ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐՆ ԻՐ ՏԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԱՍԻՆ
Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանն իր դեմ իրականացված մահափորձը դեռեւս թյուրիմացություն է համարում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վիլեն Հակոբյանը՝ նշելով, որ թշնամիներ չունի, բոլորը բարեկամներ են:
Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 22.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի բնակիչներից մեկը հայտնել է, որ շենքի թիվ 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատել:
Ավելի ուշ պարզվել է, որ նշված չօգտագործվող բնակարանի մուտքի դռան բռնակից կախված սպորտային կոշիկի միջից հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ եւ պայթուցիչ, որոնք վնասազերծվել են: Իսկ, ահա, չօգտագործվող բնակարանը պատկանում է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանին:
Եվ այսպես՝ ով եւ ինչու էր ցանկանում պայթեցնել Վիլեն Հակոբյանի բնակարանը կամ արդյո՞ք ցանկանում էր պայթեցնել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, ի՞նչ է կատարվում Ձեր շուրջ, ինչի՞ հետեւանք է պայթյունի փորձը:
-Սա ոչինչի հետ կապված չէ, իմ դիմացի բնակարանի վրա է այդ սարքը եղել ու վերագրել են ինձ: Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, մուտք ու ելք ունեմ, այդ բնակարանի վրա չի եղել:
-Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ Երեւանի Օրբելի Եղբայրների փողոցի 33 շենքի 28 բնակարանի պատշգամբի դռան բռնակից կոշիկ է կախված, որի մեջ նռնականման առարկա է նկատվել: Ըստ տեղեկությունների՝ այդ չօգտագործվող բնակարանը Ձեզ է պատկանում:
-Չգիտեմ: Այն ինձ հետ չեմ կապում, ծայրահեղ դեպքում՝ թյուրիմացություն կարող է լինել:
-Իսկ եթե պարզվի հակառակը, որ Ձեր թշնամիներն են Ձեր մահը կամ հարազատների մահը ցանկանում:
-Թշնամիներ չունեմ, չեմ էլ ունեցել, միայն բարեկամներ ունեմ: Ես դեռ ենթադրում եմ, որ դա կարող է երեխաների խաղալիք լինել, դեռ վստահ չեմ, որ դա կարող է մարտական պայթուցիկ սարք լինել:
-Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ այն խաղալիք չէ, այլ «Ֆ-1» տիպի նռնակ:
-Չգիտեմ: Կրկնում եմ՝ չեմ կապում իմ հետ, քանի որ, առավել եւս հիմա, ոչ մի ֆինանսական հարցեր չունեմ որեւէ մեկի հետ, ոչ էլ աշխատանքային հարցեր կան:
-Իսկ նախկինում ունեցե՞լ եք:
-Դե, հիմա…:
-Քաղաքական որեւէ ենթատեքստ չե՞ք տեսնում կատարվածում:
-Արդեն 3-4 տարի է, ինչ իմ քաղաքական ակտիվությունը լրիվ վերացրել եմ: Կարծում եմ՝ թյուրիմացություն է, թե չէ այսպիսի խաղ խաղալ… չեմ կարծում, որ դա իրական է:
-Հնարավո՞ր է, որ Ձեզ փորձում են վախեցնել:
-Ինչի համար, չէ, չեմ կարծում:
Տեղեկացնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ (Սպանությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի` (ապօրինի ռազմամթերք) հատկանիշներով: Ոստիկանները միջոցներ են ձեռնարկում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Նշենք, որ Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտորի եւ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի միջեւ 2005 թվականին հեռակա լեզվակռիվ եղավ այն փաստի շուրջ, որ թեեւ ռեկտորի տարիքը լրացել էր, սակայն նա չէր լքում պաշտոնը: Արա Ավետիսյանը հայտարարեց, թե որոշ ռեկտորներ պարզապես կառչած են իրենց աթոռներից, որից հետ թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սոս Սարգսյանը, կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը, ինչպես նաեւ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Հակոբյանը հրաժարականի դիմումներ գրեցին:
Ավետիսյանի այս հայտարարությունն այնքան էր զայրացրել Վիլեն Հակոբյանին, որ վերջինս ասել էր, թե. «Գտնում եմ, որ պարոն Ավետիսյանն իր խոսքերով վարկաբեկել է ոչ միայն ռեկտորներին, այլեւ իր կուսակցությանը՝ հավանաբար ղեկավարվելով այն սցենարով, որ կուսակցությունն օգտագործում են աթոռ զբաղեցնելու համար: Ես եւ շատ ռեկտորներ իրենց աթոռները զբաղեցրել ենք առանց կուսակցականությունը չարաշահելու»: Հանրապետական կուսակցությանը հասցեագրված քննադատությունից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Վիլեն Հակոբյանին 2005 թվականին ավտոմեքենայի բանալիներ նվիրեց` շեշտելով, որ նվերն անում է ռեկտորի 75-ամյակի առիթով:
Հ.Գ. Դեռեւս 2001թ. սեպտեմբերի 11-ին իր բնակարանի դռանը հարմարեցված նռնակի պայթյունից սպանվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդական, վարչապետի վերահսկողական ծառայության պետ Գագիկ Պողոսյանը (Իմակի Գագոն): Դեպքից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարծիք էր հայտնել, որ Պողոսյանի սպանությունը կապված էր նրա աշխատանքային գործունեության հետ: Ավելի ուշ սպանության հետ կապված՝ մամուլում հրապարակումներ են եղել, որոնց համաձայն՝ հանցագործության կազմակերպիչը եղել է Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը: Սակայն սպանությունն այդպես էլ չբացահայտվեց եւ հետագայում կասեցվեց՝ հանցագործ անձի անհայտ լինելու հիմքով: Տեղեկացնենք, որ Գագիկ Պողոսյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի աներն էր:
ԵՐԵՎԱՆԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԴՈԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոկտեմբերի 18-ին ՀՀ նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա իրականացնող նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը, որն առավել հայտնի է Դոգ մականվամբ, խոստացել էր աղմկահարույց բացահայտումներ անել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի վերաբերյալ: Դոգը խնդրել էր ապահովել իր անվտանգությունը, քանի որ Երեւանի ոստիկանապետն իրեն հետապնդում է: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ նախկին ոստիկանին ձերբակալեցին:
Նշենք, որ Դոգը Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանին հրել եւ վիրավորել էր, որից հետո աշխատանքից ազատվեց եւ ավելի ուշ նշանակվեց Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ: Սակայն այդտեղից էլ հեռացվեց:
Եվ, ահա, ամիսներ անց նախկին ոստիկանը ձայնասկավառակները ձեռքին հայտնվեց Բաղրամյան 26-ում եւ շանտաժ էր անում, թե Երեւանի ոստիկանապետը հետապնդում է իրեն, ինքը հիմնավորումներ ունի՝ ինչ ապօրինություններ է արել Աշոտ Կարապետյանը: Այս հայտարարությունից հետո Վարդան Ղուկասյանը ձերբակալվեց եւ մեղադրանք առաջադրվեց ՀՀ Քր.Օր. 182-րդ հոդվածի հատկանիշներով (շորթում): Նա nrnak.com կայքի խմբագրի հետ մարդկանց շանտաժի է ենթարկել, գումարներ կորզել, ինչի համար էլ հայտնվեց ճաղերի հետեւում: Իսկ խմբագրին ազատ արձակեցին:
«Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, մինչ օրս ոստիկանությունը չգիտե՞ր, որ Դոգը շորթում էր իրականացրել: Ինչո՞ւ ձերբակալվեց այն ժամանակ, երբ խոսեց Ձեր մասին եւ սպառնաց սկանդալային բացահայտումներով:
-Իմ պատկերացմամբ երեւի ինքը պատկերացնում էր, որ գալու է օրհասական պահը, քանի որ լինելով նախկին ոստիկան՝ ինքը լավ գիտեր, երբ են անում ձերբակալություններ, ինչ պայմաններում, ինչ փաստերի հիման վրա: Երեւի կանխազգալով՝ ինքնապաշտպանական ռեակցիա էր իր մոտ առաջացել: Ինձ շատ քիչ է հետաքրքրում. ես իր կերպարը գիտեմ, թե նա ով է: Տվյալ գործի օպերատիվ մասն ընդհանրապես իմ ենթակայության տակ գտնվող աշխատակիցները չեն արել: Այլ գերատեսչություն է այս հարցով զբաղվում, խնդրեմ, իրենցից հարցրեք:
-Բայց Դուք նրան ձերբակալելով՝ փորձեցիք «բերանը փակել»:
-Դա, ներողություն, ամենաանհեթեթ տարբերակն է: Չէ՞ որ բազմիցս ասվել է, որ օրենքի առաջ բոլորն են հավասար:
-Իսկ ձայնասկավառակնե՞րը, Դոգը պնդում էր, որ ամեն ինչ կապացուցի:
-Ես գիտեմ, որ նա այն կենդանական տեսակն է, որ անգամ այդ ձայնասկավառակների մեջ ոչինչ չկա:
Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
ԼՈՒՐԵՐ
ՓՈՂԻ ԴԻՄԱՑ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ: 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Գյումրի քաղաքի բնակչուհուց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ դուստրը, լինելով հղի եւ միջոցներ չունենալով երեխային պահելու համար, պայմանավորվածություն է ձեռք բերել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի հետ, որ ծննդաբերելուց հետո երեխային նրան կհանձնի՝ 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց: Երեխան ծնվել է սեպտեմբերի 18-ին եւ, պայմանավորվածության համաձայն, դուստրը երեխային հանձնել է նրան, սակայն վերջինս խոստացված գումարը չի վճարել: Նկատի ունենալով, որ հաղորդումը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը): Նախաքննությունը շարունակվում է:
ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 20:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը կենտրոն է տեղափոխել 15-ամյա Խաչատրյանին՝ կապկպված վիճակում: Ահազանգի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում անչափահասը հաղորդում է ներկայացրել, որ 2014թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Զավարյան փողոցում 4 տղամարդ բռնության գործադրմամբ իրեն նստեցրել են մի ավտոմեքենա եւ տեղափոխել անհայտ ավտոտնակ, որտեղ կապել են ոտքերը, ձեռքերը, աչքերը եւ բերանը: Ապա իր եւ իր հոր հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ եւ սպանության սպառնալիքներ՝ նույն ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան քաղաքի Տիգրան Մեծի 47 շենքի հարակից տարածք եւ փախուստի դիմել: Այս առիթով հարուցվել է քրեական գործ:
ԾԵԾԵԼ ԵՆ
Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Մոտ 50 եւ 40 տարեկան քույրն ու եղբայրը, ովքեր ամուսնացած չեն, դաժանաբար ծեծելով՝ սպանել են իրենց 82-ամյա մորը՝ Լենային: Ինչպես Armlur.am-ին հայտնել է համայնքապետ Արբակ Եղիազարյանը. «Խոսակցություններ կան, որ երեխաներն են սպանել: Անկեղծ ասած՝ չեմ կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել: Քննություն է ընթանում: Տեսնենք՝ ինչ կպարզվի»:
ԴԻՄԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ
Պահեստազորի գնդապետ, խարդախության մեղադրանքով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ բեկանելու առաջին ատյանի եւ Վերաքննիչ քրեական դատարանների կայացրած որոշումը: Փաստաբանը, սակայն, մտավախություն է հայտնել առ այն, որ Վճռաբեկն իրենց բողոքը վարույթ չի ընդունի: Նա նշել է, որ այդ դեպքում իրենք մտադիր են դիմել Եվրոպական դատարան: