Ոչ մի կառույց ադրբեջանցի դիվերսանտներին չի պաշտպանի. Դ. Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միջազգային որեւէ կառույց չի ցանկանա ադրբեջանական դիվերսանտներին պաշտպանել, քանի որ նրանք հանցագործ են:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած Ադրբեջանի՝ երեք հոգանոց դիվերսիոն խմբի գործողությունների առիթով հարուցված քրեական գործը հոկտեմբերի 8-ին ուղարկվել է դատարան: Սակայն առաջին դատական նիստի օրը դեռևս չի հայտարարվել:

Ադրբեջանը, բնականաբար, չի ընդունում նրանց մեղադրանքը: Ավելին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս հայտարարությունն էր տարածել, թե ադրբեջանցիների նկատմամբ կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»: Բայց Ադրբեջանը միաժամանակ, մնալով ստվերում, մտադիր է օտարերկրացի պաշտպաններ կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ ներգրավել: Նկատենք, որ եթե Ադրբեջանը պաշտոնապես պաշտպաններ ուղարկի Արցախ, ապա այդպիսով պաշտոնական Բաքուն կճանաչի ԼՂՀ դատարանի իրավասությունը:

Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիների նկատմամբ դատական գործ հարուցելու իրավաբանական հիմքեր չունի, եւ դատարանի կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»: Այս պայմաններում ի՞նչ է մտադիր անել Արցախը:

-Ադրբեջանի պահվածքը մեզ համար նորություն չէ, հատկապես ադրբեջանական կողմը եռանդուն պաշտպանում է այնպիսի մարդկանց, որոնց կարելի է համարել հանցագործներ եւ մոլագարներ: Սա ցույց է տալիս այդ պետության ներքին իրավիճակը եւ, ընդհանրապես, թե ինչ հարեւանի հետ մենք գործ ունենք: Անկախ նրանց հիստերիայից՝ լինելու է բաց, թափանցիկ դատ, եւ եթե նրանց մեղադրանքը հաստատվի, դատապարտվելու են մեր գործող օրենքներով: Եթե խախտել են Արցախի պետական սահմանը, պետք է պատիժ կրեն: Ավելին՝ չեմ կարծում, որ միջազգային կառույցները կուզեն գործ ունենալ հանցագործների եւ դիվերսանտների հետ: Չի բացառվում, որ հիստերիկ աղմուկ բարձրացնեն, բայց դա մեզ վրա որեւէ ազդեցություն չի գործելու: Կարծում եմ՝ որեւէ կառույց չի ցանկանա թաթախվել ադրբեջանական այս աննորմալ պահվածքի մեջ` հաշվի առնելով, որ Սաֆարովին հերոսացրել են, հիմա էլ ուրիշ դիվերսանտ-հանցագործներին պետք է պաշտպանեն :

-Այնուամենայնիվ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ արդյո՞ք հնարավոր է օտարերկրյա պաշտպաններ ներգրավվեն գործին: ԼՂՀ-ն պատրա՞ստ է ընդունել օտարերկրյա պաշտպանների:

-Մենք ունենք մեր սեփական ռեսուրսները, եւ ներկա դրությամբ այլ կողմի պաշտպանության կարիք չկա, բայց կյանքը ցույց կտա:

-Վերջին ամիսների ընթացքում բավականին ակտիվ կերպով գերիների փոխանակում տեղի ունեցավ: Ավելին՝ ԼՂՀ ներթափանցած դիվերսանտին վնասազերծելու ժամանակ փոխհրաձգության հետեւանքով մահացածներից մեկի դին էլ հանձնվեց Ադրբեջանին: Հնարավո՞ր է, որ դատավճռի հրապարակումից հետո ողջ մնացած մյուս դիվերսանտներն էլ հետ ուղարկվեն Ադրբեջանին:

-Խնդիրն այն է, որ այդ մարդիկ չեն պատկանում այնպիսի կատեգորիաներին, որոնք նշված են ժնեւյան կոնվենցիաներում: Նրանք հանցագործներ են, եւ եթե Ադրբեջանը ընդունում է, որ սրանք իրենց բանակի մարտիկներ են, զինծառայողներ կամ հատուկ ծառայություն իրականացնողներ, ապա դրա մասին պետք է բացեիբաց հայտարարի: Բացի այդ, նրանք կատարել են դիվերսիոն աշխատանք, մարդասպանություն, քրեական հանցագործություններ, եւ բնական է՝ Ադրբեջանը իրեն քցել է, այսպես ասած, յուրահատուկ իրավիճակի մեջ:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս