Նախորդ տարիներին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում բաժանված ընտրակաշառքը Տավուշի մարզում վատ ավանդույթ է ձեւավորել. այս անգամ եւս ընտրողների զգալի մասը սպասում է ընտրակաշառքի: Եւ այդ սպասումները հիմնականում կապված են իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության հետ: Մարզում խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ տարածքային կազմակերպություններ են ներկայացվում ընտրողների ցուցակներ, որոնց մեջ ներգրավված անձանց պետք է բաժանվի ընտրակաշառքը: Նույն լուրերի համաձայն՝ կաշառք բաժանող միջնորդները որոշել են իրենց համար գումարներ «կսմթել», այդ պատճառով նույն ընտանիքի անդամների ձայները կամենում են «բիրիքով»` ավելի էժան գնել: Նշենք, սակայն, որ ընտրակաշառք բաժանելու դեպքում Հայաստանի հանրապետական կուսակցությունը դժվարին վիճակում է հայտնվելու: Այդ դեպքում նույնիսկ պետական աշխատողներն այդ կուսակցությանը առանց փողի ձայն չեն տա: Ըստ Տավուշի մարզում շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ն այս ընտրություններում ծախսելու է մոտ 400 միլիոն դրամ, որից 140 միլիոնը ծախսվելու է կուսակցության գրասենյակների, շտաբների աշխատանքի, ակտիվիստներին վարձատրելու համար, իսկ մնացածը բաժանվելու է որպես ընտրակաշառք: Նշենք, որ սրանք խոսակցություններ են, իսկ գումարներ դեռեւս չեն բաժանվել:
Տավուշ