«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներին նախապես մեկիկ-մեկիկ զգուշացրել է, որ անպայման ներկա գտնվեն հանրահավաքին: Սակայն, ինչպես տեսանք, ոչ բոլոր պատգամավորները կատարեցին ԲՀԿ առաջնորդի այդ պահանջը:
Հանրահավաքին այդպես էլ չներկայացան ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Արա Արամյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը, Լյովա Խաչատրյանը, Կարո Կարապետյանը, Վահագն Մախսուդյանը, Մուշեղ Պետոյանն ու Վարդան Օսկանյանը:
Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ԲՀԿ խմբակցության վերը թվարկված անդամներին հայտնաբերել ցուցարարների կամ, առավել եւս, հարթակում կանգնածների շրջանում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել նշված պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հրահանգը չեն կատարել: Սակայն ԲՀԿ-ական պատգամավորների մեծ մասն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: «Ժողովուրդ»-ին հաջողվեց կապ հաստատել միայն ԲՀԿ-ական Արագած Ախոյանի հետ:
-Պարո՛ն Ախոյան, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Դուք ներկա եղե՞լ եք:
-Այո՛, իհարկե, ներկա եմ եղել:
-Ո՞ր հատվածում եք եղել: Մեզ չհաջողվեց հանրահավաքի ընթացքում Ձեզ տեսնել ո՛չ ցուցարարների շարքերում, ո՛չ էլ, առավել եւս, հարթակում կանգնածների կողքին:
-Այնպիսի տպավորություն է, որ քննչական մարմնի ներկայացուցչի հետ եմ զրուցում: Ձեզ հատկապես հետաքրքրում է, թե ո՞ր քառակուսի մետրի վրա եմ եղել: Ես եղել եմ ժողովրդի հետ, ժողովրդի կողքին:
-Ձեզ նախապե՞ս էր հրահանգվել ներկա գտնվել Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին, թե՞ ինքներդ էիք Ձեր կամքով գնացել:
-Գիտեք, չեմ կարծում, որ այդ հարցը լուրջ է: Այս պահին հարմար չէ, չեմ կարող որեւէ ավել մեկնաբանություն անել:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ