ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՀԻԱՍԹԱՓՎԻ

Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները շատ «խառն» էին, քանի որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Դուբայից վերադառնալով` հրահանգել էր բոլորին հավաքվել ԲՀԿ կենտրոնական գրասենյակում՝ «Կանյաչնիում»: ԲՀԿ-ական պատգամավորներն առավոտյան իրենց աշխատանքին էին եկել, սակայն Գ. Ծառուկյանի զանգից հետո հերթով լքեցին խորհրդարանի դահլիճն ու «սլացան» առաջնորդի հետ հանդիպման: 12.30-ից մինչեւ 15.30-ը որեւէ ԲՀԿ-ական պատգամավոր այդպես էլ չմասնակցեց խորհրդարանի աշխատանքներին:

Նախօրեին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը եւ նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանը իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն էին անցկացնում Դուբայում: Նշել էինք նաեւ, որ այս տրիոն ամեն տարի` աշնանը, արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկում է կազմակերպում իր հանգիստը: Այս անգամ օլիգարխների եռյակի հանգիստն ուշագրավ էր նրանով, որ նախորդում էր մեկ այլ` քաղաքական եռյակի հրավիրած հակաիշխանական հանրահավաքին: Եվ ահա` Գ. Ծառուկյանը գիշերը վերադարձել է Հայաստան, իսկ առավոտյան իր կուսակիցներին «հավաքել»` ներկայացնելու, թե ի վերջո ինչ է որոշել անել հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի ժամանակ:
Մի քանի ժամ տեւած հանդիպումից հետո վերադառնալով խորհրդարան` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները չցանկացան որեւէ բան ասել այն մասին, թե ինչու էր Գ. Ծառուկյանն այդքան շտապ իրենց կանչել, եւ ի՞նչ հարցեր են քննարկել հանդիպման ընթացքում: Միայն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրակարգային հարցեր են քննարկել, ու վերջ: Իսկ ավելի ուշ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե. «Խմբակցության գործունեությունը մշտապես ղեկավարում, կարգավորում, կանոնակարգում, համակարգում է խմբակցության ղեկավարը»` հավելելով, որ նիստի ժամանակ քննարկվել են հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի հետ կապված «բազմաթիվ եւ բազմապիսի հարցեր»: ԲՀԿ մամլո խոսնակը նաեւ նկատեց. «Ամենակարեւորը` բավարարվելու է ժողովրդի ակնկալիքը մեզանից, ինչպես միշտ»:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հոկտեմբերի 24-ին ինքը ներկայացնելու է այն քայլերը, որոնցով իրենք կարող են հասնել իշխանափոխության: Գ. Ծառուկյանը ԲՀԿ-ականներին հավաստիացրել է, որ իր խոսքն այնքան հստակ ու պարզ է լինելու, որ ժողովուրդը չի հիասթափվելու եւ շարունակելու է իրենց հետ պայքարի ուղին: Իսկ կարվեն արդյո՞ք նաեւ կտրուկ քայլեր, օրինակ` ժողովրդի հետ Բաղրամյան 26 գնալ ու պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, հայտնի չէ, այդ մասին Գ. Ծառուկյանը ոչինչ չի ակնարկել: Այսինքն` կարելի է ենթադրել, որ հոկտեմբերի 24-ին հերթական հանրահավաքներից մեկն է լինելու, որի ժամանակ ամեն մեկն իր տեսակետն է հայտնելու, քննադատելու է իշխանություններին ու պարտքը կատարած` հեռանալու է՝ հաջորդ հանրահավաքին հանդիպելու ակնկալիքով:
Իր կուսակիցների հետ հանդիպելուց հետո երեկ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպում է ունեցել նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ապա՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կայացել է նաեւ ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների եռակողմ հանդիպում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից պարզել, թե նրանք ինչ են մտածում հոկտեմբերի 24-ի հանրահավաքի վերաբերյալ եւ արդյոք հնարավոր են համարում, որ Գագիկ Ծառուկյանը դիմի կտրուկ քայլերի: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հորդորեց նախքան ինչ-որ մեկի խոսքը լսելը, պարզել նրա անցած ուղին. «Մենք որեւէ մտավախություն չունենք, հակառակը՝ երեւի ժամանակն է, որ ԲՀԿ-ն որոշակիորեն հստակեցնի իր դիրքորոշումները: Մեզ ընդհանրապես հետաքրքիր է այն, ինչ կատարվում է ընդդիմադիր դաշտում, որովհետեւ մեր ժողովուրդն է, մեր բոլորի ընտրողներն են: Իսկ այն բողոքները, որոնք կան, մենք ականջալուր ենք լինում դրանց: Պարզապես ես կուզենայի, որ մեր հասարակությունն ավելի հեռատես լիներ ու ամեն դեպքում, երբ որեւէ հարթակի վրա կանգնած գործիչը որեւէ պատասխանատու հայտարարություն է անում, հետեւեր, թե այդ հայտարարությունն անողը ո՞վ է, ի՞նչ ճանապարհ է անցել»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդի ձեռնարկելիք կտրուկ քայլերի հավանականությանը, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց. «Մի բան հստակ է՝ միշտ էլ ընդդիմությունը պահանջում է իշխանափոխություն: Ես համարում եմ, որ ՀՀԿ-ն իր աշխատանքը կատարում է, ու որեւէ մտավախություն չունենք կապված ընդդիմության քայլերի հետ»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրենք որեւէ բան չեն կարող ասել, քանի որ մինչեւ այժմ որեւէ հստակ հայտարարություն չի եղել ԲՀԿ առաջնորդի կողմից: «Երբ որ իշխանափոխության խնդիր դրվի, կխոսենք»,-եզրափակեց Գ. Մելիքյանը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՕԵԿ-ՈՒՄ ԽԱՌՆ ԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունում տարաձայնություններ կան: Ըստ լուրերի՝ Իշխան Խաչատրյանը չի մասնակցում խմբակցության աշխատանքներին եւ «սառեցրել» է հարաբերությունները մյուս անդամների հետ, իբր Խաչատրյանի եւ մյուսների հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է՝ նա հրաժարվի մանդատից: Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տարածված լուրերը: «Նման բան չի կարող լինել, քանի որ ես ամեն օր խմբակցությունում եմ: ՕԵԿ-ն ինձ համար հարազատ կուսակցություն է, ունեմ մեկ կուսակցություն ու մեկ առաջնորդ՝ ի դեմս Արթուր Բաղդասարյանի»,- հայտարարեց Խաչատրյանը:

 

ԻԲՐ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱ Է
Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, ով առաջարկում է փոխել «Զինապարտության մասին» օրենքը եւ ուսումը շարունակելու հիմքով տարեկետումը վերացնել, խուսափել է բանակում ծառայելուց: Երեկ Թ. Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ես այդ ժամանակ երկու տեղում էի սովորում, ավատրել եմ նաեւ ռազմական դասընթացները, պահեստազորային սպա եմ, ու երբեւէ չի եղել դեպք, որ ինձ կանչեն վայենկոմատ ու ես չներկայանամ: Օրենքն էլ համարում եմ հրատապ, իսկ մնացած խնդիրները քննարկման ժամանակ կներկայացնենք»: Եթե մարդ երկու տեղ է սովորել, ապա ինչո՞ւ իր կենսագրականում չի նշել, թե երբ որ ԲՈՒՀ-ն է ընդունվել, արդյո՞ք մինչ այդ նա արդեն իսկ զինվորական ծառայությունից չի խուսափել: Կամ 24 տարեկանում ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո նա պարտավոր էր որպես սպա մեկնել ժամկետային զինվորական ծառայության: Այնպես որ՝ կենսագրականի բացն առկա է, եւ լավ կլինի, որ Պողոսյանը հստակ պարզաբանի, թե ինչպես է այդպես ստացվել:

 

ՇԻՖՐԵՐԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Կարկուտից տուժած մի խումբ ճամբարակցիներ խոստացված շիֆրեր չստանալու պատճառով երեկ Ճամբարակի քաղաքապետին բողոքել եւ տեղեկացրել են, որ եթե իրենք չստանան իրենց հասանելիք շիֆրերը, ապա կսկսեն բողոքի ակցիաներ կազմակերպել: Ճամբարակցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած ասացին, որ մարզպետարանը ուշ-ուշ է բաժանում շիֆրերը: Նույնիսկ լուրեր կան, որ մարզպետարանը մինչեւ նոյեմբերի 10-ը ընդհանրապես շիֆրեր չի տրամադրելու: Սա այն դեպքում, երբ Ճամբարակը բոլորին հայտնի է իր սաստիկ ցուրտ ձմեռներով: Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Երեկ բաժանել են, իսկ վաղվա համար չգիտենք՝ կլինի՞, թե՞ ոչ: Սպասում ենք զանգեն, տեղեկացնեն: Բայց հաստատ բոլորին կհասնի»: Հիշեցնենք, որ տեղացած կարկուտի հետեւանքով տուժել են 819 տներ եւ 13 բազմաբնակարան շենքեր, որոնց բնակիչներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունը Գեղարքունիքի մարզպետարանին հատկացրել է 69 մլն դրամ:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Երեկ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Օյունջյան» հիմնադրամի միջոցներով կառուցված՝ Գյումրիի «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը, ծանոթացել շուրջ 300 երեխայի համար նախատեսված նորաբաց կրթօջախի ծրագրերին: Արվեստի նոր դպրոցում գործելու են երգի, պարի, բալետի, նկարչության, քանդակագործության եւ այլ մասնագիտական դասարաններ:

 

ԿԴԱՌՆԱ ՀՆԳՅԱ՞Կ
Կարծես թե ոչ իշխանական եռյակն ընդլայնելու ջանքերում Տեր-Պետրոսյանը միայնակ չէ: Առաջիկայում «հրաշալի քառյակին» միանալու պատրաստակամություն է հայտնել եւս մեկ քաղաքական ուժ` Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը. «Կուսակցությունը նպատակահարմար է գտնում միանալ ոչ իշխանական կուսակցությունների շարժման առաջնորդ կուսակցության առաջնորդի սկսած նախաձեռնությանը: Մեզ համար նախընտրելի է հանդես գալ մեկ միասնական ճակատով, քան՝ առանձին-առանձին: Գնահատելով շարժման բոլոր ղեկավարների փորձն ու գիտելիքները՝ մեզ համար, որպես շարժման ղեկավար, ավելի նախընտրելի է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»,- հայտարարել է ԼԺԿ նախագահ Դավիթ Հարությունյանը: Նկատենք, որ բավականին ուշագրավ է երիտասարդ լիբերալի` «ոչ իշխանական կուսակցությունների շարժման առաջնորդ կուսակցության առաջնորդի»` գրեթե տաֆտալոգիա թվացող ձեւակերպումը:

 

ԴԻՊԼՈՄՆԵՐԸ ՉԵՆ ՃԱՆԱՉՈՒՄ
Երեկ Աժ-ում ՀԱկ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով մասնավոր ԲՈՒՀ-երի խնդրին` ՀՀ ԿԳ նախարարին ասել է. «Դուք նպատակային ոչնչացրիք մասնավոր բուհերը: Հեռակայով բժիշկ, իրավաբան չեն դառնում: Չեն գնում, մարդ չկա: Մասնավոր բուհը՝ շուկայական տնտեսության այս կարեւոր բնագավառը, դուք ոչնչացրիք»: Ի պատասխան՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հակադարձել է. «90-ականների սկզբից եք թույլ տվել բացել տասնյակ բուհեր, որակը երբեք չեք ստուգել, տվել եք գունավոր թղթի վրա տպած դիպլոմներ՝ թղթի թափոններ, սփռվել են աշխարհով մեկ, ու հիմա թուղթ ենք ստանում Ֆրանսիայից, թե սենց թուղթ ենք ստացել: Լավ է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունով համալսարան չեք բացել: Ձեր կողմից երկար ժամանակ տարվող քաղաքականության պատճառով ՀՀ դիպլոմները չեն ճանաչում Իրանում եւ այլուր»:

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է` ՔՆՆԱՐԿՎԻ
Այսօր կայանալու է ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, որի ընթացքում հնարավոր է՝ քննարկվի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի նշանակման հարցը: Թեեւ, ըստ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի, նիստի օրակարգը ձեւավորվում է տեղում՝ նախագահի եւ գործադիրի անդամների առաջարկներով:

 

ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հոկտեմբերի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին արդյունավետ եւ ակտիվ աշխատանքի համար եւ նրան հանձնել ԱԳՆ մեդալ:

 




Լրահոս