Հայաստանում Հունաստանի դեսպանն այցելել է ՀՀ սփյուռքի նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց հազարամյակների պատմություն ունեցող հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ նշելով, որ հունական իշխանությունները մշտապես աջակցել են Հունաստանում հայկական համայնքի պահպանմանն ու զարգացմանը:

Նախարարը երախտագիտությամբ անդրադարձավ վերջերս Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման փաստին, որի արդյունքում պատիժ է նախատեսվում այն անձանց համար, ովքեր դիտավորյալ կժխտեն մարդկության դեմ կատարված հանցագործությունը:

Հրանուշ Հակոբյանը նշեց, որ և՛ Հունաստանը, և՛ Հայաստանը աշխարհի տարբեր երկրներում մեծաթիվ Սփյուռք ունեցող երկրներ են, և այդ առումով օգտակար կլինի փորձի փոխանակումը, տարբեր երկրներում՝ որպես ազգային փոքրամասնություն հանդես եկող հայկական և հունական համայնքների հարաբերությունների սերտացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:

«Հունաստանում գործում են բազմաթիվ հայկական դպրոցներ, հայոց եկեղեցիներ, տարբեր մշակութային խմբեր, – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – Սփյուռքի նախարարությունը կազմակերպում է տարբեր երկրների հայկական համայնքների օրեր Հայաստանում, որոնք յուրահատուկ հաշվետվություն են տարբեր երկրներում հաստատված մեր հայրենակիցների կողմից հայապահպանությանը նպաստող գործունեության վերաբերյալ»:

ՀՀ սփյուռքի նախարարը Հունաստանի դեսպանին առաջարկեց կազմակերպել նաև հունահայ համայնքի օրերը Հայաստանում:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար՝ դեսպան Իոաննիս Տայիսը ևս կարևորեց Սփյուռքի հետ տարվող աշխատանքներում երկու երկրների փորձի փոխանակումը:

Քննարկելով 2015թ. Հայաստանում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին Հունաստանի պատվիրակության մասնակցության հարցը՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը նախևառաջ կկանխարգելի աշխարհում որևէ այլ ազգության և երկրի հանդեպ նման ոճիրի իրագործումը:
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Հունաստանի դեսպանին նվիրեց «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որտեղ ամբողջացված են աշխարհի բոլոր հայկական համայնքներում կառուցված Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված հուշակոթողները:




Լրահոս