Նոր լաբորատորիա՝ ՀԱԱՀ-ի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում տեղի ունեցավ բույսերի կենսատեխնոլոգիայի և աէրոպոնիկայի լաբորատորիայի բացումը:

Աէրոպոնիկան արհեստական պայմաններում, առանց հողի բույսերի աճեցման բարձր տեխնոլոգիական մեթոդ է: Այն հնարավորություն է տալիս առավելագույնս արագացնել բույսերի աճն ու զարգացումը և լավագույն ձևով բացահայտել բույսերի գենետիկական պոտենցիալը: Աէրոպոնիկ մեթոդը նորություն է և Հայաստանում կիրառվում է առաջին անգամ:

Ինչպես նշեց ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը, մեթոդի ծավալային ներդրումը հնարավորություն կտա ապահովել ոչ միայն հանրապետության՝ կարտոֆիլի ներքին պահանջարկը, այլ նաև արտահանել արտերկիր, իսկ դրա համար հանրապետությունում կան լավագույն նախադրյալներ: «Ունենք մասնագետների մի խումբ, որը կարող է իր առջև դրված ցանկացած խնդիր լուծել, ինչպես նաև ունենք նպաստավոր պայմաններ. ՀՀ–ում առկա են բարձր լեռնային գոտիներ, որտեղ բացակայում են կարտոֆիլի վիրուսներ տարածող միջատները: Համալիր միջոցառումների ներդրման արդյունքնում ՀՀ-ն կարտոֆիլի տնկանյութ ներմուծող կարգավիճակից կանցնի արտահանողի: Ինչն էլ լուրջ նեդրում կլինի երկրում պարենային անվտանգության բարձրացման ասպարեզում,-ասաց ռեկտորը և շարունակեց,- այնպես, որ շնորհավորենք և ցանկանանք այս լավ նախաձեռնությանը բարի երթ և բոլորիս առջև դրված խնդիրների լուծում»:

Նախագծի հեղինակ Ռուսաստանի գյուղատնտեսական ակադեմիայի բիոտեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի բույսերի աէրոպոնիկ մեթոդի խմբի ղեկավար Յու. Մարտիրոսյանը նշեց. «Համակարգչի մեջ պարունակվող ինֆորմացիայի համաձայն, պարբերաբար, հատուկ սննդարար լուծույթը սարքավորման միջոցով բարձր ճնշման տակ մղվում է անմիջապես բույսերի արմատային գոտի, որի շնորհիվ բույսերը ստանում են իրենց աճման տվյալ փուլին անհրաժեշտ բոլոր հանքային և ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերը»:

Բույսերի աճեցման աէրոպոնիկայի եղանակն ի տարբերություն ավանդական եղանակների՝ հնարավորություն է տալիս առավելագույնս ճկուն կարգավորել բույսերի աճման և զարգացման պայմանները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում գործում է կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրության կենսատեխնոլոգիական լաբորատորիա, որը երկար տարիներ զբաղվում է կենսատեխնոլոգիական մեթոդների մշակմամբ և ներդրմամբ:
Ինչպես նշեց կենտրոնի տնօրեն Ա.Սահակյանը, կենտրոնի կողմից մշակված են կենսատեխնոլոգիական մեթոդներով կարտոֆիլի մի շարք շրջանացված սորտերի վիրուսազերծ տնկանյութի արտադրման ամբողջական տեխնոլոգիաներ:
Կենտրոնը համագործակցում է Ռուսաստանի Դաշնության մի շարք առաջատար գիտական կենտրոնների հետ:

Լաբորատորիայի բացմանը ներկա էին նաև ՀԱԱՀ գիտության գծով պրոռեկտոր Դ.Պետրոսյանը, ագրոնոմիական ֆակուլտետի ներկայացուցիչներն ու ՀԱԱՀ-ի գիտական կենտրոնների տնօրենները:




Լրահոս