Այսօր ԱԺ-ի հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի վերանշանակված մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, նշելով, որ իր ելույթն ուղղում է ազատատենչ սյունեցիներին:
«Սեպտեմբերի 25-ի նիստում կառավարությունը Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանին կրկին նշանակեց Սյունիքի մարզպետ: Խաչատրյանը մարզպետի պաշտոնից ազատվել էր անցյալ տարի՝ իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններից հետո, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը», – այսպես սկսեց իր խոսքը պատգամավորը և շարունակեց.
«Ս. Խաչատրյանն, այնուհանդերձ, քրեական պատասխանատվության չենթարկվեց, քանի որ այն քննչական մարմինը, այն ժամանակվա զինդատախազ, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ, քննության հիմքում դրեց այն վարկածը, թե արյունալի իրադարձությունների ժամանակ Ս. Խաչատրյանը քնած է եղել: Քննությունն ընթացավ հենց այս տրամաբանությամբ: Այնուհետև ակնհայտ դարձավ, որ Գևորգ Կոստանյանը կատարել է հանցագործություն. ոչ միայն պարտակել է սպանությունը, այլև՝ սպանությունը կատարողին:
Դեպքի տեսաձայնագրության ուշադիր զննումը ցույց է տալիս, որ Ս. Խաչատրյանը սպանության ժամանակ ոչ միայն քնած չի եղել, այլև իր առանձնատան վերին հարկից կանչել է Ավետիք Բուդաղյանին և, երբ վերջինս կանչին արձագանքելով հետ է գնացել՝ կրակել, սպանել է նրան», – հայտարարեց նա:
Փաշինյանի խոսքով՝ Ս. Խաչատրյանի վերանշանակումն արհամարհանք է բոլորի նկատմամբ: