ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ-Ն ԴԵՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօրվա խորհրդարանում ցանկացած կոալիցիա ձեւական է լինելու, քանի որ առանց այդ էլ ՀՀԿ-ականներն իրենց մեծամասնությունն ապահովել են ու աշխատում են իրենց ցանկացած ձեւով:

-Պարոն Մինասյան, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը օրերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ սահմանադրական բարեփոխումների հետ կապված ՀՅԴ-ն բանակցությունների է գնալու իշխանությունների հետ: Խնդրում եմ ասեք՝ արդյոք այդ բանակցությունները սկսվե՞լ են ու կոնկրետ ո՞ր փուլում են գտնվում:
-Դեռ մենք նման պրոցես չենք սկսել: Մենք սպասում ենք առաջին հերթին հայեցակարգի հրապարակմանը, որտեղ արդեն մեր կողմից բարձրացված հարցերի լուծումները կտեսնենք, որից հետո կարծում եմ՝ կսկսենք բանակցային փուլը: Եվ եթե կընդունվեն մեր առաջադրած պահանջները, այդ ժամանակ մենք կհայտարարենք, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի սահմանադրական բարեփոխումներն իրականություն դառնան: Իսկ եթե չի իրացվի, բնականաբար մենք այդպիսի փոփոխություններին դեմ կլինենք:
-Բայց իշխանությունները երբեւէ չեն կատարել այն պահանջները, որոնք ներկայացրել են ընդդիմության ներկայացուցիչները: Ինչո՞ւ է ՀՅԴ-ն կրկին հավատում իշխանությունների բարի կամքին եւ փոխզիջման գնալու պատրաստակամությանը:
-Խնդիրը հավատի մեջ չէ, խնդիրը պայքարի մեջ է: Եթե դու դադարում ես քո գաղափարները առաջ մղել, նշանակում է՝ ընտրում ես երկրորդ տարբերակը՝ արյունահեղությամբ հեղաշրջումը, մենք մերժում ենք այդ մոտեցումը: Մենք գտնում ենք, որ արյունով իշխանափոխություն անելը մեր երկրին վերջնական կործանման կտանի: Դրա համար մեր նախընտրելի տարբերակը իշխանությունների հետ, այո, նաեւ բանակցությունների միջոցով, մեր գաղափարների իրացմանը հասնելն է: Հիմա այս հարցում այս պահին մնացել ենք մենակ, բայց չենք ընկրկել:
-Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ Սահմանադրությունը փոխելու խնդիրն առայժմ…
-Պարզ է, չէ, որ երբ մենք ասում ենք, թե սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, դա չի նշանակում, որ այդ փոփոխությունները ցանկացած բովանդակության կարող են լինել: Ոչ, պետք է լինեն կոնկրետ բովանդակությամբ, որը կապահովի Հայաստանի զարգացումը, որը կբացառի որեւէ իշխանության՝ ներառյալ ներկա իշխանության վերարտադրությունը: Մենք կոնկրետ խնդիր ենք դնում մեր առաջ, իսկ այդ խնդիրը ՀՀ-ի զարգացումն է: Ովքեր ասում են, թե սահմանադրական փոփոխությունները պետք չեն, նրանց ես բաժանում եմ մի քանի խմբի: Առաջին խումբը, որ իսկապես չի տեսնում իրական կապ Սահմանադրության եւ իրական կյանքի միջեւ, դրա համար ունի մի քանի պատճառ` սկսած նրանից, որ այսօր սահմանադրական շատ ձեւակերպումներ կյանքի չեն կոչվում վատ պաշտոնյաների եւ վատ կառավարման արդյունքում: Երկրորդ պատճառն այն է, որ առանձին անձինք ոտնահարում են սահմանադրական նորմը, չնայած գիտակցում են, որ չպետք է նման բան անեն: Անձանց երկրորդ խումբը կանխամտածված նսեմացնում է Սահմանադրության դերն ու նշանակությունը: Երրորդ խումբը դեմագոգներն են, ովքեր փորձում են ամեն ինչ ներկայացնել սեւ ակնոցներով: Նրանք վտանգավոր են հատկապես այն առումով, որ փորձում են ամեն ինչ կապել Սահմանադրության հետ եւ իբրեւ թե ամեն ինչ լուծված չէ, հետեւաբար Սահմանադրությունը փոփոխման ենթակա չէ: Սա շատ վտանգավոր է, քանի որ պարզ է, որ կան շատ հարցեր, որոնք ամենեւին Սահմանադրության հետ կապ չունեն, բայց մյուս կողմից՝ հսկայածավալ հարցեր կան, որոնք որ եթե Սահմանադրությամբ չլուծվեն, մենք շատ ավելի վատ վիճակի առաջ ենք կանգնելու: Մենք ասում ենք նաեւ, որ պառլամենտական կառավարման ձեւը ոչ թե ձեւական նախագահի ինստիտուտը վարչապետի ինստիտուտով փոխարինելն է, այլ մենք նկատի ունենք լիազորությունների վերաբաժանում, պառլամենտի դերի վերաիմաստավորում:
-Պարոն Մինասյան, այսօր շատերի մոտ կարծիք է ձեւավորվել, որ իշխանությունները փորձում են հաճոյանալ Դաշնակցությանը, ինչի դրսեւորումներից մեկն էլ ՄԱԿ-ում Ս. Սարգսյանի արած այն հայտարարությունն էր, թե պաշտոնական Երեւանը մտածում է հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու մասին: Հնարավո՞ր է՝ Ձեր հաջորդ քայլը լինի ՀՀԿ-ի հետ կոալիցիոն հուշագրի ստորագրումը:
-Ձեր ասածն այս դեպքում ես ընկալում եմ հասարակության, հանրության պահանջ: Հասարակական ընդվզման առաջին ալիքը… մենք եղել ենք ակունքներում, բայց շատ հարցերում, այդ հարցը եւս, մենք երբեք չենք սեփականացրել, սա հանրության պահանջն էր, սա նաեւ մեր սփյուռքի պահանջն էր: Բայց արդյոք քաղաքական ուժի եւ իշխանության հետ մեր տարաձայնությունը միայն սա՞ էր, իհարկե ոչ: Ներքին կյանքում էլ մենք ունենք բազմաթիվ տարաձայնություններ, որոնք ամփոփված են մեր 7 կետերում: Համենայնդեպս այսօրվա ձեւավորված խորհրդարանում իշխանության հետ ցանկացած կոալիցիա ձեւական է լինելու, որովհետեւ մարդիկ ունեն մեծամասնություն ու ապահովում են իրենց գործունեությունը: Այս իրավիճակում ի՞նչ կոալիցիա: Կոալիցիա կազմենք, որ ի՞նչ անենք:

 

 

ԸՍՏ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ՝ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԱԿԻ ԴԵՄ Է

Երեկ խորհրդարանում, ի վերջո, քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ խմբակցության օրինագիծը: Իրենց ելույթների ժամանակ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարեցին, թե գործող օրենքը մեր բանակի դեմ է, իսկ ՀՀԿ ներկայացուցիչներն էլ հորդորեցին ավելի զուսպ հայտարարություններով հանդես գալ ու ժողովրդին սխալ տեղեկություններ չներկայացնել:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հակամարդկային դիրքորոշում գնահատեց այն, երբ պետությունն իր զինվորին ուղարկում է իր քաղաքացու դեմ. «Բանակը, զինվորը մշտապես ասոցացվել է արտաքին թշնամու հետ: Չի կարելի բանակն օգտագործել՝ ներքին խնդիրները լուծելու համար: Դուք մեր բանակին դնում եք շատ ծանր վիճակի մեջ: Այն վիհը, որ առաջացել էր մեր բանակի ու ժողովրդի միջեւ, 6 տարի տեւեց, կարծես թե բանակի նկատմամբ այդ անջրպետը վերացավ, հիմա բարոյապես բանակին աջակցելու ցանկություն կա: Բանակը քո երեխան է, պետք է պաշտպանվի, պետք է դառնա քո սրբությունների պաշտպանը: Երեխային բանակ ուղարկելը պարծանք է: Այս օրենքով լուրջ հոգեբանական վտանգ եք հասցնում բանակին: Զենքը, բանակը երբեք ներքին խնդիրների ժամանակ չպետք է օգտագործվի»: Ընդդիմադիր պատգամավորի այս հայտարարությունը դուր չեկավ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով էլ հակադարձեց. «Այո, բանակը անօրինականորեն չպետք է միջամտի ներքին գործերին: Մենք բոլորս նույն նավի անդամներն ենք, բանակն էլ է մեր սիրելի երեխան, ներքին գործերի ծառայողներն էլ, չպետք է տարանջատում անենք: Մյուս խնդիրները պետք է լուծվեն ՍԴ-ում»: Իսկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ընդդիմադիր պատգամավորներին առաջարկեց ստորագրություններ հավաքել եւ դիմել Սահմանադրական դատարան:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Հովհաննես Սահակյանին հարցրեց, թե նա ինչպես է գնահատում ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի՝ 2008-ի Մարտի 1-ի հրամանագիրը՝ արտակարգ ռեժիմ մտցնելու մասին. «Տիկին Փոստանջյան, եթե մենք գտնվեինք որեւէ մամուլի ակումբում, ես վստահաբար ձեր հարցին շատ կարճ ու կոնկրետ կպատասխանեի: Այդ հարցադրումը որեւիցե կապ չունի այս նախագծի հետ»:
Իսկ օրինագիծը ներկայացնող ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն էլ նշեց, թե ՀՀ նախագահն արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի կիրառման լիազորություն չունի, միայն պատերազմի կամ դրա վտանգի դեպքում կարող է կիրառել, այն էլ՝ միայն հատուկ դրություն հայտարարելուց հետո. «Զինված ուժերի կիրառումն արտակարգ դրության ժամանակ հակասահմանադրական է»,-եզրափակեց Ջհանգիրյանը։ Օրինագծի քվեարկությունը կկայանա այսօր:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ
Սեպտեմբերի 10-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ խորհրդարանում առաջիկայում ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Այս հարցում Սահակյանի մոտ միջնորդել է նրա աներորդին՝ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), ով Լ. Սարգսյանի մտերիմ ընկերն է: Սակայն կարծես թե այդ նշանակումն այնքան էլ նրա սրտով չէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրեն պատկանող Սեւանի «Աղթամար» հյուրանոցում ապրող Լեւոն Սարգսյանը մեծ ցանկություն ունի ղեկավարել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Բանն այն է, որ ՊՈԱԿ-ն առ այսօր տնօրեն չունի: Նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանն ազատվել է այդ պաշտոնից եւ նշանակվել ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Թե ինչու է Սարգսյանը ցանկանում պարկի տնօրեն նշանակվել, մեզ չի հաջողվում ճշտել:
Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ, ով ամենօրյա շփման մեջ է Սարգսյանի հետ: «Ի՞նչ պաշտոն է ուզում Լեւոն Սարգսյանը, դուք տեղյա՞կ եք»՝ մեր այս հարցին Աղաբաբյանը յուրօրինակ պատասխան տվեց. «Լեւոն Սարգսյանն ինչ ցանկություն ունի, պետությունը պետք է պարտավոր լինի կատարելու, որովհետեւ ինքը մեծ ներդրումներ ունի մեր պետության համար»:
Տեղեկացնենք, որ, թերեւս, ներդրումներից մեկն էլ այն է, որ տարիներ առաջ ծնված իր որդու անունը Լեւոն Սարգսյանը դրեց Սերժ, որպեսզի տանը փոքրիկ Սերժ Սարգսյան ունենա:
Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը քաղաքական ասպարեզից հեռացավ 2008-ին, երբ նրա անմիջական հրահանգով թիկնապահները «Օդնոկլասսնիկի» սրճարանում ծեծելով սպանեցին 2 երեխաների հայր, 35-ամյա Անդրանիկ Բաբայանին:

 

ԱԽՏԱՀԱՆՈՒՄ Է ՇԵՆՔԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզպետարանի աշխատասենյակների եւ ընդհանուր օգտագործման տարածքների ախտահանման նպատակով պետբյուջեից ծախսվել է 36 հազար 300 դրամ: Ու այդ գործընթացը սկսվել է այս տարվա սեպտեմբերի 1-ից, երբ մարզպետ Արամ Հարությունյանը վայելում էր իր արձակուրդը Եվրոպայում, մինչեւ Հայաստանում «անցներ վտանգը»: Տեղեկացանք, որ ախտահանման աշխատանքները տեւելու են չորս ամիս եւ ավարտվելու են դեկտեմբերի 25-ին:
Հավանաբար նոր մարզպետը որոշել է մարզպետարանի շենքը ախտահանել նախկին մարզպետի՝ Կովալենկո Շահգալդյանի թողած բացիլներից: Ինչպես երեւում է՝ դրանք շատ էին, որ 4 ամսվա պայքարի պլան է մշակվել:

 




Լրահոս