Պատրաստվում եք փուչի՞կ փչել. Գ. Արսենյանը՝ ֆինանսների փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում քննարկվում էր Սահմանապահ համայնքներին արտոնություններ տալու հարցը: Քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին դիմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Սահմանապահը զինվորական մասնագիտություն է, դա երբեք չի կարող վերաբերել տեղին: Սահմանամերձը հասկացություն է, որը վերաբերում է տեղին, սահմանին մոտ: Այդ տերմինաբանական մասում պետք է ավելի կոռեկտ լինել ու ճշգրիտ: Ձեր կողմից բերված օրենսդրական փաթեթում դուք շեշտեցիք, որ մի նախաձեռնությունը, որը հնարավորություն է տալիս ֆիզիկական անձին իր եկամտահարկի վճարման ժամանակ հաշվանցի իր կողմից վերցված հիպոտեքային հարկի մի մասը և բացատրեցիք դա նրանով, որ դրանով Դուք ձեռնարկում եք շինարարության խթանման գործընթաց:

Ձեր կառավարության նախորդ ղեկավարը ՀՀ բնակիչներին տեղեկացրեց, որ ինչ-որ ժամանակ Հայաստանում փչվել է շինարարական փուչիկը, ու ոչ մի բան չենք ստացել դրա հետևանքով: Եվ այդ ժամանակ ես կառավարության որևէ ներկայացուցչից չլսեցի, որ շինարարությունը փուչիկ չէ, որ փչվի: Իսկ հիմա կխնդրեի բացատրել` պատրաստվում եք փուչի՞կ փչել, թե՞ այն արտահայտությունը, որ այս նախաձեռնությունը լոկոմոտիվ չէ տնտեսության մեջ, կոռեկտ չէր: Ի՞նչ է փոխվել ձեր կառավարությունում՝ բացի ղեկավարից»,- ասաց նա:

Ի պատասխան` Վախթանգ Միրումյանը նշեց.  «Հիպոթեքային վարկի տոկոսը մենք նվազեցնում ենք եկամտահարկի գումարից: Դա երկակի նշանակություն ունի՝ մեր քաղաքացիներին համապատասխան մատչելի հարկերի տրամադրում, ինչն էլ, բնականաբար, ազդեցություն է ունենալու շինարարության վրա: Իսկ շինարարությունը այն ոլորտներից է, որը ենթադրում է աճ արտադրության, ծառայության ոլորտում, աշխատատեղերի դիմաց վարձատրություն և այլն»:




Լրահոս