ԵՏՄ. Հայաստանի անդամակցության հարցում դեռ քաոս է. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը մեկ օրից`վաղը, Մինսկում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում էլ նախատեսված է ստորագրել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Համենայն դեպս, երեկվա դրությամբ ստորագրումը հետաձգելու կամ չեղարկելու մասին որեւէ հայտարարություն չէր արվել:
Սակայն ուշագրավ է, որ այդ մասին որեւէ հիշատակություն չկա ո՛չ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների, ո՛չ էլ ՀՀ նախագահի կայքէջերում, իսկ պաշտոնական հաղորդագրություններն էլ սահմանափակվում են նախագահների՝ Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին մասնակցության մասին տեղեկատվությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրման հարցը, գոնե երեկվա դրությամբ, դեռեւս հարցականի տակ էր:

Առավել եւս, որ նախանշված անդամակցությունից մեկ օր առաջ ԵՏՄ պայմանագիրը դեռեւս ամբողջությամբ վավերացված չէ Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանների կողմից: Ավելին` Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոն նախօրեին տեղական լրատվամիջոցներին ասել էր, թե Բելառուսը չի վավերացնի պայմանագիրը, եթե Մոսկվան չգնա որոշակի զիջումների էներգակիրների, ավտոմեքենաների եւ այլ ապրանքատեսակների հետ կապված սահմանափակումների հարցում: Այդ վերապահումներն ամրագրված են անգամ ներկայացուցիչների պալատին ներկայացված` վավերացման մասին օրինագծում, որի կապակցությամբ Տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Վ. Վալյուշիցկին հայտարարել էր, թե Բելառուսի խորհրդարանն ամենայն բծախնդրությամբ է մոտենալու վավերացման հարցին: Ուստի, եթե նույնիսկ Պուտինը հերթական անգամ բավարարի «Բատկայի» ախորժակն ու Նազարբաեւի աքսակալային նկրտումները, կարծես թե նրան չի հաջողվելու այդ գործը գլուխ բերել մինչ վաղը:

Էլ չասած, որ որոշակի դիմադրություն կարող է լինել նաեւ ՀՀ իշխանությունների կողմից` կապված Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետ տեղադրելու հարցի հետ: Համենայն դեպս` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժայի, եւ ըստ չհերքված տեղեկությունների` նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Երեւան, ապա Բաքու կատարած գաղտնի այցերը խոսում են այն մասին, որ այս հարցում եւս խնդիրները չափազանց շատ են` վաղը նախանշված ստորագրման կայացման համար:
Ամեն դեպքում` ստեղծված իրավիճակում Ս. Սարգսյանի համար լավագույն լուծումը կլինի այն, որ պայմանագրի ստորագրման հետաձգումը լինի ոչ թե ՀՀ իշխանությունների,այլ Բելառուսի եւ Ղազախստանի ջանքերով, եւ հոկտեմբերի10-ին հանրահավաք անող հայրենի եռյակի «ծառայությունների» կարիքը չզգացվի:




Լրահոս