ԱՂՔԱ՞Տ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի  21-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ այցելելուց հետո եղավ Դեբեդի հովտի բնակավայրերում: Առաջին կանգառն Այրում քաղաքն էր: Այստեղ էին հավաքվել  այրումցիներ, նաեւ շրջակա համայնքների բնակիչներ, իսկ Նոյեմբերյան քաղաքից ներկայացել էին պետական մի քանի հիմնարկների աշխատողներ: Այրումում, ինչպես նաեւ Բագրատաշենում, շատ էին երեխաները:  Նրանք ՀՀԿ նախագահի ելույթի ժամանակ աղմկում էին, ինչի կապակցությամբ անվտանգության ծառայության աշխատակիցները դպրոցականներին դիտողություն արեցին: Երեխաներին ավելի շատ հրապուրել էին հայկական էստրադայի հայտնի կատարողները: Այրումում, ի թիվս այլ երգիչների, հանդես եկավ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Շուշան Պետրոսյանը: Սերժ Սարգսյանը Այրում քաղաքում ելույթ ունեցավ մշակույթի տան առաջ: Այստեղ գործում է ընտրական տեղամաս, նաեւ` ՀՀԿ նախընտրական շտաբ, ինչն օրենքի խախտում է: Անդրադառնալով Տավուշի մարզում կառավարության իրականացրած ծրագրերին եւ աղքատության հիմնախնդրին` Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Տավուշում աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան հանրապետության մյուս մարզերում եւ նույնիսկ Երեւանում: Հավանաբար նա այդ եզրակացությանը հանգել է Ազգային վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա: Սակայն սա շատ վիճահարույց պնդում է, քանի որ Տավուշի մարզի 62 համայնքներից 46-ը սահմանամերձի կարգավիճակ եւ դժվար կենսակերպ ունեն: Սերժ Սարգսյանն  ասաց, որ Հայաստանը հաջողությամբ հաղթահարեց ճգնաժամի հետեւանքները, որ այրումցիները դրանում համոզվել են` տեսնելով բեռների եւ ուղեւորների շարժի աճը: ՀՀԿ նախագահը հայտարարեց. «Այո՛, զարգացման տեմպերը մեզ չեն բավարարում, բայց ճանապարհը ճիշտ է ընտրված»:
Սողանքի գոտով անցնելով` Սերժ Սարգսյանը ծանոթացավ տարերքից փլված  ճանապարհի վերականգնման ընթացքին: Այրումում եւ Բագրատաշենում  բնակիչները նրան խնդրում էին աշխատատեղեր ստեղծել: Այրումի պահածոների գործարանը, որի հենքի վրա ստեղծվել է Այրում ավանը, ներկայում փոքր հզորությամբ է գործում: 2006 թվականից` Բագրատաշենի շուկայի փակումից հետո, այնտեղ գործազրկությունն ավելացել է: Բագրատաշենում Սերժ Սարգսյանը ներկա եղավ տեղի հռչակավոր պտղատու այգիները հիմնելու գործում մեծ ավանդ  ունեցած Բագրատ Վարդանյանի հուշարձանի բացմանը: Ս. Սարգսյանը  հորդորեց քվեարկել ՀՀԿ-ի եւ  թիվ 40 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանի օգտին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս