«Նաիրիտ»-ի հաշիվներն արգելանքի տակ կդրվե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էներգոկոր» ՓԲԸ-ն հոկտեմբերի 7-ին դիմել է դատարան՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջով:
Տեղեկացնենք, որ այս ընկերությունը գործում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Սակայն «Ժողովուրդ»-ի ջանքերն ընկերության որեւէ ներկայացուցչի գտնելու ուղղությամբ ապարդյուն անցան: «Էներգոկոր» ՓԲԸ-ի մասին ոչ մի տեղեկություն ոչ մի տեղ գրանցված չկա: Միայն հայտնի է, որ ՀՀ պետական ռեգիստրում գրանցված այդ ընկերության հիմնադիրները Կարեն եւ Գարիկ Արաբյաններ եղբայրներն են:

Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը փորձեց հրազդանցիների շրջանում հետաքրքրվել ընկերության մասին: Վերջիններիս փոխանցմամբ՝ սեփականատերեր Արաբյանները 90-ականներին են միայն ակտիվ գործունեություն ծավալել: Նրանք այդ տարիներին նոր են վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից ու զբաղվել են ջերմամեկուսիչ սարքերի, նյութերի եւ գեներատորների արտադրությամբ: Բայց հրազդանցիների համոզմամբ՝ այսօր նրանք նշված հասցեում գործունեություն չեն ծավալում: Չի բացառվում՝ կրկին վերադարձել են Ռուսաստանի Դաշնություն:
Նշենք, որ պաշտոնական փաստաթղթում, որ տեղադրված է համացանցում, նշված չէ՝ «Էներգոկոր»-ը ինչու եւ որքան գումար է պահանջում «Նաիրիտ»-ից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս այդ ընկերության ներկայացուցիչները դիմել են նաեւ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն՝ «Նաիրիտ»-ի հաշիվներն արգելանքի տակ դնելու պահանջով: Ի վերջո «վերեւներից» համոզել են նրանց հետ վերցնել իրենց դիմումը, քանի որ աշխատավարձի վճարման խնդիրներ կան, չէ՞ որ գործարանի հարյուրավոր աշխատակիցներ դեռ չեն ստացել իրենց հասանելիք աշխատավարձերը: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանը, այժմ արգելանքը հաշիվների վրայից հանված է: Բացի այդ՝ խոսնակը տեղեկացրեց, որ իր տեղեկություններով այս ընկերությունը հայցը հետ է վերցրել:

Իսկ թե ինչ հանգուցալուծում կունենա այս պատմությունը, բազմաթիվ ֆինանսական խնդիրներ ունեցող «Նաիրիտը» երբ եւ ինչ գումարներով կմարի կուտակված պարտքերը, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ նախկինում էլ «SandbadTir INTL Transport Co.LTD» իրանական ընկերությունն էր դատարան դիմել՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտը»: Որոշ ժամանակ անց՝ երկու կողմերի միջեւ բանակցություններ սկսվեցին:

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս