Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:
Սերժ Սարգսյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:
Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը:
Նյու Յորքում Նախագահ Սերժ Սարգսյանը նաև այցելել է Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև:
Հանրապետության Նախագահն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպում է ունեցել Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ: