Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում մասնակցել է ամեն տարի մայիսի 27–ին նշվող ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։ Յուրաքանչյուր տարի այս օրը Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ Աշնակ են այցելում ոչ միայն նշելու հայ ազգային ազատագրական շարժման հերոս, համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ներկայացուցիչ Գևորգ Չաուշի հիշատակի օրը, այլև մասնակցելու ազատագրական շարժման մասնակից բոլոր ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։
Մարտական մկրտություն ստանալով Արաբոյի խմբում՝ Չաուշը մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական մարտերին՝ աչքի ընկնելով հատկապես Տալվորիկի կռիվներում։ Կռել է Գուրգենի և Հրայրի խմբերում։ Աղբյուր Սերոբի սպանությունից հետո կազմակերպել է մատնիչ Ավեի, ապա, Անդրանիկի հետ, քուրդ Խալիլ բեյի սպանությունը։ Գլխավորել է Բերդակի, Նորաշենի կռիվները։ Մասնակցել է Առաքելոց վանքի ու էլի բազում կռիվների և, 1907թ. մայիսի 27–ին, նահատակվել Սուլուխի հայտնի կռվում։ Կենդանության օրոք ու նահատկվելուց հետո էլ Չաուշը հերոսության ու անձնազոհության իսկական օրինակ է եղել սերունդների համար և, ինչպես ոգեկոչման արարողության ժամանակ ելույթ ունեցողները նշեցին, այսօր էլ նրա օրինակն ուսանելի ուղեցույց է։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցել է Գևորգ Չավուշի թանգարան, ծաղիկներ դրել ֆիդայապետի զարմիկ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով է Աշնակում ստեղծվել Չաուշի թանգարանը։ Այնուհետև Տարոն Մարգարյանը շրջել է տոնական հանդերձանք հագած գյուղում, ուր ամեն փողոցում ու ամեն տան մեջ նշվում էր տոնը՝ հայրենասեր, հզոր ոգու անմահության տոնը։
Աշնակում, ինչպես վայել է իսկական ամեն մի տոնախմբության, նաև համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր։
Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ ունեցողները նաև հատկանշել են երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի մեծ ավանդը ոչ միայն մեր նորանկախ պետության կայացման, այլև ազգային ավանդույթների պահպանման, մեծ ֆիդայապետի թանգարանին նոր կյանք ու շունչ հաղորդելու գործում։ Այս համատեքստում առանձնացնելով նաև երջանկահիշատակ վարչապետի որդու՝ Տարոն Մարգարյանի ներդրումը, Աշնակ համայնքի ղեկավարը ներկայացրել է համայնքի ավագանու միաձայն որոշումը, համաձայն որի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին շնորհվել է Աշնակ համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։