Եղանակը տհաճ անակնկալ է մատուցել ինչպես Գյումրու, այնպես էլ մարզի մի շարք համայնքների բնակիչներին: Ուժեղ քամու եւ տեղացած կարկուտի պատճառով վնասվել են հատկապես այն համայնքները, որտեղ չկան հակակարկտային կայաններ: Երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտը վնաս է պատճառել Շիրակի մարզի Լուսակերտ եւ Բենիամին համայնքների ցանքատարածություններին: Ցորենի եւ գարու արտերից բացի, կարկուտը վնասել է նաեւ մոտ 1 ամիս առաջ մշակած բանջարաբոստանային կուլտուրաները եւ մրգատու ծառերը:
Բենիամինի բնակիչները, նորից կանգնելով փաստի առաջ, բարձրաձայնում են, որ իրենց բնակավայրը երբեւէ պատշաճ ուշադրության չի արժանանում եւ մշտապես տուժում է բնական աղետներից: Այն, որ գյուղը չունի հակակարկտային կայան, գիտեն համապատասխան մարմինները: Գյուղացիներն այս խնդիրը մշտապես բարձրաձայնել են, սակայն Շիրակի մարզպետարանից ստացել են արձագանք, որ եթե ցանկանում են՝ գյուղում կայան տեղադրվի, ապա համայնքային բյուջեից պիտի ներդրումներ կատարեն: Գյուղապետարանից էլ հայտնում են, որ միջոցները չափազանց սուղ են, եւ որ նման շռայլություն չեն կարող թույլ տալ: Այս տարի էլ ունացած հողատարածքը մշակելու համար ինչպես Բենիամինի, այնպես էլ մարզի մի շարք համայնքների բնակիչներ ստիպված են եղել վարկեր վերցնել, որոնց «տակից դուրս գալ» երբեմն չի ստացվում, որովհետեւ աղետների դեպքում գյուղացին մնում է մենակ՝ չստանալով որեւէ աջակցություն:
Զրուցեցինք Բենիամին համայնքի բնակիչների հետ, որոնք նոր էին վերադարձել դաշտերից ու պատմեցին, թե ինչ վիճակում են գտել իրենց ցանքատարածությունները: «Տրակտորով էինք գնացել դաշտեր: Բավականին վնաս է տվել: Կարտոշկի ծլերն են ջարդվել: Կարտոլ, ցորեն, գարի՝ էլ ուրիշ բան չունինք, ու շատ վատ վիճակ է: Մենք էլ վարկ էինք վերցրել, որ կարողացել էինք էդ մի հեկտար հողը մշակել»,-նշեց Սուրեն Գեւորգյանը: Մեկ ուրիշն էլ մեզ ուղեկցեց իր այգի՝ ցույց տալով մրգատու ծառերի կոտրված ճյուղերն ու այն փոքր հողատարածքը, որտեղ կարտոֆիլ էր ցանել:
Մարմաշեն համայնքի բնակիչները դժգոհում են կառավարության «աջակցությունից»: Սուբսիդավորված գներով պարարտանյութը, որի մասին պարբերաբար խոսում էր գյուղնախարարը, այստեղ չի հասել: Ավելի շուտ, առաջին փուլից տեղյակ են, բայց քանի որ պարտադիր պայմանն այն է եղել, որ վճարը պետք է կանխիկ տային, գյուղացիներից ոչ բոլորն են կարողացել օգտվել: Շատերին հորդորել են սպասել երկրորդ փուլին: Մարմաշենցիները հավաստում են, որ այն իրենց գյուղ չի հասել, եւ որ պարարտանյութը Գյումրու շուկաներում է վաճառվել մեկ պարկը 6000-ի փոխարեն 10.000 դրամով: «Առաջին անգամ տվեցին՝ փող չունեի: Ըսին՝ երկրորդ անգամ կուդանք: Սպասինք, սպասինք, չկա: Էլ ուրդի՞ց պարարտանյութ: 2-րդ անգամ եկավ, տվեցին վաճառականներին, տարան քաղաք՝ ծախելու»,-պատմեցին գյուղի բնակիչները: Հիմա նրանք պարարտանյութ են պահանջում՝ շեշտելով, որ անգամ գյուղի 50%-ը չի օգտվել ծրագրից: Իսկ քանի որ հողը պարարտացված չէ, պարզ է՝ լավ բերք այս տարի էլ չի լինելու:
Գյումրի