ՀՀ վարչական դատարանում այսօր կայացավ ՀՀ ոստիկանությունն ընդդեմ Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժող բրիգադի անդամ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Մանվել Սարգսյանի գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ:
Մանվել Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ դեռ մեկ ամիս առաջ անցել է Մաշտոցի պուրակում գոյություն ունեցող կրպակների շուրջը տեղադրված արգելապատնեշները՝ չենթարկվելով Ոստիկանության զգուշացումներին:
Հայցվոր կողմը պահանջում է, որպեսզի պատասխանող կողմը՝ Մանվել Սարգսյանը, ենթարկվի վարչական տուգանքի՝ ըստ “ՀՀ վարչական իրավախախտումների մասին” օրենսգրքի 182-րդ հոդվածի:
Դատական նիստի ընթացքում Մանվել Սարգսյանը դատարանին տեղեկացրեց, որ կրպակները ապամոնտաժող բրիգադը Ոստիկանությանը զգուշացրել է, որ եթե իրենք անեն ոչ օրինական քայլ, ապա իրենց անմիջապես ձերբակալեն, ինչը, սակայն, չի արվել:
Որպես գլխավոր հակափաստարկ նա հիշեցրեց հանրապետության նախագահի քայլը, նկատելով, թե իրենց նույն գործն արեց Սերժ Սարգսյանը, երբ առաջարկեց՝ ապամոնտաժել կրպակները:
Դատական նիստի ընթացքում դատավոր Աղասի Դարբինյանը թույլ չտվեց պատասխանողին 5 օրվա ընթացքում ներկայացնել համապատասխան փաստեր՝ նշելով, որ դրա համար պատասխանողն արդեն իսկ բավարար ժամանակ է ունեցել:
Դատավոր Մուրադյանը բոլոր փաստերն ուսումնասիրելուց հետո, հայտարարեց, որ վճիռը կհրապարակի հունիսի 8-ին: