ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՈՒ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ճամբարում դեռեւս անորոշ վիճակ է. վերջնականապես հայտնի չէ, թե առաջիկայում ինչպես են բաշխվելու կառավարական պորտֆելները: Հայտնի է, որ կառավարության կազմն առանձնապես մեծ փոփոխություններ չի կրելու: Հիմնական խնդիրը կապված է ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո թափուր մնացած պաշտոններին. խոսքը նախարարական չորս եւ մարզպետի երկու պորտֆելների մասին է: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սերժ Սարգսյանը չի ցանկանում նախագահական ընտրություններից առաջ գնալ արմատական քայլերի, եւ հավանական է, որ կառավարությունն իր ընդհանուր կազմով պահպանվի:
ՀՀԿ-ականները մասնավոր զրույցներում երեկ վստահեցնում էին, որ իրենք եւս չգիտեն՝ ով ինչ պաշտոնում է նշանակվելու, որ ամեն ինչ դեռ անորոշ է: Ինչպես պնդում էին ՀՀԿ-ականները, այդ հարցով քննարկումները դեռ չեն ավարտվել: Իսկ ընթացող քննարկումների բովանդակության մանրամասները գիտեն մի քանի հոգի՝ Ս.Սարգսյանն իր մերձավորագույն շրջապատով, որոնց էլ հրահանգված է «բերանից բառ չթռցնել»: Ի դեպ, այս համատեքստում պատահական չէ, որ ԿԸՀ-ն եւս մեկ օրով հետաձգել է պատգամավորական մանդատները տալու գործընթացը. եթե նախկինում հայտարարվել էր (թեկուզ ոչ պաշտոնապես), որ մանդատները մեծ շուքով հանձնելու են մայիսի 29-ին, ապա երեկ պարզ դարձավ, որ միջոցառումը տեղի կունենա ամսի 30-ին: Բանն այն է, որ ՀՀԿ-ում դեռ անորոշ վիճակ է. հնարավոր է՝ այս երկու օրը նոր ինքնաբացարկներ լինեն: Սա զարմանալի է այն առումով, որ ունենալով բացարձակ մեծամասնություն՝ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, չի կողմնորոշվում կադրային հարցում: Այլապես մեծամասնություն ունեցող ուժի համար  չպետք է առանձնապես դժվարություն ներկայացներ մի քանի նախարար նշանակելու հարցը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այս անորոշ իրավիճակում փորձում է հնարավորինս շահած դուրս գալ ՕԵԿ-ը. ըստ մեր աղբյուրների՝ նախկինում նրանց խոստացել էին 2 նախարարական պորտֆել՝ գումարած ԱԽՔ պաշտոնը (ըստ լուրերի՝ ՕԵԿ-ին էին մնալու գյուղատնտեսության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, որոնց ղեկավարներն ընդամենը փաստաթղթի համաձայն են ՕԵԿ անդամ): Եվ ահա, այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել կոալիցիա, ՕԵԿ-ը ցանկանում է ավելացնել իշխանության մեջ ներգրավվածությունը՝ ՀՀԿ-ից խնդրելով եւս մեկ նախարարական աթոռ՝ գումարած ԱԺ փոխնախագահի եւ մարզպետի պաշտոնները: ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս լուրերը, նա միայն ասաց, որ այս հարցում ընթանում են քննարկումներ, որոնց բովանդակությանն ինքը ծանոթ չէ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՕԵԿ-ի համար կարեւոր չէ՝ որ նախարարությունը կտան իրենց, կարեւորը՝ իրենք մեկ պորտֆել ստանան: Հավանական է, լինի քաղաքաշինության նախարարությունը, որտեղ ՀՀԿ-ն չունի համապատասխան թեկնածու: Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին, ապա հավանաբար նրանք առաջարկեն Մհեր Շահգելդյանին: Մանավանդ որ երեկ Հեղինե Բիշարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցությունը ղեկավարելու է ինքը, իսկ քարտուղարը լինելու է Խաչիկ  Հարությունյանը:
Խոսելով կառավարության ապագա կազմի մասին իշխանական մեր աղբյուրները երեկ վստահեցնում էին, որ այս կամ այն պաշտոնյայի նշանակման վերաբերյալ հնարավոր է ընդամենը աղոտ ենթադրություններ անել: Համաձայն շրջանառվող լուրերի՝ ԱԺ նախագահի պաշտոնին կվերադառնա Հովիկ Աբրահամյանը, իսկ վարչապետը կշարունակի մնալ Տիգրան Սարգսյանը: Չի բացառվում, որ փոխվի Ս.Սարգսյանի համար անցանկալի նախարար համարվող ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Ըստ որոշ լուրերի՝ առողջապահության նախարարի հարցում քննարկվել է երկու հիմնական թեկնածուի անուն՝ Արա Բաբլոյան եւ Դերենիկ Դումանյան: Մեր աղբյուրներն առավել հավանական են համարում Բաբլոյանի նշանակումը: Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարի պաշտոնում շրջանառվում է ներկայիս փոխնախարար ՀՀԿ-ական Արսեն Քարամյանի անունը: Սակայն այս բոլոր անունները դեռ վերջնական չեն: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ վստահեցրել է, որ ապագա կառավարության կազմը որոշվելու է մայիսի 30-ին կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում:
Հավելենք, որ նույնքան անորոշ վիճակ է նաեւ ԲՀԿ-ում: Շատ կուսակցականներ պարզապես չեն պատկերացնում, թե ինչ ասել է «կառուցողական դաշտ», եւ ինչպես պետք է իրենք դրսեւորվեն: Պաշտոնյաները չգիտեն՝ հավաքե՞ն անձնական իրերը աշխատասենյակներից, թե՞ դեռ սպասեն:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, ՀՀԿ-ն դեռ հույս ունի մտափոխել ԲՀԿ-ական նախարարներից մեկ-երկուսին, որպեսզի նրանք շարունակեն պաշտոնավարումը: Իսկ պաշտոնապես այդ քայլը կմեկնաբանեն, թե իրենք վեր են կուսակցական շրջանակներից ու գնահատում են այդ նախարարների մասնագիտական ունակությունները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս