոտ են եղել»,-մանրամասնեց Խաչիկ Գալստյանը` կուսակցության համար ճակատագրական դարձած սխալն իր վրա վերցնելով:
Ո՞Վ ԷՐ ԽՈՐՀՈՒՐԴ ՏՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ