ԵՏՄ-ն ստեղծում է նպաստավոր պայմաններ աշխատուժի տեղաշարժման համար: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Միգրացիոն պետական ծառայության պատ Գագիկ Եգանյանը` ներկայացնելով, թե 2015թ. հունվարի 1-ից ինչ արտոնություններ կլինեն հայ աշխատանքային միգրանտների համար ԵՏՄ երկրներում: Նշենք, որ այդ օրվանից ուժի մեջ է մտնելու Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը:
«Եվրասիական տնտեսական միությունում հայ աշխատանքային միգրանտների համար ավելի դյուրացված ռեժիմներ են սահմանվում` այդ երկրների տարածքներում աշխատանքային գործունեություն իրականացնելու հարցում: Մասնավորապես, նրանք ունենալու են այդ երկրների քաղաքացիներին համահավասար իրավունքներ` աշխատանքային գործունեություն իրականացնելիս:
Նախկինում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մեր քաղաքացիները հարկադրված էին ձեռք բերել աշխատանքի թույլտվություն կամ արտոնագիր, որի համար ներկայացնում էին մի շարք փաստաթղթեր և վճարում էին պետական տուրք: Դրանից հետո նրանք լիազոր մարմնի կողմից պետք է աշխատանքի թույլտվություն ստանային: Հիմա այդ ամբողջ համակարգը վերացված է»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով, այս ամենը չի անդրադառնում այն հայերի վրա, ովքեր Ռուսաստանում գտնվելով` խախտել են միգրացիոն կանոնները, նրանց համար այդ արտոնությունները չեն գործելու: