ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԵԼ ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երեկ ԱԺ ոչ իշխանական 3 ուժերը կրկին նիստ էին հրավիրել, որից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե իրենց հաջորդ հանրահավաքի օրն արդեն որոշված է: Այս անգամ եռյակը որոշել է հանրահավաքն անցկացնել հոկտեմբերի 24-ին, ժամը 17.00-ին: Չնայած այն բանին, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե այսուհետ եռյակը կրկին «վերածվում» է հրաշալի քառյակի, քանի որ նրանց է միանում Ստեփան Դեմիրճյանի ղեկավարած ՀԺ կուսակցությունը, եռյակի երեկվա նիստին Ս. Դեմիրճյանը չէր մասնակցում:
Նշենք, որ եռյակի երեկվա նիստին ԱԺ ՀԱԿ խմբակցությունից ներկա էին խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: «Ժառանգությունը»-ը ներկայացնում էին խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Իսկ ԲՀԿ-ից մասնակցում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդամներ Ստեփան Մարգարյանն ու Աբրահամ Մանուկյանը: Նշենք, որ վերջինիս մասնակցությունը հատկապես ուշագրավ է, քանզի Մանուկյանը մինչեւ վերջերս երբեւէ չէր մասնակցում նման միջոցառումների: Սակայն վերջին շրջանում նա սկսել է ոչ միայն եռյակի նիստերին մասնակցել, այլեւ հենց նրան վերապահվեց նախորդ հանրահավաքի օրը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին դիմավորելու «բարձր առաքելությունը»: Աբրահամ Մանուկյանը, մի խումբ երիտասարդների հետ կանգնած, սպասում էր փողոցի այն հատվածում, որտեղով Գ. Ծառուկյանը պետք է մուտք գործեր: Եվ երբ ԲՀԿ առաջնորդը հայտնվեց, Մանուկյանն իր խմբով ապահովեց բուռն ծափողջույններն ու «Ծառուկյա՛ն, նախագա՛հ» վանկարկումները:
Ինչեւէ, վերադառնալով երեկվա նիստին՝ նշենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նիստի ավարտից հետո հայտարարեց առաջիկա հանրահավաքի օրը: «Հանրահավաքը լինելու է միասնական ծրագրի եւ քայլերի հանրահավաք: Ժողովուրդն անելիք ունի եւ ամսի 24-ին պետք է հրապարակ գա հստակ գործողությունների համար»,- հայտարարեց Զուրաբյանը: Իսկ հարցին՝ հնարավո՞ր է եռյակը որոշի նստացույց անել, ՀԱԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Իսկ ի՞նչն է մեզ խանգարում, ինչ Սահմանադրությամբ թույլատրվում է, մենք դա կարող ենք անել, եթե հարմար կհամարենք մեր քաղաքական նպատակներն իրագործելու համար»:
Այնուհետեւ Լ. Զուրաբյանը կարծիք հայտնեց, թե ժողովուրդն այսօր ապրում է իրենց սկսած շարժմամբ. «Բոլորի մոտ հույս է արթնացել. ժողովուրդն ապրում է այս գործընթացով: Մենք ժամանակ չունենք սպասելու: Ժողովուրդը համբերություն չունի, սկսել ենք մի գործընթաց, որը չի կարելի ձգձգել: Մենք մեր անելիքը գիտենք, եթե իշխանությունն առաջարկություն ունի, ապա դրա համար քիչ ժամանակ կա»:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց նաեւ, որ իրենց համար առանցքային եւ «անշրջելի» հարցերը երկուսն են. առաջին` իշխանությունը սպառված է, եւ երկրորդ՝ պետք է ձեւավորել իշխանություն, որը կարող է լուծել Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները: Իսկ հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում կասի՞ այն, ինչ ուզում է լսել ժողովուրդը, Զուրաբյանը ոչ միանշանակ պատասխան տվեց. «Հուսով եմ` ոչ մի խափանիչ հանգամանք չի ստեղծվի»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը երեկ նաեւ ներկայացրեց, թե ինչու եռյակի նիստին չի մասնակցել իր ղեկավարած խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը, որին, հիշեցնենք, նոր` կուսակցապետի մակարդակով, կրկին եռյակի կազմում ներդրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` հայտարարելով, թե «հրաշալի քառյակը նախկինի նման հրաշալի է մնում»: Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, իրենք քառյակ են միայն հանրահավաքի ժամանակ, իսկ խորհրդարանում իրենք եռյակով են հանդես գալիս: Թե ինչն է այդ ամենի պատճառը, այդպես էլ անհասկանալի մնաց, քանզի պարզ չէ, թե քննարկումներին չմասնակցելով` Ս. Դեմիրճյանը հանրահավաքի ժամանակ ինչ տեսակետ է հայտնելու: Առավել եւս, որ եռյակն ամեն անգամ հայտարարում է, թե իրենք հանդես են գալիս համատեղ հայտարարություններով:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել իշխող Հանրապետական կուսակցության անդամների հետ՝ պարզելու համար, թե նրանք ինչպես են վերաբերվում քառյակի կամ եռյակի հանրահավաքային պայքարին: ՀՀԿ-ականները հիմնականում հայտարարում էին, թե իրենք չեն ցանկանում որեւէ բան ասել այդ հանրահավաքների վերաբերյալ, քանի որ եռյակում հնչում են տարբեր տեսակետներ, եւ իրենք նման հավաքներին լուրջ չեն վերաբերվում: Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն էլ, ընդգծելով, որ առանձնապես չի հետեւել նախորդ հանրահավաքի ընթացքին, այդուամենայնիվ իշխանափոխության պահանջի հետ կապված «Ժողովուրդ»-ին ասաց. «Իրենց պահանջն իրենց կողմից ներկայացված 12 կետերին է վերաբերում, որոնց մասին բազմիցս ասվել է, խոսվել է, քննարկվել է: Նշվել է, թե այդ պահանջներից որն է ընդունելի եւ որն՝ անընդունելի: Իսկ իշխանափոխություն լինում է միայն ընտրությունների միջոցով, երկու տարի հետո ընտրությունների պրոցեսը կսկսվի, թող փորձեն այդ ժամանակ իրենց իշխանափոխությունն իրականացնել»:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
Ո՞ՒՐ Է ԵՐԿԻՆՔԸ
2013 թվականի հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել «Հայաստանի Հանրապետությունում մրցունակ եւ կայուն ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ծրագրի եւ ծրագրի իրականացման միջոցառումների մասին», որով հռչակվել էր քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանում բաց երկնքի քաղաքականությունը: Դեռ այդ օրերին ՀՀ Կառավարությունից լուրերի արտահոսք եղավ այն մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ «երկինքը բացելու» դիմաց ԱՄՆ-ն էլ կբացի իր գրպանները, եւ ներդրումներ կիրականացվի այդ ոլորտում: Ըստ այդմ, պետք է բացվեր ԱՄՆ-Հայաստան ուղիղ չվերթ բեռնատար եւ մարդատար ավիաչվերթների համար: Սակայն մինչ օրս այդ «գիծը» չի բացվել: Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ եղավ, իսկ ԱՄն դեսպան Ջոն Հեֆֆերնի պաշտոնավարմանը մնացել է մոտ մեկ ամիս ընդամենը:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ՞
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանը, իր պաշտոնը ստանձնելուց հետո, ձեռնարկել է սեփական անվտանգությունն ապահովող աննախադեպ միջոցառումներ. մշտապես շրջագայում է շուրջ 15 թիկնապահների ուղեկցությամբ: Բացի այդ, որպես մարզպետ՝ նրա բոլոր այցելությունների ժամանակ ոստիկանությունը շրջափակում է համապատասխան տարածքը:
ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Վարդան Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Սուրիկ Խաչատրյանին թիկնազոր չեն տրամադրել: «Սուրիկ Խաչատրյանը մեզ չի դիմել նման խնդրանքով»,- նշեց Վարդան Մինասյանը:
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ Վերահսկիչ պալատը 2013թ. իր տարեկան հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության ոլորտում առկա խնդիրներին: Մասնավորապես «Փոքր Մհեր կրթահամալիր» ՊՈԱԿ-ի եւ ԿԳ նախարարության միջեւ կնքվել է 385 մլն 825 հզ. 800 դրամի պայմանագիր: Ստուգմամբ պարզվել է, որ նախարարության կողմից բյուջեի հիմքում դրված հաշվարկային ցուցանիշներին համապատասխան 271 սովորողի համար 365 օրվա հաշվով սննդամթերքի ձեռք բերման համար հաշվարկվել եւ վճարվել է 145 մլն 504 հզ. դրամ: Սակայն ծառայությունը մատուցվել է 264 օր: Նշենք, որ չմատուցված ծառայության արժեքը սննդամթերքի մասով կազմում է 40 մլն 262 հազար 700 դրամ, որը ենթակա է վերականգնման պետական բյուջե: ՎՊ-ն նաեւ արձանագրել է, որ խախտելով գործող օրենսդրության պահանջներն առանց գնման ընթացակարգերի եւ պայմանագրերի, կրթահամալիրն իր համար նախընտրելի անձանցից ձեռք է բերել 45 մլն 608 հազար դրամի սննդամթերք: Ի դեպ, նույն անձինք կրթահամալիրին սննդամթերք են մատակարարել նաեւ 2012թ.: Այդ անձանցից մեկին կրթահամալիրը փոխանցել է 1 մլն 264.7 հզ. դրամ գումար, որի դիմաց որեւէ մատակարարում չի իրականացվել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ԼԵՎՈՆԻ ԿՈՂՔԻՆ ԴԺՎԱՐ Է
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը շատ լավ գիտի, որ ինքն ազդեցիկ խոսքի շնորհք չունի, ինքը հրապարակային գործիչ չէ, ինքը տնտեսական գործիչ է»,- նման կարծիք է հայտնել «Քրիստոնեա-Ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` ընդգծելով, որ Ծառուկյանը ճիշտ է արել, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքում ելույթ չի ունեցել: «Դժվար է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ելույթ ունենալ ու պահպանել հավասարակշռությունը: Առավել եւս, որ ինքը մի օր շուտ մասսայաբար հայտարարեց, որ ինքը պատրաստ է նախագահ լինել»:
ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Երեւանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի մասնակիցների պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը կարեւորել է միգրացիայի ոլորտում համագործակցությունը եւ հույս հայտնել, որ երեւանյան նիստում ընդունվելիք որոշումները դրական ազդեցություն կունենան ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման տեսանկյունից:
ՆՈՐ ԲԱՆ ՉԿԱ՞Ր
«Առաջին հայացքից հրապարակը լեփ-լեցուն էր, բայց դա հիմնականում ԲՀԿ-ի կողմից բերված ժողովուրդն էր»,-անդրադառնալով հոկտեմբերի 10-ի հանրահավաքի բազմամարդության մասին պնդումներին` 168.am-ին ասել է «Ժողովրդական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: «Ես կարծում եմ՝ երբեք հնարավոր չէ մեկ հանրահավաքով, այն էլ նման ձեւով բերված ժողովրդով, շարժում հայտարարել: Նրա (Լ. Տեր-Պետրոսյանի) ելույթի մնացածը նույն 2008 թվականի մտքերն էր, ու որեւէ նոր բան չկար»:
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Հոկտեմբերի 17-ին Երեւան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք հանդիպումներ կունենան Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ
ԿԱՐԵՎՈՐԵԼ Է
Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային:Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ ՄՖԿ դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում եւ կարեւորել հետագա գործակցությունը:
ՆՈՐ ԵՐԿԱԹՈՒՂԻ
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան արձանագրություն են ստորագրել «Կարս-Իգդիր-Նախիջեւան» երկաթուղու կառուցման մասին: Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը հայտարարել է, որ թուրք մասնագետները ներկայումս նախագծում են Կարս եւ Նախիջեւան քաղաքները երկաթուղային ճանապարհով միմյանց կապելու նախագիծը: