ԴԱՏԱՐԱՆԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ո՛չ ընտրություններից առաջ եւ ո՛չ էլ ընտրությունների օրը՝ մայիսի 6-ին, ընտրական իրավունքի խախտման դեպքերի վերաբերյալ որեւէ հայցադիմում չի ստացել: Այս մասին տեղեկացանք դատարանի աշխատակազմի ղեկավար Սուսաննա Համբարձումյանից: Թեեւ մարզի բոլոր բնակավայրերում աշխատել են փաստաբաններն ու դատավորները, սակայն ընտրական իրավունքի ոտնահարման աղաղակող դժգոհություններ՝ գրավոր տեսքով, չեն եղել: «Պարզապես մոտ 5-6 քաղաքացի եկել են, որոնք չեն գտել իրենց անունները ընտրացուցակների մեջ»,-ասաց դատարանի աշխատակիցը: Նա նաեւ նշեց, որ ընտրությունների օրը դատարաններին հնարավորություն էր տրված քննել ընտրախախտման ցանկացած դեպք՝ անկախ այն հանգամանքից, թե ընտրողի իրավունքները որտեղ կամ ինչ հանգամանքներում են ոտնահարվել, բայց դատարանի աշխատանքը եղել է թերծանրաբեռնված:
Այս հանգամանքը, սակայն, ամենեւին էլ չի նշանակում, որ դատարան դիմելու անհրաժեշտություն չի եղել, կամ որ որեւէ քաղաքացի չի բախվել այնպիսի խնդրի, որ հարկ լիներ գնալ դատարան եւ վերականգնել խախտված իրավունքները: Սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ «արդարադատություն» իրականացնող մարմինների նկատմամբ կա վստահության բացարձակ բացակայություն: «Դատարանում իրավախախտումը վիճարկելուց խուսափում են շատերը»,-ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Աննա Դավթյանը եւ հավելում, որ մարդիկ դատական ատյանից դրական ակնկալիք չունեն: Փոխարենը փաստաբանները քաղաքացիներից դիմում-բողոքներ ստացել են՝ հիմնականում ընտրացուցակներում մահացած մարդկանց ու նաեւ արտերկրում երկար տարիներ բնակություն հաստատած ազգականների անունների հայտնաբերման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում, մայիսի 6-ին եւ հետընտրական շրջանում ստացված տեղեկություններով՝ ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է 174 դեպք: Դրանք հիմնականում առնչվում են ընտրակաշառքի բաժանման դեպքերին, լցոնմանը, այլ անձի փոխարեն քվեարկելուն, լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքին խոչընդոտելուն եւ այլն: Հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է 34 դեպքերի պարագայում, մյուս դեպքերով նյութեր են նախապատրաստվում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս