ՌԱԴԻՈ «ՋԱՆ»` ԹԱԹԱՆ ԷԼ Է ՌԱԲԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Ջան» ռադիոկայանի պրոդյուսեր Արմեն Թադեւոսյանը, ումից շատ նոր ու հետաքրքիր տեղեկություններ իմացանք ռադիոկայանի մասին: Զարմանալի, բայց նաեւ գովելի փաստ է, որ ռադիոկայանը գումար չի պահանջում կատարողներից` նրանց երգերը եթերով հնչեցնելու համար:
-Ռադիոկայանը հեռարձակվում է ապրիլի 1-ից, կարելի է ասել, որ այս կարճ ժամանակահատվածում այն ունի բավականին մեծ լսարան:
-Ինչո՞վ է պայմանավորված դա, մեր ազգը սիրում է պարել, ուրախանալ, դրա՞ համար է այս ֆորմատի ռադիոկայանն իր սրտով:
-Մենք փորձել ենք ամեն ինչ մի քիչ թեթեւ անել, ինչո՞ւ չէ, նաեւ ուրախ լինել, փորձում ենք մարդկանց ուրախացնել, եւ մեզ դա հաջողվում է:
-Ո՞ւմ է պատկանում ռադիոկայանը:
-Եթե ես անգամ անուններ տամ, դա Ձեզ ոչինչ չի ասի: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է, որը հեռարձակում է հայկական երաժշտություն:
-Ասում են՝ ռադիո «Ջան»-ը «Արմենիա» հեռուստաընկերությանն է պատկանում:
-Ես նման բան չեմ լսել: Սա առանձին, անկախ ռադիոկայան է:
-Նախքան Ձեզ հետ կապ հաստատելը՝ մի քանի օր լսում էի ռադիոկայանով հեռարձակվող երաժշտությունն ու նկատեցի, որ հանդիպում են երգեր, որոնք, իմ սուբյեկտիվ կարծիքով, մի տեսակ ռադիոհեռարձակման համար այդքան էլ հարմար չեն: Չունե՞ք որոշակի ֆորմատ, որից այն կողմ չի կարելի:
-Ֆորմատը հայկական երաժշտությունն է: Բայց չհասկացա, այդ ո՞ր կատարումները հարմար չէին:
-Ծայրահեղ ռաբիս երգերը:
-Մեր ռադիոկայանով ծայրահեղ ռաբիս երեւի թե չի հնչում, մի քիչ համաձայն չեմ: Չեմ համարում, որ 6/8 ոճը միայն ռաբիս է՝ չնայած ռաբիս բառը մի քիչ քննարկման ենթակա է:  Չգիտեմ՝ ինչն է Ձեզ ծայրահեղ ռաբիս թվացել:
-Ասեմ, այս օրերի ընթացքում ռադիո «Ջան»-ի եթերում լսեցի Սպիտակցի Հայկոյին, Թաթուլին ու էլի մի քանի կատարողների, որոնց մենք լսում ենք ռեստորաններում: Հաճախ հարց ենք բարձրացնում, թե արժի, որ հեռուստատեսությամբ հնչեն այդ երգերը, հիմա նույն երգերը հնչում են ռադիոյով:
-Դուք երգիչների անուններ տվեցիք, բայց կարո՞ղ եք ուրիշ երգիչների անուններ տալ, որոնք ռաբիս են, բայց չեն դասվում այդ շարքին:
-Հիմա կդժվարանամ:
-Ես կասեմ` Թաթա:
-Թաթան մի քիչ այլ ֆորմատի է:
-Բայց ինքն էլ է ռաբիս, գիտե՞ք: Մենք ուղղակի փորձել ենք անել այնպես, որ մեր ունկնդիրներն ուրախանան, ինչպես մեր կարգախոսում է ասվում` «Ջան ասենք, ջան լսենք», ինչը շատ կարեւոր է: Մենք պետք է իրար ջան ասենք, դրանից մարդիկ էլ ավելի բարի լինեն, հաճախ ժպտան իրար: Չե՞ք կարծում, որ դա մեզ պակասում է: Սա ժամանցային ռադիոկայան է, չեմ ուզում համեմատել ոչ մի դաշտի հետ: Երաժշտությունից բացի, մենք ունենք նաեւ բավականին հետաքրքիր հաղորդումներ` «Ռադիոպրեմիերա», «Օրվա լրահոս»` ծիծաղելի նորություններ, ավտոմեքենաների մասին հաղորդում, «Անկա շոու», սպասվում է նաեւ նոր հաղորդում` «Տոնդ շնորհավոր», երբ մարդիկ ուղիղ եթերով կշնորհավորեն իրենց մտերիմներին ու հարազատներին:
-Ցանկացած երգ ընդունում եք ու հեռարձակո՞ւմ, թե՞ պատահում է, երբ ասեք` դու մեր ֆորմատին չես համապատասխանում:
-Բնական է, ամեն ինչ չենք ընդունում:
-Իսկ ի՞նչը չի համապատասխանում:
-Դժվարանում եմ ասել:
-Օրինակ՝ ձեր եթերում դասական երաժշտություն կհնչի՞, ասենք՝ Վիվալդիի «Աշուն»-ը:
-Մեզ մոտ միայն հայկական երաժշտություն է, կարող է «Սուսերով պար»-ը հնչի, բայց Վիվալդի` ոչ: Մեր ռադիոկայանով հեռարձակվում է բացառապես հայկական երաժշտություն:
-Երբ կատարողներն իրենց տեսահոլովակներով բախում են հեռուստաընկերությունների դռները, հեռարձակման համար նրանցից գումար են պահանջում: Ձեր ռադիոկայանում ինչպե՞ս է կարգը:
-Մենք գումար չենք պահանջում:
-Դեռ սկիզբն է, նոր եք, դրա՞ համար չեք պահանջում:
-Առհասարակ նման մոտեցում մեզ մոտ չկա:
-Այսինքն՝ նույնիսկ սկսնակ կատարողնե՞րը կարող են դիմել ձեզ:
-Այո՛, եւ դիմում են, ինչո՞ւ ոչ: «Ռադիոպրեմիերա» հաղորդման շրջանակում լինում են հետաքրքիր սկսնակ կատարողներ, ու մենք անում ենք նրանց երգի պրեմիերան` առանց որեւէ գումարի:
-Ռադիոկայանի մասին քննադատություն չե՞ք լսել:
-Ամեն հարցում էլ լինում են քննադատություններ, ու դա մենք նորմալ ենք ընդունում: Կա լավ ասացվածք` «Ճաշակին ընկեր չկա», ամեն մեկը մի տեսակի երաժշտություն է նախընտրում:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս