Փլուզման հերթական դեպքն է արձանագրվել Գյումրու Մուշ-2 նորակառույց թաղամասում. 8-րդ շենքի 33 բնակարանի խոհանոցի պատի որոշ հատվածների, առաստաղի ծեփամածիկն է թափվել, ինչպես նաեւ ննջասենյակի եւ հյուրասենյակի դռներն են տեղահան եղել, դուրս եկել շրջանակներից, պատերին ճաքեր են առաջացել: Բնակարանը պատկանում է Լաուրա Դավթյանին: «Կամաց-կամաց սկսեց սվաղը թափվել, հետո բլոկները: Մի ահավոր վիճակ է, առավոտ ելանք, շատ ուժեղ ձայն լսեցինք, տեսնեմ՝ բլոկներն էլ դուրս են թռել»,-պատմեց տանտիկինը: Բարեբախտաբար, բնակիչները չեն տուժել, սակայն տան գույքը մասամբ վնասվել է: «20 տարի տնակներում բնակվելուց հետո մտածում էինք, որ հիմա կկարողանանք վայելել քարե պատ ունենալու հաճույքը, բայց վերջին 2 տարիներին միայն վախի մթնոլորտում ենք ապրում»,-«Ժողովուրդ»-ին փոխանցեցին շենքի բնակիչները:
Հիշեցնենք, որ նորակառույց բազմաբնակարանները շահագործման հանձնելուց հետո արդեն մի քանի նման դեպք արձանագրվել է: Կապալառու կազմակերպությունը «Գլենդել հիլզ»-ն է, որը եւ ստանձնել է շինարարական թերությունները վերացնելու պարտավորությունը: Սակայն ուշագրավն այն է, որ արձանագրված գրեթե բոլոր դեպքերում վերոհիշյալ կազմակերպությունը մեղքը բարդել է բնակիչների վրա (բնակիչների հավաստմամբ՝ կազմակերպությունից նաեւ մշտապես հորդորում են կատարվածի մասին լրագրողներին չհայտնել` հակառակ դեպքում սպառնալով շինարարական թերությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ չտանել):
Հիշեցնենք, որ նախորդ տարի փլվել էր բնակարաններից մեկի առաստաղը, եւ «Գլենդել հիլզ»-ից կատարվածին զավեշտալի մեկնաբանություն տվեցին` պնդելով, թե բնակիչը ծանր ջահ է կախել, առաստաղն էլ չի դիմացել ծանրությանը: Այս դեպքն էլ բացառություն չեղավ: «Գլենդել հիլզ»-ից հայտնեցին, թե իրենք կասկածում են, որ առանց մարդկային միջամտության հնարավոր լինեին նման փլուզումներ եւ բազմաթիվ թերություններ մեկ բնակարանում: Կազմակերպության ներկայացուցիչը տեղում ուսումնասիրել է բնակարանը եւ հանգել այն մտքին, որ պատերը քանդել են բնակիչները, մինչդեռ վերջիններս անհեթեթ են համարում սեփական տունը քանդելու տարբերակը: «2 տարի է՝ ստացել ենք ու շատ դժգոհ ենք: Շատ դժվար է, ես հուզված եմ, մի՞թե կարելի է էս վիճակով ապրել: Լրիվ քարերը կթափվի: Ես ինքս կվախենամ, որովհետեւ շատ հնարավոր է` ընկնի գլխներիս, իսկ իրանք ասում են` դուք եք քանդել: Դա լինելո՞ւ բան է»,-դժգոհում է Լաուրա Դավթյանը:
«Գլենդել հիլզ» ընկերությունից նաեւ հայտնեցին, որ անկախ փորձաքննություն են նշանակելու, որպեսզի պարզեն՝ տեղի ունեցածը մարդկային միջամտության, թե շինարարական թերության արդյունք է: Նաեւ շեշտեցին, որ ելնելով սոցիալական պատասխանատվությունից՝ բնակարանը կվերանորոգեն:
Մենք շրջեցինք նաեւ Մուշ-2-ի մի քանի այլ բնակարաններում եւ դարձյալ բազմաթիվ դժգոհություններ լսեցինք: «Մեր տունն էլ կքանդվի, թող գան մեր տան պատերի ճաքերն էլ տեսնին: 2 տարվա տո՞ւնն էլ քանդվի, ո՞վ է նման բան տեսել, ու էս էլ համարեցին բնակարանաշինությո՞ւն»,-իր վրդովմունքը հայտնեց Մուշ-2-ի բնակիչներից մեկը: Հավելենք՝ մենք անձամբ ականատես եղանք, որ բազմաթիվ բնակարաններում կան ճաքեր, քանդված պատեր եւ պոկված դռներ:
Գյումրի