ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

100 ՄԻԼԻԱՐԴ
«Ֆեյսբուք» ընկերությունը բորսաներում վաճառքի է ներկայացրել իր բաժնետոմսերը` մեկ բաժնետոմսի նախնական գինը սահմանելով 38 ամերիկյան դոլար: Այդպիսով՝ ընկերության արժեքը դարձել է ավելի քան 100 միլիարդ դոլար։

ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ՀՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 31-ին՝ ժամը 10:00-ին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
«Սարդարապատ» շարժումը հաղորդագրություն է տարածել՝ կարծիք հայտնելով, որ վերջին շրջանում սեռական փոքրամասնությունների շուրջ Հայաստանում ծավալված քննարկումներն իշխանության կողմից ուղղորդված տեղեկատվական-հոգեբանական անակնկալ հարձակման դրսեւորում են, որի նպատակը հասարակության ուշադրությունը շեղելն է քաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից, եւ կոչ է արել չտրվել այդ սադրանքներին։

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ստեփան Պողոսյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հայրն է:

ՈՐ ՇԱՏ ԱՂՄՈՒԿ ՉԲԱՐՁՐԱՆԱ
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) մայիսի 18-ի նիստում որոշել է կարճել «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթը:
Վարույթ հարուցելու համար հիմք էր համարվել այն, որ ՀՌԱՀ-ի վերահսկողական ծառայությունն արձանագրել էր, որ «Կենտրոն» եւ «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները քարոզարշավի ժամանակ ոչ հավասարաչափ էին լուսաբանել ընտրություններին մասնակցող ուժերին:

ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԱԿՆՈՑՆԵՐՈՎ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ հայտարարել է, որ իր կարծիքով՝ մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ առաջընթաց է արձանագրվել մի քանի ուղղություններով: «Լրատվամիջոցներից օգտվելու առումով վիճակը շատ ավելի լավ էր, քան նախկինում, եւ սա լավ բան է, ընտրատեղամասերում ամեն ինչ ըստ կարգի էր եւ թափանցիկ, հանձնաժողովների անդամները պատրաստված էին, ընտրատեղամասերում տեսախցիկներ էին տեղադրված: Այսինքն` շատ դրական զարգացումներ կային այս ընտրություններում»,-եզրակացրել է  դեսպանը:




Լրահոս